Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց թողնված օգուտի» գումարը չի ստացել

Ապրիլ 02,2003 00:00

«Բաց թողնված օգուտի» գումարը չի ստացել 1998թ. ապրիլին Վանաձորի բնակչուհի Արժենիկ Առաքելյանի դուստրը՝ Կարինե Ղուկասյանը վաճառում է իր բնակարանը։ «Իմանալով այդ մասին՝ դիմացի հարեւան Սուսաննա Մկրտչյանի քույրը՝ Անահիտ Մկրտչյանը, որն ապրում է դիմացի շենքում եւ գոյատեւում է առեւտրով՝ Սուսաննայի միջնորդությամբ խնդրել է կարճ ժամկետով պարտք տալ 1100 ԱՄՆ դոլար» (մեջբերում՝ 31.03.2000թ. Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի վճռից)։ Դատարանում, սակայն, պատասխանող Ա. Մկրտչյանը պնդել է, որ Առաքելյանն ինքն է առաջարկել այդ գումարն իրեն, իսկ մի քանի օր հետո էլ պահանջել, որ կամ գումարը վերադարձնի, կամ «20 տոկոս ամսականով գումարը վերադարձնելու պայմանագիր կնքի»։ Ըստ գործում առկա տվյալների՝ Մկրտչյանը գումարը ստանալիս հավաստիացրել է, որ «ամենաուշը մայիսի 10-ին փողը կվերադարձնի»։ Տեսնելով, որ վերջինս պայմանավորված ժամկետում գումարը չի վերադարձնում, Առաքելյանը զարմանալիորեն հասնում է այն բանին, որ Ա. Մկրտչյանը նոտարական կարգով հայտարարություն տա պարտք լինելու եւ մարման պարտավորության մասին։ Այդ հայտարարությամբ (որ կայացել է «ծանոթ միլիցիոների միջոցով հարկադրելու» արդյունքում) Ա. Մկրտչյանը 24.09.99թ. պարտավորվել է իր պարտքը՝ 1100 ԱՄՆ դոլարը, մարել մինչեւ 1999թ. նոյեմբերի 24-ը։ Քանի որ այդ խոստումը եւս չի կատարել, ուստի Առաքելյանը դիմել է դատարան՝ 2232 ԱՄՆ դոլար հայցապահանջով։ Դատարանը վճռել է հայցը բավարարել «մասնակիորեն»՝ Ա. Մկրտչյանից հօգուտ Առաքելյանի բռնագանձել 1954,866 ԱՄն դոլար, որից 1100-ը «մայր պարտքի գումարն է», 828,8-ը՝ «բաց թողնված օգուտի» եւ 36,566-ը՝ նախապես վճարված պետտուրքի։ 8.06.2000թ. Մկրտչյանից բռնագանձված 1337 ԱՄՆ դոլարը՝ «Էկոնոմինվեստբանկի» կողմից տրված օրվա դոլարի կուրսով՝ 717969 դրամ Առաքելյանը ստացել է (փաստորեն, պարտք տված գումարից ավելի, դատարանի վճռած գումարից պակաս)։ Գումարը գանձվել է Ա. Մկրտչյանի բնակարանի՝ իրեն հասանելիք բաժնեմասի եւ արգելադրված տնտեսական իրերի վաճառքից ստացված գումարից։ Թե ինչի՞ց պետք է գանձվի դատարանի վճռած գումարի մնացածը, թերեւս կիմանան միայն համապատասխան մարմինները։ Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ դատարանն իր վճռով կարծես թե խրախուսում է վաշխառությունը։ Թերեւս, հենց այդ նկատի ունենալով էլ Ա. Մկրտչյանը 14.04.2000թ. բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն արդյունքի չէր հասել։ (Վերջինս համաձայն էր փակել մայր պարտքի գումարը եւ պետտուրքը, սակայն առարկել էր «բաց թողնված օգուտների» գումարը վճարելու դեմ, համամիտ չլինելով դատարանի այն եզրակացությանը, թե Առաքելյանը «զրկվել է վերոհիշյալ գումարը քաղաքացիական շրջանառության նորմալ պայմաններում օգտագործելու եւ եկամուտ ստանալու հնարավորությունից»։ Ա. Առաքելյանը «բաց թողնված օգուտի» գումարը ստանալու վերաբերյալ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ նամակը վերահասցեագրվել է Լոռու մարզի դատախազություն։ «Արգելադրված գույքի եւ բնակարանի վաճառքից հետո դատարանի վճիռը չի կատարվել մոտ 680 դոլարի չափով։ Եթե գտնում եք, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից թույլ են տրվել խախտումներ, որի հետեւանքով Ձեզ վնաս է պատճառվել, այն բռնագանձելու համար կարող եք դիմել դատարան»,- ի պատասխան հայտնվել է Առաքելյանին Լոռու մարզի դատախազությունից՝ 29.07.2002թ. եւ 11.10.2002թ.։ Ի դեպ, Առաքելյանը շատ ավելի վաղ էր բողոքարկել ԴԱՀԿ-ից, սակայն իր իսկ խնդրանքով, 20.02.2002թ. գործը թողնվել է առանց քննության։ Այսօրինակ պատմության մեջ չընկնելու համար մեծաքանակ գումար ունեցողներին խորհուրդ կտայինք այդ գումարը շրջանառության մեջ դնել բանկերում (իհարկե՝ վստահություն ներշնչող)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930