Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է դա եղել

Ապրիլ 02,2003 00:00

Ինչպես է դա եղել Եվրամիություն-Հայաստան համագործակցության հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հետեւյալ հարցերին: Ատոմակայան Ռուսաստանի ֆինանսական կառավարմանը հանձնված Մեծամորի ատոմակայանի առնչությամբ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը վերահաստատել է. «Մենք շատ շահագրգիռ ենք, որ ատոմակայանի փակման որոշակի օր, ժամկետ լինի»: Իսկ Եվրահանձնաժողովի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչը հայտարարել է. «Եվրամիությունը հաստատակամ է ատոմակայանի փակման հարցում եւ 100 մլն եվրո գումար է հատկացնելու, որպեսզի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ստեղծեք: Մեր ուսումնասիրություններն այդ հարցի վերաբերյալ պետք է մոտ ապագայում ավարտվեն»: Եվ հույս է հայտնել, որ Ռուսաստանի ֆինանսական կառավարմանը հանձնելը կասկածի տակ չի դնի ատոմակայանի փակումը: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են այդքան փող ներդնում ատոմակայանի փակման եւ ոչ անվտանգության մակարդակի բարձրացման համար, մանավանդ որ՝ այդ կայանը մեծ դեր է խաղում երկրի էներգետիկ անվտանգության համար, պատասխանել է. «Ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում, եւ Հայաստանի ու այլ երկրների ժողովուրդների անվտանգության համար շատ ավելի լավ կլիներ, եթե այն փակվեր»: Հնչել են հակափաստարկներ, թե Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ որեւէ հիմնավորում չստացան այդ մտավախությունները, իսկ ատոմակայաններ գործում են նաեւ Եվրամիության երկրներում, ուստի փողը պետք է ծախսել ոչ թե փակելու համար, այլ՝ որ ձեռք բերվի Ֆրանսիայի ատոմակայանի չափ ապահովություն: Ցեղասպանություն Եվրախորհրդարանական Բաշիր Խանբային անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանության հարցին. «Ես մտածում եմ, թե ինչքա՞ն ժամանակ պատմության այդ քաղաքական բեռը կօգնի ձեզ զարգացնելու ձեր երկիրը… Գիտեմ, որ Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը մի բան է, որի հետ հաշտվելը հայերի համար ծանր է: Ես գիտեմ նաեւ, թե ինչպես է ձեզ վերաբերվել Ռուսաստանը, գիտեմ նաեւ Վրաստանի, Ադրբեջանի կողմից Հայաստանի առջեւ հարուցված դժվարությունների մասին: Սակայն երբեմն կարծում եմ՝ այդ հակամարտությունների մասին եթե հարցնենք երիտասարդներին, կպարզվի, որ նրանք այդքան էլ չեն մտահոգվում դրանց մասին: Նրանց դա՛ չէ պետք, այլ խաղաղություն, աշխատանք եւ բարեկեցություն: Մենք էլ Եվրոպայում նման խնդիրներ ունենք անցյալի, քաղաքականության վերաբերյալ»: Հիշեցրել է, մասնավորապես Գերմանիայի եւ Ֆրանսիայի օրինակները: Նկատենք, որ այս նկատառումներին ի պատասխան՝ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչը որեւէ առարկություն չի ներկայացրել: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել