ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԷԻՆ ԵԿԵԼ «ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԸ» Օրենսդիրը եւ գործադիրը՝ նույն կաթսայում Խորհրդարանը 77 «կողմ», 13 «դեմ» եւ զրո «ձեռնպահով» հանձնարարություն տվեց հանրաքվեի դնել երկրի Գլխավոր օրենքի փոփոխված տարբերակը։ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությունը կատարված է եւ, ըստ ամենայնի, մայիսի 25-ին խորհրդարանական ընտրությունների հետ հայ ժողովուրդն առիթ կունենա մեկ անգամ եւս «այո» ասել Սահմանադրությանը։ Ամբողջ հայ ժողովուրդն, իհարկե, իրավաբանական կրթություն չունի եւ չի կարող կողմնորոշվել սահմանադրական խութերում, սակայն փոխարենը գործող նախագահն առիթ կունենա նախորդ՝ 98 թ. ընտրություններից ի վեր խոստումներից մեկի դիմաց «պտիչկա» նշանակել։ Երեկ 76 «կողմով» ընդունվեց նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը (1-ին ընթերցմամբ), եւ Պ. Հայրիկյանի մանկության կապույտ երազանքն իրականություն է դառնում առանց Հայրիկյանի՝ մարդու իրավունքի պաշտպանը հաստատ նա չի լինելու։ Ընդհանրապես խորհրդարանի վերջին եռօրյաներից նախընտրական գաղջ հոտ է փչում։ Քվեարկության նպատակով դահլիճում հայտնվում են պատգամավորներ, ովքեր մեկ-երկու անգամ են եղել «գործի տեղում»։ Հետաքրքիր է, այդ պատգամավորների ինքնասիրությունը չի՞ վիրավորվում այն պարզ պատճառով, որ, ըստ էության, իրենց օրենսդիր աշխատանքը միայն «կոճակ սեղմելն» է։ Մի խոսքով՝ երեկ խորհրդարանը պայթում էր «կոճակ սեղմողներից», նաեւ՝ պոպուլիզմից։ Նույնիսկ այն պատգամավորները, ովքեր այլ պայմաններում նորմալ աշխատանքով են զբաղված լինում, այս եռօրյայի ընթացքում պարզապես իրենց կոտորում էին ընտրազանգվածի աչքին տեսանելի եւ ականջին լսելի լինելու համար ու այդ տրամադրությունն էլ նրանցից շատերին խանգարում էր օբյեկտիվ լինել։ Սահմանադրական փաթեթի մասին Խորեն Սարգսյանի կարծիքը մեջբերելով, փաստենք, որ 13 «դեմ»172ից մեկն էլ նա էր. «Գիտես, չէ՞, ինչ է նշանակում՝ բարեփոխում։ Հայաստանում ինչ բանի վրա դա դրեցին՝ քանդվեց։ Հիմա Սահմանադրության վրա են դրել։ Անկեղծ ասած, էսքան որ կետերին ուշադրություն են դարձնում եւ չեն ուզում հավանություն տալ, ինձ համար բացարձակապես կարեւոր չէ։ Եթե «Աստվածաշունչը», որը երկու հազար տարի գրված է, վրան ձեռքը դնում-երդումն ուտում է ու չի կատարում, ու չի պատժվում, նոր սրա՞ վրա պետք է մտածես։ Սահմանադրությունը պետք է իր մեջ լինի, սեր լինի հայրենիքի, ժողովրդի նկատմամբ։ Է՜հ գրի, դու գրի, նա էլ չկատարի։ Հետո՞»։ Սահմանադրության փոփոխությունները դիտվում են երկու տեսանկյունից՝ նախագահի լիազորությունները պակասե՞լ են, թե՞ ավելացել։ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը հայտարարում էր, թե չի կարելի Սահմանադրությանը մոտենալ քանակական թվաբանությամբ. «Սահմանադրությունը բավական լուրջ փաստաթուղթ է, այստեղ կոնցեպցիայի մասին պետք է խոսել, թե չէ կնմանվենք մի մարդու, որը գնում է պաղպաղակ առնելու եւ ասում է՝ լավ տեղից տուր»։ Դե, մենք էլ էդ ենք ասում էլի՝ Սահմանադրությունը լուրջ փաստաթուղթ է։ Եվ ինչպես նշեց Ա. Հարությունյանի հետ միջանցքային զրույցում Շավարշ Քոչարյանը՝ գոնե փոփոխություններն այլ տառատեսակով նշեիք, որ պատգամավորներն անմիջապես նկատեին եւ աշխատեին դրանց վրա։ Անձամբ Շ. Քոչարյանը յոթ ժամ է աշխատել, որպեսզի դրանք համեմատի գործողի հետ։ Լուսահոգի Վլադիմիր Նազարյանն այս ամենը չտեսավ, բայց եթե տեսներ էլ, վստահաբար չէր փոխի իր կարծիքը. «Ակնհայտ է, որ սեփական լիազորությունները նվազեցնելու նախագահի նախընտրական խոստումները նման են 40 հազար աշխատատեղ բացելու խոստմանը, այսինքն՝ դրանք հենց նախագծի հեղինակի բնորոշմամբ, ունեն սոսկ իմպուլսային բնույթ» («Առավոտ», 1 դեկտեմբերի, 2001 թ.)։ Վլադիմիր Ռուբենիչն այդ ժամանակ ասաց նաեւ, թե հանրաքվեում նախագահի հաղթանակը կասկած չի հարուցում, քանի որ նրա նախագիծը, կարծում ենք, հանրաքվեի կդրվի փակ ծրարով՝ գաղտնի։ Ինչը եւ կամաց-կամաց ապացուցվում է՝ միեւնույն է, հասարակությունը ժամանակ չի ունենալու համեմատություն կատարել հնի եւ նորի միջեւ։ Երեկ նաեւ կառավարությանը հարցեր տալու օրն էր՝ հերթական չորեքշաբթին։ Հայ պոպուլիստական միտքն այնպիսի փայլատակումներ արձանագրեց, որ մի պահ թվաց, թե ամբողջ խորհրդարանում միայն օրինացերկրացիներ են, ընդհանրապես՝ «ՕԵ»-ին ժողովրդահաճո ելույթների մեջ մեղադրողները երեկ ավելի անհարմար վիճակում էին հայտնվում։ Մյասնիկ Մալխասյանն, օրինակ, իր հարցում մոտ յոթ-ութ գյուղի եւ բնակավայրի անուն հնչեցրեց, Հովհաննես Քոչինյանը (որի ձայնը մեկ էլ հնչել էր նախորդ օրը հայտարարությունների ժամին), երեւի իր մարզպետ եղբոր խորհրդով նախընտրական տեսաժապավենի համար «նկարվեց»՝ կառավարությանը հարց ուղղելով։ Խորհրդարանում թեւածում էր բանջարանաբոստանային կուլտուրաների ցրտահարված ճակատագրով անհանգիստ մի համերաշխ մթնոլորտ, որում հանրապետականն ու դաշնակցականը, «ՕԵ»-ականը եւ կոմունիստն իրար հերթ չտալով, մոտենում էին խոսափողին ու ինչ էլ հարցնեին՝ մտքներինը նույն բանն էր՝ ժողովուրդ, լա՞վ եմ երեւում, քո հոգսից քուն ու դադար չունեմ։ Իրականում ուզածները մի բան է՝ կրկին հայտնվել խորհրդարանում ու հինգ տարի եւս գլխի ճարը տեսնել։ Միակ հանդարտը եւ հումորը չկորցրածը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էր, որի «ծանրակշիռ մարմինն ու քաղաքական փորձը» թերեւս բավարար գնահատվել է (նա, ըստ ամենայնի, դեսպան կամ նախագահի ներկայացուցիչ կնշանակվի որեւէ միջազգային կառույցում) ու կարող է իրեն թույլ տալ հումորի ժանրը, ասենք՝ այսպիսի. «հարգարժան, սիրելի, մեծարգո պատգամավորներ», կամ «սահուն քայլերով, աննշմար որպես…» (կրկին պատգամավորների մասին է խոսքը)։ Կառավարության անդամները եւս նմանատիպ վիճակում էին, դահլիճում ներկա տասը նախարարից եւ մեկ վարչապետից միայն Դավիթ Հարությունյանը չի հայտնվել ընտրացուցակներում, մյուսները կան եւ իրենց եւս ամբիոն բարձրանալու առիթ էր հարկավոր։ Ընդ որում, չխուսափեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ երկու խիստ սոցիալ-մշակութային հարցերի որոշեց անձամբ պատասխանել։ Պատգամավոր Արամայիս Բարսեղյանի հարցը թերեւս կարելի է օրակարգային համարել։ Պատգամավորն ուզում էր իմանալ, թե ո՞ր օրենքի հիման վրա է դատախազությունը խաղաղ երթերի եւ ցույցերի մասնակից պատգամավորներին հրավիրել զրույցի եւ, ասենք, ապրիլի 4-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց հետո կրկի՞ն պիտի զրույցի հրավիրվեն պատգամավորներ։ Որքան էլ զավեշտալի է, այս հարցին պատասխանեց ֆինանսների նախարարը։ Պատասխանը ենթադրելի էր՝ «կառավարությունը չի կարող պատասխանել, թե որ պատգամավորին ինչու են հրավիրել դատախազություն»։ Ընդհանրապես նախագահի ընտրություններից հետո ԱԺ եռօրյաների հարցուպատասխանի ժամանակ նախկին ՆԳ նախարարի (այժմ՝ ոստիկանապետ) եւ նախկին ԱԱ նախարարի (այժմ՝ վարչության պետ) «տեղը» շատ է երեւում։ Ընդդիմադիր պատգամավորի մի շարք հարցերի՝ կապված ապօրինի ձերբակալությունների եւ բռնությունների հետ, վերջիններս պետք է պատասխանեն ի պաշտոնե, նրանք այլեւս կառավարության անդամ չեն, կառավարությունն էլ «սահուն քայլերով» խույս է տալիս։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ