Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴՊԵՍ ԷՐ ՍԿՍՈՒՄ

Ապրիլ 02,2003 00:00

ԱՅԴՊԵՍ ԷՐ ՍԿՍՈՒՄ 1998-ին ՀՀ նախագահի պաշտոնակատար, ՀՀ վարչապետ եւ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը «Սոբեսեդնիկի» թղթակից Միխայիլ Սերդյուկովին հարցազրույց էր տվել, որը հրապարակվել էր «Խոստումներ եւ երդումներ չեմ սիրում» վերտառությամբ: Դրան մենք առաջիկայում ավելի հանգամանորեն դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ մեջբերենք ընդամենը մեկ հատված: Մ.Սերդյուկով. «Երեկ ես ծանոթացա հայ հին կուսակցություններից մեկի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանի հետ: Նա նոր էր ազատ արձակվել բանտից, ուր անցկացրել է երկուս ու կես տարի: Վահանն ասաց. «եթե Ռոբերտ Քոչարյանը չլիներ, ես բանտում դեռ երկար կնստեի…»: Ռ.Քոչարյան. «Վահանը հիանալի տղա է: Նրան վաղուց գիտեմ: Դա մաքուր քաղաքական հետապնդում էր»: Մ.Սերդյուկով. «Նրան մեղադրել էին Տեր-Պետրոսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ. իբր նավակից՝ նշանառու հրազենից, ուզել էր կյանքից զրկել Հայաստանի նախագահին: Զառանցա՞նք է»: Ռ.Քոչարյան. «Բնականաբար: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մի իրավիճակ էր ստեղծվել, երբ ընդդիմության ներկայացուցիչները օրինական ճանապարհով երկրում ինչ-որ բան փոխելու հույսը կորցրել էին: Կարծում եմ, դա ավելի քան վտանգավոր իրավիճակ է: Ողջ ընդդիմությունը պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե բանտում կամ ընդհատակում: Ընդդիմությունը պետք է ունենա իր մամուլը, հեռուստաալիքը, ռադիոն: Եթե երկրի նախագահը ընդդիմությանն այդպիսի հնարավորություն չի ընձեռում, հասարակական պայթյունն անխուսափելի է: Հովհաննիսյանի դեպքը ճիշտ այդպիսին էր»: Մի կողմ թողնենք, որ Վ.Հովհաննիսյանի դեմ «բնականաբար, զառանցալից» մեղադրանքների հեղինակները Սերժ Սարգսյանն ու Կառլոս Պետրոսյանն են: Համոզված ենք, որ եթե նշված չլիներ Ռ.Քոչարյանի անունը, որեւէ մեկը չէր էլ կասկածի, թե «Սոբեսեդնիկին» հարցազրույց տված դեմոկրատը Ռ.Քոչարյանն է: Այն նույն Քոչարյանը, որը 2003-ի նախագահական ընտրություններն առանց գլխացավանքի անցկացնելու փափագով դեռ մեկ տարի առաջ էր նախապատրաստել անկախ հեռուստաալիքի՝ «Ա1+»-ի փակումը: Այն նույն Քոչարյանը, որն ամեն Աստծո օր ընդդիմության ետեւից ընկած կամ ձերբակալում է նրա հանրահավաքների մասնակիցներին, կամ մեղադրում ապակայունություն մտցնելու մեջ: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել