Բլբուլյանների «Խաչված սրտերը» «Այսօրվա եթերից հնչող երգերը զարհուրելի տեքստեր ունեն»,- մերօրյա հայկական երգերի վերաբերյալ իրենց վրդովմունքն էին հայտնում քույր ու եղբայր, երգահան եւ բանաստեղծ Լեւոն եւ Ժաննա Բլբուլյանները։ Նրանց խոսքերով, վերջին տասը տարիներին երգի ասպարեզում էլ ամեն ինչ շրջվեց գլխիվայր. «կարելի է լուրջ մարդկանցից բաղկացած խորհուրդ ստեղծել, որպեսզի չափանիշ սահմանեն, որ գոնե հնչող երգի տողը հայերեն ու գրագետ լինի։ Կա ունկնդիրների մի հսկայական բանակ, որ երաժշտությունը լսում է՝ չխորանալով բառերի իմաստի մեջ, չմտածելով ազգային ակունքների մասին, զվարճանալու համար։ Բայց կան ունկնդիրներ՝ կիրթ, զարգացած, եւ մենք պետք է գնանք դեպի այդ ունկնդիրները, նրանց շնորհիվ բարձրացնենք նաեւ մյուսներին։ Ոչ թե բոլոր ստեղծագործողներս իջնենք դեպի այդ անճաշակությունն ու գռեհկությունը»։ Ժաննա Բլբուլյանը պատմում է, որ եղբոր հետ համագործակցությունը սկսել է մութ ու ցուրտ տարիներին։ Նրանց առաջին համատեղ երգը «Վերադարձի գարունն» է եղել, որին, ստեղծագործողների խոսքերով, հաջորդել են «Հանդիպման տանգոն», «Կարոտի հավքերը», «Ճախրանքը»։ Բոլորովին վերջերս էլ Բլբուլյանների համագործակցության արդյունքում թողարկվել է նրանց լազերային սկավառակը, որն անվանել են «Խաչված սրտեր»։ Չնայած, հեղինակների հավաստմամբ, երգացանկում այդպիսի վերնագրով երգ չունեն։ Ժաննա Բլբուլյանի մեկնաբանությամբ, ալբոմում բոլոր երգերն իրենց բնույթով, ճակատագրով, հոգեվիճակներով խաչվում են. «Իմ մեղեդիները շատ հանկարծակի ու ինքնաբուխ են ծնվում։ Դրանք որոշակի հոգեվիճակի, տրամադրության արտահայտություններ են»։ «Խաչված սրտերում» տեղ են գտել հայրենիքին, մորը նվիրված երգեր, սակայն գերակշռող են սիրային երգերը։ «Մեր երգերը կատարողները հայ երգիչ-երգչուհիներն են՝ Անահիտ Մանուկյան, Մարատ Հայրապետյան, Սյուզան Մարգարյան։ Մտադիր ենք երգեր առաջարկել նաեւ Շուշան Պետրոսյանին, Միքայել Պողոսյանին, Անի Քրիստիին»,- ասում է Ժ. Բլբուլյանը։ Տիկին Ժաննան այժմ բնակվում է Փարիզում եւ, նրա ներկայացմամբ, այնտեղ էլ աշխատում է ֆրանսիացի բանաստեղծների հետ, իր երգերը հնչում են նաեւ ֆրանսիացի նորահայտ երգիչների կատարմամբ։ Հայաստանում տիկին Ժաննայի երաժշտության համար բառերը գրում է եղբայրը՝ Լեւոնը։ Անդրադառնալով իրենց ձայնասկավառակում տեղ գտած երգերին, Լեւոն Բլբուլյանն ասաց, որ ինքը չի ամաչում իր գրած տեքստերի համար, ի տարբերություն որոշ տեքստերի, որոնց բառերի ստեղծումը կարող են երեսով տալ. «Ես հաճախ եմ քննադատում։ Չի կարելի ամեն բառակապակցություն կպցնել իրար ու երգել։ Եվ եթե երգիչներն իրենց հարգում են, չպիտի երգեն։ Ես ու Ժաննան այս ալբոմում գործ ենք ունեցել այնպիսի երգիչների հետ, ովքեր գիտեն խոսքի արժեքը, ամեն մի անհամություն չեն կատարի։ Քանի որ նախ իրենց են վիրավորում, հետո՝ ունկնդրին»։ Ստեղծագործողների ներկայացմամբ, իրենց երգերը հաճախ են հնչել «Կռունկ» երգի փառատոնում եւ գրեթե միշտ մրցանակային տեղ են գրավել։ Բայց Լ. Բլբուլյանի խոսքերով, այսօր «Կռունկ» մրցույթը փոքր-ինչ աղավաղվել է, քանի որ «քնարական երգի ժանրը հանեցին, իսկ մեր երգերն ավելի շատ քնարական են։ Ես խորհուրդ կտայի, եթե ուշ չէ, այդ ժանրը վերականգնվեր, որպեսզի մարդիկ շահագրգռվեն եւ մասնակցեն»։ Լեւոն Բլբուլյանը նաեւ 6-7 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։ «Բոյիդ մեռնեմ» Գավառի անեկդոտների 2 հումորիստական գիրք է գրել, որում ամփոփված են «Քյավառի զվարճապատումները»։ Թարգմանել է Վիսոցկու «Ես, ինչ խոսք, կգամ» ստեղծագործությունը։ Պարոն Բլբուլյանի խոսքերով, ինքը նաեւ երկար տարիների լրագրող է եւ վերջերս էլ տպագրել է իր վերջին տասը տարիների հարցազրույցների ընտրանին։ Կոչվում է «Ժամանակ եւ դեմքեր»։ Գրքում տեղ է գտել 33 հարցազրույց։ Հեղինակի մեկնաբանմամբ, այդ գրքում արտացոլված է մեր ժամանակի պատկերը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ