Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունները չազդեցին, Իրաքը՝ ազդեց»

Ապրիլ 03,2003 00:00

«Ընտրությունները չազդեցին, Իրաքը՝ ազդեց» Հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը Նախագահական ընտրությունները երկրի տնտեսության, հարկային եւ մաքսային վճարումների վրա ազդեցություն չեն ունեցել։ Երեկ այս մասին հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Իսկ Իրաքյան պատերազմը մեզ վրա ազդել է. «Առաջին եռամսյակի հարկային եկամուտների պլանը մենք կատարեցինք։ Ընտրություններն այս երեք ամսվա ընթացքում մեր տնտեսության վրա չազդեցին, էական ազդեցություն չունեցան, ավելի շատ էական ազդեցություն ունեցավ Իրաքյան պատերազմը։ Շատ մեծ դժվարությամբ մենք կարողացանք մաքսային մուտքերն ապահովել, բայց ապրիլին-մայիսին հնարավոր է որոշակի դժվարությունների առջեւ կանգնենք պատերազմի հետեւանքով։ Այժմ այդ հարցը մենք քննարկում ենք Համաշխարհային բանկի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, դոնոր կազմակերպությունների հետ։ Եթե ամբողջ միջազգային տնտեսության վրա այդ պատերազմն ազդեցություն է թողնում, բնականաբար, Հայաստանի վրա էլ է ազդեցություն թողնելու՝ եթե ոչ այսօր, ապա հաստատ համոզված եմ՝ մեկ-երկու ամսից։ Կփորձենք, բանակցությունների հետեւանքով կոմպենսացիա կտանք»։ Հարցերից այս մեկը պարզապես հումորով մեջբերենք. «Քննարկվո՞ւմ են, արդյոք, հավանական երկրաշարժերը…»։ «Բայց ի՞նչ քննարկենք»։ «Չէ, էդ հարցը արդյո՞ք կառավարության ուշադրության կենտրոնում է»։ «Ընթացքը ո՞նց քննարկենք, այսինքն ասենք քի՞չ ռումբ գցեք, կամ որտե՞ղ գցեք»։ «Օրրան»-ի հարցը վերաբերում էր «Ա1+»-ի փակման մեկ տարվան, զգացե՞լ է, արդյոք, վարչապետը «Ա1+»-ի պահանջը, ու բավակա՞ն չէ, ե՞րբ պետք է բացվի. «Ցանկացած հեռուստաընկերության կամ ԶԼՄ-ի չաշխատելը բոլորն էլ զգում են, ուրիշ հարց է՝ դրակա՞ն, թե՞ բացասական։ Բավական է, այդ հարցը կառավարությանը չպետք է տրվի, ոչ թե ես պետք է որոշեմ, հանձնաժողով գոյություն ունի, դատարան գոյություն ունի, ընթացակարգ գոյություն ունի եւ, եթե այդ բոլոր հարցերն այդ դաշտում որոշվեն, ես ուղղակի կողջունեմ «Ա1+»-ի եթեր դուրս գալու հանգամանքը»։ Մոտ երկու շաբաթ է, հանրապետությունից բացակայում են Անդրանիկ Մարգարյանի կաբինետի մի շարք առանցքային նախարարներ։ Մամուլում հրապարակումներ եղան, որ նրանք գտնվում են Մոսկվայում եւ փորձում են ինչ-ինչ «դաբրոներ» ստանալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի մեծամասնությունն ապահովելու համար։ Լրագրողներից մեկի այս հարցին պատասխանելով, Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Առաջին անգամ եմ, իհարկե, այդպիսի բան լսում, բայց հաստատ իմացեք, որ Հանրապետական կուսակցությունը, նամանավանդ դրսից, էլ չեմ ասում՝ ներսից, «դաբրոների» կարիք չունի»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել