ԱՆՑԱԾ ՓՈ՞ՒԼ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: «Ազատություն» ռ/կ տարածած տեղեկատվության համաձայն, այդ մասին երեկ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽ ղեկավարը: Վ.Շվիմերը, ըստ ռադիոկայանի, թեեւ ափսոսանք է հայտնել, որ ժամանակին իր կոչն անուշադրության մատնվեց, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը խորհրդարանական ընտրություններում չի կրկնվի: ԵԽ գլխավոր քարտուղարը կարեւորեց խորհրդարանական ընտրությունների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, նաեւ այդ ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ լինելու հանգամանքը: Հակառակ դեպքում, նրա ասելով, քաղաքական պայքարը կրկին կտեղափոխվի փողոց: Դատելով ԵԽ գլխավոր քարտուղարի մասնավորապես այս վերջին դիտարկումից, պետք է ենթադրել, որ միջազգային հանրությունը ՀՀ նախագահի 2003թ. ընտրությունների շուրջ եղած զարգացումներն անցած փուլ է համարում եւ այլեւս ԵԽ պահանջների հիմնական շեշտադրումն ուղղում է ԱԺ ընտրություններին: Հայրենի ընդդիմությունն, ըստ էության, ի վիճակի չեղավ արդյունավետորեն օգտագործել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչելուն միտված միջազգային հանրության ընձեռած այն բացառիկ ու աննախադեպ շանսը, որը նյութականացվեց վերջինիս կողմից ընդդիմությանն ու հասարակությանն ուղղված բարոյական աջակցության ու այդ ընտրությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի տեսքով: Ընդդիմության մեղքն այս համատեքստում, դիտորդների գնահատմամբ, այն էր, որ վերջինս ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով նախապես հայտարարած պերմանենտ հանրահավաքները փոխարինեց ԱԺ ընտրություններին ակտիվ նախապատրաստվելու փուլով: Սեփ. լր.