Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էինք, մեր սարերը

Ապրիլ 02,2003 00:00

Մենք էինք, մեր սարերը Ետընտրական շրջանում, «չարտոնված» միտինգների, ցույցերի, երթերի մասնակցելու եւ իբր հասարակական կարգը խախտելու համար, Հայաստանում 240-260 մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը եւ Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունը երեկ քննարկում էին հրավիրել՝ «Հայաստանում վարչական պատիժների կիրառումը» թեմայով։ Քննարկում, որպես այդպիսին, չկայացավ, քանի որ դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, վճռաբեկ եւ վերաքննիչ ատյանների, ԱԺ-ի, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի պետական այրերը հարկ չէին համարել ներկայանալ։ Պատվել էին միայն ՍԴ-ի եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները։ Վերջինս, ի դեպ, հավանաբար, համբերությամբ մեկ անգամ եւս լսելով վարչական իրավախախտումների եւ մարդու իրավունքների ոտնահարումների մասին, մեծահոգաբար խորհուրդ տվեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ քանի որ քննարկում չեղավ, ստացվեց, որ մեր դարդ ու ցավը մեկ անգամ եւս միմյանց պատմեցինք՝ գոնե այդ կերպ սրտներս թեթեւացնելով։ Ինչեւէ, Փաստաբանների միջազգային միության ներկայացուցիչ Սոս Գրիգորյանը խոսեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի եւ իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք միջազգային կոնվենցիաների հակասությունների մասին։ Մասնավորապես այն, որ դատարանի որոշումը վերջնական է եւ կարող է բողոքարկվել դատախազի կողմից, փաստաբանի կարծիքով՝ «անձին հնարավորություն չի տալիս իր իրավունքները պաշտպանել»։ Իսկ դատախազները, բնականաբար, այդ որոշումները բողոքարկելու ցանկությամբ չեն տառապում։ Ըստ Արտակ Զեյնալյանի, վարչական կալանքի են ենթարկվել մի քանի տասնյակ առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներ, ինչը մեր իսկ օրենսդրությամբ է արգելվում։ Ասենք էպիլեպսիայով հիվանդ Ս. Մխիթարյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Օհանյանի որոշմամբ 10 օր կալանք է կրել։ Եվ մինչ բողոքը կհասներ վերաքննիչ՝ 10 օրը լրացել է, եւ մարդն ազատ է արձակվել։ Խոսվեցին նաեւ որոշումների պատճենները ստանալու հետ կապված քաշքշուկների մասին, որ կալանքի վերցվածների հարազատները պատշաճորեն չեն տեղեկացվում, որ ոստիկանությունը փաստաբաններին 2-3 օր ուշացումով է տեղեկացնում անձի՝ կալանքը կրելու վայրի մասին եւ այլն։ Այս ամենի արդյունքում Սոս Գրիգորյանի եզրակացմամբ՝ «վարկաբեկվում է փաստաբանական ինստիտուտը», եւ «եթե միջազգային կոնվենցիաները չէինք կատարելու՝ ինչո՞ւ ենք դրանք վավերացրել»։ Իսկ Արտակ Զեյնալյանի եզրահանգումն ավելի տխուր էր՝ «Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի»։ Քանզի Սահմանադրությամբ այն պետք է որ «ինքնիշխան, ժողովրդավարական…» երկիր լիներ։ Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը կարծում է, որ «նորից ստեղծում ենք ագրեսիվ, օտարացած, իրար չվստահող խմբեր՝ ադմինիստրատիվ սահմանափակումներ» կիրառելով ժողովրդի քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության վրա։ Եվ «երկրի ապագայով մտահոգված»՝ Ն. Հակոբյանը տարօրինակ է համարում պետական այրերի դիտարկումները, թե «եվրոդատարաններ դիմելով խփում ենք ներդրումներին»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել