Լրահոս
Օրվա լրահոսը

88-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ

Ապրիլ 03,2003 00:00

88-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ «Այս մասշտաբի հանդիպում 1986 թվականից հետո առաջին անգամ է կայանում: Ինչպես 88 թվականին, այսօր էլ փորձում ենք նույն միասնականությունը պահել»: Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նկատեց ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարար Արմեն Սարգսյանը: Կազմակերպված սեմինար-հանդիպումը նպատակ ուներ վերականգնել փորձի փոխանակման ավանդույթը, որ ուղղված էր մեկ միասնական քաղաքականության եւ մեկ միասնական կրթական դաշտում աշխատելու գաղափարին: «Թեպետ ԼՂՀ-ն ինքնուրույն կառուցում է իր պետականությունը, սակայն կրթական համակարգում մենք սա չենք ընդունում, մենք ընդհանուր դաշտում ենք աշխատում, մեկ համակարգի մեջ, եւ այն փոփոխությունները, այն տրամաբանությունը, որով պատկերացնում ենք մեր կրթական համակարգի զարգացումը, պետք է լինի նաեւ ԼՂՀ-ում»,- նշեց Լեւոն Մկրտչյանը՝ խոստովանելով, որ մենք ինքներս իրենցից սովորելու շատ բան ունենք՝ հատկապես հանրակրթության մեջ, որտեղ դաստիարակության բլոկը շատ ավելի ճիշտ է դրված, եւ ուսուցիչների շրջանում անցումը ստատիկ է եղել՝ որոշակիորեն պահպանվելով սերնդափոխությունը: Սրա արդյունքում էլ հանրակրթությունն առանձնապես ցնցումների չի ենթարկվել, իսկ պահպանված համակարգի իմաստով շատ բան ունենք ԼՂՀ այս ոլորտից ստանալու: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրեց կրթական համակարգի ընդհանուր ուղղությունները, ծրագրերը, որոնցում եւ՝ ԼՂՀ-ի հետ աշխատելու խնդիրները: «ՀՀ-ում վերջապես պետք է ձեւավորվի մեկ միասնական կրթական ծրագիր, որը հաշվարկված է առաջիկա 7-8 տարիների համար: Պետք է ընդունենք աշխարհի զարգացման ընդհանուր օրինաչափությունները, կարողանանք համոզել, որ մեր ազգային յուրահատկությունները համահունչ են աշխարհում տեղի ունեցող ընդհանուր գործընթացներին եւ ճանաչել տանք, շարունակենք անցումը հաջորդական կրթության բոլոր աստիճաններում: Հայաստանում կա մեծ պոտենցիալ՝ ունենալու կրթության բոլոր աստիճանները՝ հանրակրթություն, մասնագիտական կրթություն եւ հետբուհական կրթություն: Մեզ սպասվում է նախադեպը չունեցող աշխատանքի ծավալ՝ 57-58 հազար ուսուցչության վերապատրաստում մի քանի փուլով, վերապատրաստում՝ մասնագիտական, մեթոդիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասով, առարկայական ծրագրերի, չափորոշիչների արմատական վերափոխում, որ ենթադրում է ազգային պետական չափորոշիչի ձեւավորում»: 15-20 օր համատեղ աշխատանքից հետո երկու նախարարների միջեւ պետք է ստորագրվի 1 տարվա համագործակցության, գործնական աշխատանքների ծրագիր: «Ես դեմ եմ, որ որեւէ մեկն Արցախում օգտագործի այն նախադասությունը, թե պետք է սերտ կապեր լինեն ՀՀ եւ ԼՂՀ այս նախարարությունների միջեւ, մենք պետք է սա դիտենք որպես միաձույլ համակարգ»,- իր ասածի հիմքում այս միտքն ամրագրեց Արմեն Սարգսյանը: «Այսօր Արցախի համար կրթական եւ մշակութային ոլորտները ազգային անվտանգության խնդիր են: Եթե այս բարձրությունից ենք նայում խնդիրների լուծմանը, ինքնըստինքյան արդեն հարաբերությունները վերածվում են նոր ձեւի եւ աստիճանի»: Պրն Սարգսյանը ԼՂՀ այս ոլորտի ամենալուրջ բացը համարեց կադրերի վերապատրաստման խնդիրը, որտեղ խորհրդային պետության փլուզումից հետո համեմատական առումով շատ ավելի քիչ աշխատանք է կատարվել: «Մեր միասնական ծրագրերը նախ կուղղվեն կադրերի վերապատրաստմանը: Այսօր Արցախի լավագույն տնօրենը պետք է իմանա, որ ինքը մրցում է Հայաստանի լավագույն տնօրենի հետ»: Արցախում խիստ ուշադրության կենտրոնում է դպրոցաշինության հիմնախնդիրը՝ հատկապես ազատագրված տարածքներում: Այս իմաստով արմատական քայլ է կատարվել, եւ ՀՕՖ-ի միջոցով առաջիկա 5 տարիների ընթացքում կլուծվեն Արցախի 200 դպրոցների վերանորոգման եւ գույքի ապահովման հետ կապված խնդիրները: «Պետք է փորձենք անցնել դպրոցների միջեւ բնական կապին: Ապագայում պետք է կենտրոնացված ղեկավարությունից անցնենք հորիզոնական կապերի: Ղարաբաղը չի կարող վարել կրթական քաղաքականություն, որը տարբերվի Հայաստանի կրթական քաղաքականությունից, հակառակ դեպքում կառաջանա անջրպետ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել