Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է սկսվում մեր հայրենիքը

Ապրիլ 03,2003 00:00

Որտեղի՞ց է սկսվում մեր հայրենիքը Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Դեռեւս 13 տարի առաջ Երքաղգործկոմի որոշմամբ, առանց հատուցման քանդեցին Արշակունյաց փող. թիվ 13 բակի սեփական տները եւ կնքեցին պայմանագրեր՝ բնակիչներին տեղում կառուցվող շենքից բնակարաններ տալու համար։ Անցյալ տարի, մայիսի 17-ին Հանրապետական մարզադաշտի Սպորտինտերնի փողոցում շենքերի շահագործման հանձնման արարողության ժամանակ Դուք մոտեցաք արտասվող մի կնոջ, բռնեցիք նրա ձեռքը եւ խոսք գնաց Արշակունյաց 13 կիսակառույց շենքի մասին։ Դուք բոլորի ներկայությամբ խոստացաք, որ կիսակառույցը ավարտի կհասցվի 2003 թվականին, ինչը ցուցադրվեց նաեւ արտասահմանում եւ մեզ մեծ հույսեր ներշնչեց։ Մենք համարյա համոզվել էինք, որ դուք կատարել եք ձեր խոստումը։ Քանի որ, ինչպես տեղեկացանք, տարեսկզբին շինարարության համար նախատեսվել է 250 միլիոն դրամ։ Սակայն Երեւանի քաղաքապետարանը, մոռանալով ձեր հեղինակավոր խոսքը եւ վկայակոչելով ՀՀ կառավարության թիվ 683 որոշումը, այն է՝ բնակարանի փոխարեն դրամական հատուցում տալ բնակիչների համաձայնությամբ, իր աշխատակիցների միջոցով հայտարարել է, որ սա ձեր վերջին շանսն է։ Հոգեբանական ճնշում գործադրելով հավաքել է մի քանի դիմումներ՝ դրամական հատուցում ստանալու համար։ Սակայն պետք է ասել նաեւ, որ առաջարկվող գումարները համարժեք չեն ոչ միայն մինչ օրս մեր ծախսած գումարներին, այլեւ բնակարանների այսօրվա շուկայական արժեքին։ Չլինելով քաղաքական գործիչ եւ ոչ էլ տնտեսագետ, մենք տեսնում ենք կառուցելու առավելությունը հատուցման նկատմամբ։ Նախ ավելանում է մայրաքաղաքի սեյսմակայուն բնակֆոնդը, ավարտվում է եւս մեկ կիսակառույց ու տեսքի է բերվում Արշակունյաց պողոտան, ստեղծվում է մի քանի հարյուր աշխատատեղ, մարդիկ կապվում են հայրենիքի հետ եւ ստիպված չեն լինում մի կտոր հաց վաստակելու համար թափառել այլ երկրներում։ Վերջիվերջո, այդ զգալի գումարները մնում եւ շրջանառության մեջ են մտնում հանրապետությունում, ինչը պակաս կարեւոր չէ ժողովրդի բարեկեցությունը եւ վստահությունը բարձրացնելու համար։ Կա հարցի մեկ ցավոտ կողմ եւս։ Եվ եթե պարզվի, որ քաղաքապետարանը, անտեսելով ձեր խոսքը, այդ ամենը անում է, որպեսզի նշված կիսակառույցը սեփականաշնորհվի, ինչպես չար լեզուներն են ասում՝ հերթական «լավ տղու անունով», ապա խոսքերով հնարավոր չէ ասել, թե ինչ հիասթափություն կապրի ժողովուրդը ձեր եւ ձեր կառավարության նկատմամբ։ Ստանալով այդ պարտադրված գումարները, նրանք ստիպված կբռնեն այլ երկրների ճամփաներ։ Ավարտելով մեր այս նամակը, հույս ենք փայփայում լսելու Ձեր հեղինակավոր խոսքը։ Արշակունյաց 13 «իրացված» տների բնակիչների անունից՝ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ Արշակունյաց փողոցի թիվ 13 բակի բնակիչների առաջ քաշած հարցերին կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել