Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՎԿԱՆԵՐԻՆ

Ապրիլ 02,2003 00:00

ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՎԿԱՆԵՐԻՆ Երեկվա դատական նիստում Կենտրոնական բանկը եւ «Առավոտը» անընդհատ հաշտության եզրեր էին փնտրում, սակայն վերջնական եւ հիմնավոր հաշտությունն առայժմ այդպես էլ չկնքվեց։ Ընդ որում, ԿԲ-ի շահերի ներկայացուցիչը հայտարարեց, որ իբր «Առավոտն» է հաշտությունը նախաձեռնել եւ իբր «խախտելով պայմանավորվածությունը», նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացրել, պարոն Ումրշատյանը մեծահոգաբար հայտարարեց, որ «ԿԲ-ն գտնում է, որ չի սպառվել համաձայնության եզրեր գտնելու գործընթացը»։ Սակայն դատարանում փաստացի արձանագրվեց, որ նախաձեռնությունն իրականում ԿԲ-ինն է, եւ «Առավոտը» պատրաստ է հաշտության եզրեր գտնել։ Հաշտության եզրեր գտնելու միջնորդությունները բավարարելուց զատ, երեկ դատարանը լսեց նաեւ գործով վկաների ցուցմունքները։ Նախ՝ ընդունվեց հիվանդանոցում գտնվող վկայի՝ Բորիս Առաքելյանի գրավոր բացատրությունը եւ կցվեց գործին։ Ըստ այդմ, պարոն Առաքելյանը տեղեկացնում է, որ ինքը «դատախազությունում առերեսումից հետո» եւ տարբեր այլ առիթներով ականատես է եղել, որ ԿԲ-ի Վերահսկողության վարչության պետի պաշտոնից արդեն ազատված Արտաշես Դավթյանը բազմիցս օգտվել է ԿԲ-ի ծառայողական մեքենաներից։ Մասնավորապես, 431 ՏԼ 01 արծաթագույն «Հունդա» եւ 123 ՏԼ 01 սեւ «ԳԱԶ-31» համարանիշներով մեքենաներից։ Ընդ որում, նշված մեքենաները գտնվում են երեկ ԿԲ կողմից պաշտոնապես դատարան ներկայացված մեքենաների ցուցակում։ Մեքենաներն, ի դեպ, նախատեսված են մեկը՝ որպես հերթապահ ծառայողական ավտոմեքենա, մյուսը՝ գործերի կառավարչությանը՝ ԿԲ նախագահի խորհրդականին աշխատանքի բերելու եւ տուն տանելու համար։ Բորիս Առաքելյանի հետ, ինչպես ասում են, ամեն ինչ պարզ էր, եւ հերթը հասավ «Կրեդիտ Սերվիս» բանկի նախկին իրավախորհրդատու Տիգրան Զալինյանի վկայությունները լսելուն։ Վերջինս հաստատեց, որ վերոբերյալ տեղեկություններն ինքը եւս ստացել է Բ. Առաքելյանից. «Բ. Առաքելյանն ինձ ասաց, որ Ա. Դավթյանը հովանավորվում է Տիգրան Սարգսյանի կողմից»՝ իբրեւ ապացույց բերելով ԿԲ ծառայողական մեքենաներից նրա օգտվելու փաստը։ Սակայն, «կարճ կապեք», «ըստ էության» իր «ուղղորդումներով» դատավոր Հ. Հովհաննիսյանն անընդհատ փորձում էր շեղել վկային։ Քանզի հետագա հարցերի քանակը նվազեցնելու նպատակով վերջինս փորձում էր առավել մանրամասնորեն շարադրել իր վկայությունը։ Դատավորին դա, հավանաբար, «ձանձրացնում» էր։ Նա անգամ հապճեպ որոշում «կայացրեց»՝ հայտարարելով վկային. «դուք ենթադրություններով եք զբաղված»։ Ի դեպ, դատավորն անգամ վկայի պարտականությունները եւ իրավունքները հարկ չհամարեց ամբողջությամբ ընթերցել, որովհետեւ նա չէր կարծում, որ վկան ծանոթ չէ դրանց՝ «բարձրագույն իրավաբանական կրթություն ունեք, երկու տարի էլ աշխատել եք վկա»։ Ինչին ի պատասխան Տ. Զալինյանը նկատեց՝ «ես վկա չեմ աշխատել»։ Հայցվորի եւ դատավորի անընդհատ միջամտությունների արդյունքում, պատասխանողի ներկայացուցիչները ստիպված էին հիշեցնել, որ «վկան պատասխանում է դատարանի եւ բոլոր կողմերի համար»։ Պատասխանողի միջնորդությունը՝ Արտաշես Դավթյանին եւս իբրեւ վկա դատարան հրավիրելու մասին, դատավոր Հ. Հովհաննիսյանը մերժեց։ Հայցվորը, բնականաբար, առարկեց միջնորդության դեմ եւ, մեր տպավորությամբ, վստահորդին զանգահարելուց հետո «պարզեց», որ «Ա. Դավթյանը չի կարող դատարանում բացատրություններ տալ իր հետ կապված դեպքերի կապակցությամբ»։ Քանի որ դատարանը հիմք էր ընդունել Բորիս Առաքելյանի գրավոր բացատրությունը եւ լսել էր Տիգրան Զալինյանի վկայությունը, տարօրինակ էր Ա. Դավթյանի գործի հետ առնչություն չունենալու հայցվորի հայտնությունը։ Մինչդեռ, ըստ պատասխանողի ներկայացուցիչների՝ «առարկությունը վկայում է, որ ԿԲ-ն մտավախություն ունի Ա. Դավթյանի՝ որպես վկա հանդես գալու վերաբերյալ, քանի որ վերջինս չի կարող ժխտել իրական փաստերը»։ Միջնորդությունը մերժելուց հետո, պատասխանողը տեղեկացրեց, որ պատրաստվում է բացարկ հայտնել դատավորին։ Քանի որ աշխատանքային օրն ավարտված էր, իսկ բացարկը գրավոր տեսքով պետք է ներկայացվի՝ դատական նիստն ընդմիջվեց եւ կշարունակվի այսօր՝ 12։00-ին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել