Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ Է

Ապրիլ 03,2003 00:00

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ Է Իսկ վերադարձի երկիրը՝ ոչ Մինչեւ 2000թ. մեր հայրենակիցները նախընտրում էին ապաստանի հայցերով դիմել Արեւմտյան Եվրոպայի երկրներ եւ ԱՄՆ։ Վերջերս նրանց հետաքրքրության նշանակետը փոխվել է։ Ինչպես տեղեկացանք ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչությունում, ընդունող երկրներից «ամենաժողովրդականն» այսօր Ավստրիան է, այնուհետեւ՝ Չեխիան եւ Բուլղարիան։ Պատճառներից նշվում է ոչ միայն տրադիցիոն ընդունող երկրներ համարվող Գերմանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում եւ այլուր հայտերի ընդունման եւ քննարկման կարգի խստացումը (ԱՄՆ-ի դեպքում դա պայքարն է տեռորիզմի դեմ)։ Պարզվում է, որ Հայաստանում գործել են մարդկանց հավաքագրման հանցավոր խմբեր, որոնց նշանակետը եղել են հենց Արեւելյան Եվրոպայի վերը նշված երկրները։ Մարդկանց հավաքագրումը, ինչպես գրեթե միշտ է լինում, արվել է խաբեությամբ՝ ընդունող երկրներում ապաստանի հայցերի հեշտ ու մասսայական ընդունումը վկայակոչելով։ Այն, որ դիմումներն ընդունվում են, այնքան էլ խաբեություն չէ, բայց լրիվ ճշմարտությունն այն է, որ դրանք քննարկումներից հետո մասսայաբար մերժվում են։ Նման դեպքերում մեր հայրենակիցները չեն խորշում ներկայանալ իբրեւ ոչ մեր երկրի քաղաքացիներ, կամ ավելին՝ ուրանում են ազգությունը։ Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը Դանիայում հանդիպել է նման ՀՀ, պայմանականորեն ասված՝ քաղաքացիների, որոնք ներկայացել են իբրեւ խառնամուսնությամբ կազմված ընտանիքներ (հասկանալի է՝ հայ-ադրբեջանցի)։ Որպես կանոն, արտաքսման նպատակով նրանց օդանավակայան բերելիս նոր «բացվում է» վերջիններիս «լեզուն». մտաբերում են իրենց ազգությունը։ Վարչության միգրանտների սպասարկման կենտրոնի (MSP) գործունեության ընթացքում արձանագրվել է ապաստանի հայցադիմումների հետեւյալ քանակը. 2000թ.՝ 8587, 2001՝ 8610, 2002թ.՝ 8144։ Աշխարհի 28 երկրներին ՀՀ քաղաքացիների դիմումների նվազման դինամիկան MSP-ի գործունեության եռամսյակային կտրվածքով այս տեսքն ունի. 1-ին եռամսյակ՝ 2482, 2-րդ՝ 2217 (1-ից ցածր է 11%-ով), 3-րդ՝ 1885 (1-ից ցածր է 24%-ով), 4-րդ՝ 1546 (38%)։ Մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում այս թվերը կամ աննշան նվազել են, կամ աճել են։ Ի դեպ, այս երկու երկրներից ոչ մեկում MSP ծրագիր չի գործում։ Այս թվերի նվազումը ցույց է տալիս, որ հաջողվում է մեր հայրենակիցներին համոզել, որ երկրից անօրինական մեկնելու դեպքում ի վերջո արտաքսվելու են ընդունող երկրից։ Եվ նրանք հաճախ հրաժարվում են իրենց այդ մտադրությունից։ Սակայն, արդեն իսկ մեկնած ու արտաքսման ենթակա ՀՀ քաղաքացիների համար էլ քայլեր արվում են։ «Առավոտը» գրել է «Վերադարձի համաձայնագիր» փաստաթղթի մասին, որը նախաստորագրվել է երկու երկրի հետ։ Պրն Եգանյանից տեղեկացանք, որ հունվարին նման համաձայնագիր նախաստորագրվել է նաեւ Դանիայի հետ։ Ապրիլին նախատեսված է այն ստորագրել վերջնականապես։ Հետաքրքիր է, որ մեր հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում խուսափում են այդ համաձայնագրերից։ «Երեւի անունն է վախեցնում»,- կարծում է Գ. Եգանյանը։ Նման մոտեցում մեզ մոտ էլ է եղել։ Սակայն, այսպես թե այնպես, անլեգալ միգրանտներին, միեւնույն է, վերադարձնում են։ Իսկ այդ համաձայնագրերը հնարավորություն են տալիս նույնն անել իրավական դաշտում։ Որովհետեւ անգամ անլեգալ, բայց միգրանտն ունի իրավունքներ, հաճախ սեփականություն, որոնք պաշտպանվում են այդ համաձայնագրով։ Բացի այդ, վերջինը մասսայական արտաքսումների չի հանգեցնում, յուրաքանչյուր միգրանտի արտաքսում դիտարկվում է առանձին (նույնիսկ ընտանիքի անդամներինը), միգրանտը կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանում։ Ու նաեւ Հայաստանը դրանով հանդես է գալիս իբրեւ կողմ հետագայում միգրանտների համար ռեինտեգրացիոն ծրագրեր իրականացնելիս։ Իսկ առանց առաջինի՝ երկրորդն անհնար է։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել