«Հզոր Հայրենիքը»՝ դպրոցում Այն, որ Հայաստանում նախընտրական շրջանում իշխանություններն իրենց քաղաքական խաղերի մեջ են ընդգրկում նաեւ դպրոցներին, կարծում ենք՝ այլեւս գաղտնիք չէ: Եթե նախագահական ընտրությունների ժամանակ աշակերտներին դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները սպառնում էին՝ ծնողներին կոչ անել քվեարկել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ապա խորհրդարանական ընտրությունների դեպքում դա ավելի գույնզգույն «աշխատանք» է պահանջում: Պատճառն այն է, որ եթե նախագահական ընտրություններում միմյանց դեմ պայքարող թեկնածուները երկուսն էին, ապա այս դեպքում մասնակից քաղաքական ուժերն իրենց հարյուրավոր անդամներով ավելի են ծանրաբեռնում դպրոցի տնօրենների ու ուսուցիչների «ուսուցողական» ծրագրերը: Այսպիսով, Երեւանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում արդեն իսկ սկսվել է քարոզչությունը հօգուտ մեկ կուսակցության՝ «Հզոր Հայրենիքի»: Եվ դա կատարվում է դպրոցի տնօրեն Լեւոն Հարությունյանի հրամանով, որն անձամբ «Հզոր Հայրենիքի» անդամ է ու զբաղեցնում է այդ կուսակցության համամասնական ընտրացուցակի 20-րդ հորիզոնականը: Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի ծնողը մեզ հետ զրույցում հավաստեց, որ դպրոցի տնօրենի հանձնարարությամբ դպրոցի բոլոր ուսուցիչներն ընդգրկվել են «Հզոր Հայրենիք» կուսակցության շարքերում, որից հետո տնօրենը պահանջել է աշակերտների ծնողներին կանչել ծնողական ժողովի ու համոզել դառնալ իր կուսակցության անդամներ: Իսկ ծնողական ժողովի չգնացողների անձնագրերի տվյալները ուսուցիչները հանձնարարում են դպրոց տանել, որպեսզի նրանց «հեռակա» ընդգրկեն իրենց շարքերը: Հակառակ դեպքում՝ ուսուցիչները բազմահատորանոց սպառնալիքների ցանկ են ներկայացնում աշակերտներին: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել դպրոցի տնօրենի հետ: Փոխարենը մեր հարցերին պատասխանեց ուսուցիչներից մեկը, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ: Նա փորձում էր համոզել, որ իրենք աշակերտներին չեն սպառնում: «Պարզապես ասում ենք՝ հարցրեք ձեր ծնողներին, կարող է դեմ չլինեն»,- մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց ուսուցչուհիներից մեկը: «Այնպիսի բաներ են մեկ-մեկ մեր ծնողները պատմում, որ մենք էլ ենք զարմանում: Դե, գիտեք, ծնողները տարբեր առիթներով զայրանում են ու մեղքը մեր վրա են բարդում»,- շարունակեց նա: Հետաքրքրվեցինք, թե ինչ տարբեր «բաներից» են հատկապես զայրանում ծնողները, որի պատճառով սկսում են հենց իրենց մասին վատ-վատ բաներ պատմել: Մեր այս հարցին ի պատասխան՝ Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցի ուսուցչուհին ասաց. «Տարբեր: Պատահում է տանն են նեղված լինում ինչ-որ կենցաղային պրոբլեմներից: Գիտեք, թե հիմա մարդիկ ինչքան նյարդային են: Չգիտեմ, ո՞նց ասեմ»: Մեր հաջորդող՝ իսկ ի՞նչ կապ ունեն կենցաղային պրոբլեմները «Հզոր Հայրենիքի» հետ, հարցին ուսուցչուհին պատասխանեց. «Դե, դա մեկի վրայից պետք է հանե՞ն, թե՞ չէ: Բայց մեզ հետաքրքիր է, թե ո՞վ է նման բան Ձեզ ասել: Չեն ամաչում, թող գան մեզ ասեն, մենք իրենց չենք ստիպում դառնալ այդ կուսակցության անդամ: Ի՞նչ գործ ունենք: Հետո, այդ կուսակցությունն ինչի այդքան կորա՞ծ կուսակցություն է, որ մենք զբաղվենք այդ հարցերով: Այնտեղ քաղաքապետն է, նրա տեղակալը… Ինչո՞ւ պետք է դա նրանք մեր միջոցով անեն: Բանի տեղ մի դրեք, ծնողներ են, որը՝ հուսահատված, որը՝ լիքը խնդիրներով ծանրաբեռնված: Լսեք իմ խորհուրդն ու դա մի տպագրեք, ի վերջո, այստեղ՝ դպրոցներում, նաեւ Ձեր երեխաներն են կրթություն ստանում: Նման բաներով պղծվում են ոչ միայն մեր, այլեւ բոլոր դպրոցների անունները: Էս ընտրություններն էլ կանցնեն, բայց դպրոցը կմնա, ու այդ ամենը կանցնի»,- համոզում էր ուսուցչուհին: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ