Լրահոս
Օրվա լրահոսը

Դիդակտիկ նյութեր

Ապրիլ 02,2003 00:00

Դիդակտիկ նյութեր Կառավարության հակակոռուպցիոն ծրագրի համար Այսուհետեւ յուրաքանչյուր շաբաթ «Առավոտը» կներկայացնի «Հետքի» տրամադրած փաստական նյութը, որը հայթայթելու հոգսից կառավարությանը մասամբ ազատում ենք։ Ֆելիքս Յայլոյանի անօրինական գործողությունները «Առավոտ» թերթում (04.02.2003 «Թաղապետը փողոց է նետել անչափահասին») արդեն տեղեկացրել ենք, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանի ապօրինի որոշման արդյունքում 16-ամյա Բադալ Հարությունյանը հայտնվել է փողոցում: Հոր եւ տատի հետ Բաքվից բռնագաղթած Բադալ Հարությունյանը 1989 թ. մինչեւ 2000 թ. ապրել է Բաղրամյան 50 շենքի կիսանկուղային հարկի ոչ բնակելի տարածքում: 2001172ին թաղապետարանի աշխատակիցները խաբել են այս ընտանիքին` ասելով, թե նրանց բնակարան են հատկացրել Աղբյուր Սերոբի 46 շենքում: Բադալի ընտանիքը տեղափոխվել է ապրելու Ա. Սերոբի 46 հասցեում: Մեկ ամսվա ընթացքում այստեղ մահացել են Բադալի հայրը եւ տատը: 14 տարեկան Բադալին Ա. Սերոբի 46 հասցեից վռնդել է բնակարանի իրական տերը` Արմիկ Մինասյանը, որին թաղապետարանի աշխատակիցները խնդրել էին մեկ ամսով ապաստան տալ այդ ընտանիքին: Իսկ ո՞ւմ է հատկացրել պրն Յայլոյանը Բաղրամյան 50 շենքի 99,3 քմ կիսանկուղային տարածքը: Արաբկիր համայնքի ավագանու թիվ 99 որոշմամբ, այն 2000 թ. օգոստոսին 5 տարի ժամկետով վարձակալությամբ տրվել է «Ֆ.Ս.Գ Կոնցեռն» ՓԲԸ-ին: Կոնցեռնի տնօրենն է Յուրի Ամիրխանյանը: Կոնցեռնը զբաղվում է հագուստի, մսի եւ մսամթերքի, փայտե իրերի արտադրությամբ եւ շինարարությամբ: Ավագանու որոշման 5-րդ կետով պարոն Յայլոյանը «որոշման վերահսկողությունը վերապահել է համայնքի ղեկավարի տեղակալ Ֆ.Սարգսյանին»: Ավագանու անդամներն ասում են, թե տեղյակ չէին, որ փողոց է նետվել անչափահաս փախստականը: Բայց այդ մասին գիտեին թաղապետը, նրա տեղակալը եւ թաղապետարանի Լեւոն անունով մի աշխատակից: Մեկ տարի անց Արաբկիր համայնքի ղեկավարի թիվ 103 կարգադրությամբ Բաղրամյան պողոտայի 50 շենքի 99,3 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը 1000 դոլարով վաճառվել է «Ֆ.Ս.Գ Կոնցեռն» ՓԲԸ-ին: Իսկ «Կարգադրության կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Ֆ.Սարգսյանին»,- նշված է թաղապետի կարգադրության մեջ: Ո՞ւմ է իրականում պատկանում «Ֆ.Ս.Գ. Կոնցեռն» ՓԲԸ-ն: Մենք կարողացանք պարզել, որ կոնցեռնի բաժնեմասերի 90 տոկոսը պատկանում է հենց Ֆ.Յայլոյանի տեղակալ Ֆ.Սարգսյանին, ում վրա դրված էր ավագանու որոշումների եւ քաղաքապետի կարգադրության կատարման վերահսկողությունը: Այսպիսով` Արաբկիրի նախկին թաղապետը, իր տեղակալի եւ ավագանու անդամների հետ միասին փողոց են նետել անչափահաս փախստականին` տիրանալով նրա բնակարանին: Սա Ֆելիքս Յայլոյանի` Արաբկիր համայնքում կատարած միակ օրինախախտումը չէ: Պարզվել է նաեւ, որ թաղապետարանը համայնքի տարածքի շինարարական աշխատանքներն իրականացնում էր հենց այս կոնցեռնի միջոցով: Թե թաղապետարանը ի՞նչ գումարներ է փոխանցել կոնցեռնին, առայժմ հնարավոր չէ պարզել: Նախկին թաղապետի կատարած չարաշահումների մասին փաստեր ունեն նաեւ ոստիկանությունը եւ դատախազությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանցից որեւէ մեկը ընթացք չի ստանա, քանի որ Ֆելիքս Յայլոյանը նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկի պետն էր: Ի դեպ, Ֆ. Յայլոյանը մայիսին կարող է հայտնվել խորհրդարանում: Նա առաջադրել է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին հենց Արաբկիր համայնքում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930