Խաղաղ միջոցներով հնարավո՞ր չէ իշխանափոխություն ԱՄՆ Պետքարտուղարությունն օրերս հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում գնահատականներ կան 2002-ին Հայաստանում իրավիճակի վերաբերյալ: ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը սկսվում է այն արձանագրումով, որ թեեւ Հայաստանի Սահմանադրությամբ իշխանության տարբեր ճյուղերը տարանջատված են՝ այսուհանդերձ, նախագահին վերապահված են պաշտոնյաներ նշանակելու եւ ազատելու «այնպիսի լիազորություններ, որոնք հավասարակշռված չեն օրենսդրական կամ անկախ դատական համակարգի իրավասություններով»: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող գրեթե բոլոր հոդվածներում նշված է, թե ընդհանուր առմամբ՝ հնարավոր էր հասնել ավելի լուրջ արդյունքների կամ էլ ասված է, թե տվյալ ոլորտի «ընդհանուր կացությունը դեռեւս չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված չափանիշներին»: Պետքարտուղարությունը նշում է, որ Հայաստանի արդյունաբերության ոլորտը դեռեւս չի գործում ամբողջ հզորությամբ, պահպանվում է գործազրկության բարձր մակարդակը. «Պաշտոնական տվյալների համաձայն՝ այն 9,6 տոկոս է, մինչդեռ անկախ մարմինները հրապարակում են 40 տոկոս ցուցանիշը: Չափազանց բարձր է նաեւ տնտեսության ստվերայնությունը՝ 40-50 տոկոս»: Անդրադարձ կա Հայաստանում խոսքի ազատությանը: Պետքարտուղարությունը հիշատակում է «Ա1+» հեռուստաընկերության պատմությունը՝ ներկայացնելով թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ իշխանությունների մեկնաբանությունները: Նշված է, թե խախտվում են կանանց, էթնիկ փոքրամասնությունների եւ ֆիզիկական արատներ ունեցող մարդկանց իրավունքները: Եվ վերջապես՝ «Հայաստանում դեռեւս լուծված չէ սեռական շահագործման նպատակով կանանց եւ աղջիկների փոխադրման խնդիրը»: Առարկայորեն անդրադարձել են բոլոր թերացումներին, հրապարակված են բռնությունների կամ քաղաքական ճնշման ենթարկված մարդկանց անունները: Հրապարակված են նաեւ այդ բռնություններն իրականացրած եւ այդպես էլ՝ անպատիժ մնացած կամ արդար պատիժ չստացած մարդկանց անունները: ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում հատուկ անդրադարձ կա Հայաստանում կատարվող ընտրակեղծիքների խնդրին. զեկույցում նշված է. «Տեղական իշխանությունների անթաքույց միջամտությունն ընտրական գործընթացին՝ մասնավորապես, ընտրողների նկատմամբ բանեցվող ճնշումները, քվեատուփեր գողանալու դեպքերը եւ այլն, խիստ սահմանափակում են խաղաղ միջոցով կառավարման մարմինները փոխելու՝ քաղաքացիների հնարավորությունները»: Ըստ «Ազատություն» ռ/կ-իԵվ սա դեռ միայն 2002-ի վերաբերյալ զեկույցն է, որում չէին կարող տեղ գտնել Հայաստանի նախագահի ընտրության ժամանակ բազմաթիվ ընտրախախտումները եւ ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները: