Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 03,2003 00:00

ԿԵՂԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բոբո ենք սարքում, հետո պայքարում բոբոյի դեմ ԱԺ պատգամավորական ընտրացուցակների հրապարակումից հետո քաղաքականությամբ զբաղվողների թիվ 1 թեման ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է։ Մեկ շաբաթից ավելի քննարկվում է այն հարցը, թե ինչու է Ս. Սարգսյանը հանրապետականների ցուցակում դրել իր անունը (այդպես էլ ասում են՝ ոչ թե թեկնածությունը, այլ անունը)։ Մակերեսի վրա է այն մեկնաբանությունը, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ ցուցակում հայտնվելը պայմանավորված է ՀՀԿ եւ ՀՅԴ հակասություններով։ Այս պրոցեսը հիշեցնում է պալատական կյանքից մի անեկդոտ, երբ շեյխը օրերից մի օր հավաքում է իր ծառայողներին եւ հայտարարում, թե սիրահարվել է մեկ այլ հարեմի։ Այսօր նման վիճակ է մեր քաղաքական առօրյայում. Ս. Սարգսյանը «սիրահարվել է մեկ այլ հարեմի», մյուսներն իրար են խառնվել՝ տարբեր մեկնաբանություններով։ Ս. Սարգսյանի իմիջմեյքերությամբ (դրական թե բացասական) զբաղվում են եւ լրատվամիջոցները, եւ հասարակությունը՝ բամբասանքների տեսքով, եւ չինովնիկներն ու գործարարները՝ գնչուական փոստի ձեւով։ Վերջերս ռուսաստանյան մամուլի մեջ մի նոր տերմին գտա՝ «նարինջ», որով, այսպես կոչված, գողական աշխարհում կոչում են այնպիսի մարդկանց, որոնք իրենց հեղինակությունը փողով են գնում, այլ ոչ թե ձեռք բերում գաղափարի կամ անցած ճանապարհի շնորհիվ։ Դրանց ստեղծումը ձեռնտու է եւ տվյալ անձին, եւ նրա շրջապատին, որոնք ազդեցության լծակներ են ձեռք բերում։ Օրինակ, դա վառ արտացոլված է այս կամ այն պաշտոնյայի, գործարարի թիկնապահների, վարորդների, քարտուղարուհիների շրջանակում, որոնք շեֆի անունով սպառնում ու կամայականություններ են կիրառում բոլորի նկատմամբ՝ սկսած սովորական ոստիկանից մինչեւ բենզալցակայանի սպասարկողը։ Շեֆի անունը գործածվում է իբրեւ ուրույն «նարուշիլովկա»։ Շեֆերին էլ դուր է գալիս իրենց անվան շուրջ տարածվող վախի մթնոլորտը. նրանց պատկերացմամբ, դա ուժի, խելքի, իրենց անձի նկատմամբ հարգանքի դրսեւորում է։ Այս երեւույթը շատ արագ պճնվեց արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների շարասյունով ու սափրած գլուխներով թիկնապահների քանակով։ Հասարակությունը սիրում է իր համար կուռքեր ստեղծել (կապ չունի՝ դրական, թե բացասական հատկանիշներով), ապա երկրպագել, ծառայել, շողոքորթել կամ վախենալ, ատել ու պայքարել դրա դեմ։ Այսօր Սերժ Սարգսյանին, գուցեեւ ոչ իր կամոք, օժտել են գերբնական հատկանիշներով, որից կախված է Հայաստանի տնտեսական դաշտի բաժանումը, քաղաքական դասավորումների ընթացքը, երկրի ներքին շարժը։ Բոլորը փորձում են նրա հետ «լավ լինել», որեւէ հարցի մասին խոսելիս նշում են նրա տված «դաբրոն» կամ ցիտում նրա որեւէ արտահայտություն, գլուխ գովում, թե քանի անգամ ձեռքը սեղմեցին, կաբինետում քանի անգամ են եղել, քանի անգամ են սեղան նստել, կենացը խմել… Եվ դա ասում եւ անում են մարդիկ, որոնք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում իրենց որոշակի տեղն ունեն եւ կարծես թե ճկվելու, դեֆորմացվելու, քծնելու անհրաժեշտություն չպետք է ունենային։ Կա նաեւ դրա տրամագծորեն հակառակ, հայելանման դրսեւորումը՝ Ս. Սարգսյանի դեմ խոսելը համարվում է մեծ հերոսություն։ Կա կուռքեր սարքելու եւ կուռքեր տապալելու ժամանակը։ Երեկ էլ, այսօր էլ արհեստականորեն կուռքեր ենք ստեղծել եւ ստեղծում՝ բոբոների տեսքով, ապա պայքարում դրանց դեմ։ Առասպելների մեջ իրականությունը շատ քիչ բաժին ունի, պարզապես այդ առասպելներով հասարակության գիտակցությունը ղեկավարելը ամենահեշտ ձեւն է։ Եթե ներկայիս պաշտպանության նախարարը ոչինչ էլ չանի, ապա նրա փոխարեն բոլորն անում են։ Ինչ խոսք, նա տնտեսական մենաշնորհների մեծ վարպետ է եւ քաղաքական դաշտի «ձեւարար», սակայն պետք չէ գերագնահատել իրականությունից ավելի։ Եթե առաջ ԱԺ-ում հայտնված զանազան մականունավորներին լրատվամիջոցները դիմում էին մականուններով, այժմ նրանց այնքան դիկտոֆոններ, միկրոֆոններ ու ամբիոններ տրամադրվեցին, որ նույն այն մականունավորները «պարոն այսինչյանից» դենը չեն ընդունում։ Դա, ըստ իրենց, քաղաքակրթվելու, եվրոպականացվելու միակ ճանապարհն է։ Սարքվեցին քաղաքական գործիչներ, եւ այժմ զարմանում ենք, թե ինչու են նրանք մեր քաղաքական էլիտայի մեջ հայտնվել։ Վերադառնանք համամասնական ցուցակում Ս. Սարգսյանի անվան հայտնվելուն. արդյո՞ք դա է այսօրվա կարեւորագույն խնդիրը։ Ինչո՞ւ ենք գերագնահատում դա, գերիմաստներով պարգեւատրում մի կուսակցության ցուցակ։ Ավելի լավ է վախենանք, որ վաղը այդ պսեւդոհեղինակություններն են մեր օրենսդրությունը «կարգավորելու», որ մեկ-երկու անձերի առօրյա հարաբերություններից է կախված մի երկրի ընթացք։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել