ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՕՐԵՆՔԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահին, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» նախագահին, «Դատավորների միություն» կազմակերպությանը եւ տեղեկացրել, որ նախագահի ընտրության ընթացքում «մեր կազմակերպությունը, այդ թվում՝ նրա կառուցվածքային մարմինը` «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը», Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին դիմել է 52 անգամ. «51 դիմումների պահանջներից ոչ մեկը չի բավարարվել»: Կազմակերպությանը մտահոգում է նաեւ վերջին 18 դիմումների կապակցությամբ այդ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի պատասխանը. «Այդ գրությունից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ նախագահի 2003թ. ընտրության իրավախախտումների վերաբերյալ մեր դիմումները, այսուհետեւ, ոչ միայն զանգվածաբար մերժվելու են, այլեւ` չեն ընդունվելու քննարկման Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի կողմից: Հասկանալի պատճառներով, մտահոգում է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահի մասնագիտական ցածր պատրաստվածության հարցը… Արդեն մի քանի ամիս է, որ մենք դատարանի նախագահին փորձում ենք բացատրել վարչական իրավախախտումների վերաբերյալ դիմումների քննարկման կարգը»: Կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը նշում է, որ դատարանի նախագահի անօրինական գործունեության հարցերով մի քանի անգամ դիմել է նաեւ արդարադատության նախարարին, սակայն անարդյունք. «Այդ կապակցությամբ, խնդրում ենք Ձեր աջակցությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահի մասնագիտական պատրաստվածության բարձրացման, ինչպես նաեւ, նրա կողմից ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ուղղությամբ»: Սեփ. լր.