«ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ» «Ներքին քաղաքականության մեջ սխալները կարող են բերել պարտության, արտաքին քաղաքականության մեջ սխալները կարող են բերել կործանման» ՋՈՆ ՔԵՆԵԴԻ Արդեն երկու տարի է, մենք բոլորս ականատես ենք համաշխարհային պատերազմի, որն ընթանում է on-line (ուղիղ եթերի) ռեժիմով։ Պատերազմ, որն արարում է նոր աշխարհակարգը, որի գագաթին միայնակ կանգնած է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նա իրոք դարձել է անհաղթելի գերտերություն, որին հնարավոր չէ հաղթել ավանդական միջոցներով, եւ որը որոշել է լրջորեն եւ երկար ժամանակով հաստատել իր համաշխարհային տիրապետությունը՝ շնորհիվ նրա, որ ԱՄՆ-ը հանդիսանում է աշխարհում միակ երկիրը, որն ունակ է վարել ռազմական գործողություններ մոլորակի ցանկացած կետում եւ օգտագործում է իր տնտեսական, քաղաքական ու ռազմական հզորությունը, ինչպես ինքը կկամենա։ Մի կողմից, դա չի կարող չանհանգստացնել։ Միացյալ Նահանգները հզոր է, ինչպես համաշխարհային պատմության մեջ հզոր չի եղել որեւէ տերություն։ Այդ հզորության հետեւանքն է ամերիկյան եւ միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում շրջանառվող վերջին համաշխարհային կայսրության կամ «Չորրորդ Հռոմի» գաղափարը։ Ամերիկան արբեցած է իր ուժով եւ այլեւս որեւէ մեկի կարծիքի հետ հաշվի չի նստում։ Մյուս կողմից, Ամերիկային չսիրողներ մեզանում եւ աշխարհում շատ կան։ Բայց պետք է հասկանալ, որ եթե «Չորրորդ Հռոմն» էլ տապալվեց, ապա հինգերորդը չի լինելու, եւ աշխարհում հնարավոր է այնպիսի անկայունություն, որի համեմատ այսօրվա իրադրությունը կթվա երանելի խաղաղություն։ Իսկ քաոսի մեջ սեփական գոյությունը եւ սեփական շահերը պաշտպանելը շատ ավելի դժվար է։ Հայերն առավել եւս պետք է հիշեն դրա մասին. 1915֊ին, երբ աշխարհում տիրում էր լիակատար քաոս, ոչ ոք առանձնապես ուշադրություն չդարձրեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման վրա։ Մտահոգիչ է նաեւ մեր քաղաքական ընտրանու մի մասի եւ լրատվական միջոցների արձագանքը վերջին իրադարձությունների նկատմամբ։ Արվող մեկնաբանությունները հաճախ տարօրինակ են, ոնց որ վերցվել են խոնավացած, երեկչէմյուսօրվա ուղեղային պահեստներից։ Իրատեսական վերլուծությունը գրեթե բացակայում է։ Իսկ արտաքին քաղաքականությունն իրոք բարդ, անկանոն մի երեւույթ է, որտեղ հնարավոր է հեռանկարի աղավաղում, երբ առկա է միտում ընդունել ցանկալին իրականի փոխարեն, երբ իրականությունը, որը օտար է մեր դաստիարակությանը եւ մեր քաղաքական մշակույթին, դժվար է ընկալվում, այստեղից էլ հակումը օգտվելու արտաքին աշխարհի մասին պատկերացումների այնպիսի համակարգից, որն առանձնանում է մտապատճեններով, իրատեսության հաճախակի բացակայությամբ։ Օրինակ, որեւէ մեկն այդպես էլ լուրջ չվերլուծեց վերջերս հրապարակած այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգները պլանավորում են իրենց ռազմաօդային բազաները տեղադրել Հայաստանում։ Անգամ եթե նման առաջարկ չի արվել, աշխարհում եւ երկրում ընթացող ցնցումային պրոցեսների ֆոնին հնչած տեղեկությունը պատահական համարելն էլ ճիշտ չի լինի։ Ասենք թե, դա «փորձնական գնդակ է»։ Եվ նման դեպքում շատ դժվար է ճիշտ կողմնորոշվել։ Ամերիկացիների համար Հարավային Կովկասում իրենց ռազմական ներկայության հաստատումը արդեն զուտ տեխնիկական խնդիր է։ Պետք է ենթադրել, որ այդ ներկայությունը թույլ կտար Վաշինգթոնին աքցանի մեջ «միջազգային ահաբեկչության օջախ» հայտարարված Իրանին այն բանից հետո, երբ Թուրքիայում, Աֆղանստանում (հենց աֆղանա-իրանական սահմանից ոչ հեռու՝ Կանդահարում) արդեն գոյություն ունեն, իսկ Սադամ Հուսեյնին տապալելուց հետո Իրաքում կհաստատվեն ամերիկյան զորքեր։ Մինչդեռ մեզ համար այդ ներկայությունը ո՛չ բացարձակապես ընդունելի է, ո՛չ էլ ժխտելի: Առաջարկը ունի երկու կողմ. մի կողմից, դա կարող է առաջացնել ավելորդ հակասություններ եւ անգամ սադրանքներ Ռուսաստանի կամ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում, մյուս կողմից, ամերիկյան բազաների տեղադրումը տալիս է Հայաստանին լրացուցիչ անվտանգության երաշխիքներ, եւ դա Հայաստանի համար ստեղծում է լիովին նոր աշխարհաքաղաքական ու ներքաղաքական իրավիճակ՝ կտրուկ փոխելով մեր դերակատարումը տարածաշրջանում եւ միջազգային հարաբերությունների համակարգում։ Ներկայիս իշխող վերնախավը դժվար թե ունակ է վերլուծել եւ համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ին այս խնդրում։ Մինչդեռ համարժեք պատասխանը պահանջում է, որ որպես ամերիկյան ռազմական ներկայության ընդունման նախապայման ապահովվի նաեւ ամերիկյան տնտեսական «ինտերվենցիան»։ Ամեն դեպքում, Հայաստանը շնորհիվ իր նոր աշխարհաքաղաքական դերակատարման եւ ներքին ժողովրդավարացման գործոնների ունի այսօր բացառիկ շանս վերածվելու «անկումային» պետությունից «վերելք ապրող» պետության, ինչպես վերելք են ապրում Լեհաստանը, Չեխիան, Լիտվան։ Խոսել «մենթալիտետների» տարբերության մասին ազնիվ չէ։ Նրանք ուրիշ չեն։ Պարզապես նրանք ուզեցան դառնալ ժողովրդավարական եւ քիչ թե շատ աշխարհաքաղաքական դերակատարում ունեցող երկրներ, եւ դա նրանց հաջողվեց։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք, որպիսի օգտվենք այս բացառիկ շանսից, որպեսզի ե՛ւ մենք, ե՛ւ մեր երեխաներն ապրենք ոչ թե «կազմակերպված», իսկ իրականում «անկում ապրող», այլ ժողովրդավարական, եվրոպական տիպի մի երկրում։ Հակառակ դեպքում: Հակառակ դեպքում հետեւանքները պարզ են։ Ահա ինչու նոր աշխարհակարգում կողմնորոշվելու եւ ադեկվատ կերպով գործելու համար Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղ եւ կոմպետենտ ղեկավարություն։ Վերեւում բերված նախագահ Քենեդիի խոսքերը ճիշտ են մեծ տերության համար, բայց Հայաստանի նման փոքր պետությունների պարագայում նրանք կարող են հնչել այլ կերպ. «Փոքր պետություններում ներքին քաղաքականության մեջ սխալները եւս կարող են բերել կործանման»։ Այստեղ է, որ պետք է մտածել եւ խոսել ադեկվատ եւ արժանի ղեկավարություն գտնելու մասին։ Մեզ պետք են լիդերներ, որոնք ընդունակ կլինեն դիմագրավել XXI դարի մարտահրավերներին, այլ ոչ թե շարժվել անցյալ դարերի գավառական մտածելակերպով, որոնք լավ գիտեն ժամանակակից աշխարհի լեզուն եւ խաղում են միջազգային ընկերակցության կողմից ընդունված խիստ կանոններով, քանզի այդ կանոններին հետեւելն է արտահայտում Հայաստանի իրական պետական շահերը եւ դրանով կստիպեն աշխարհի հզորներին հաշվի առնել նաեւ երկրի շահերը։ ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ պ.գ.թ., ՀՔԴՄ Քաղաքական խորհրդի անդամ