ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ԶՍՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ Երկրի գլխավոր օրենքում Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որն ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ ոչ ոք չի տեսել, իսկ ըստ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովը ժամանակին քննարկել է, երեկ խորհրդարանը փորձեց «տնտղել»։ Թե դրանից ինչ ստացվեց, առայժմ պարզ չէ։ Ըստ որոշ գնահատականների՝ նախագահի ներկայացրած փոփոխություններում ավելացված են նախագահի լիազորությունները։ Փոփոխությունները ներկայացնողներն էլ համաձայն չեն, թե դրանք ավելացել են։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները ոչ ոք չի տեսել եւ չի կարելի ընդունել ոչ լեգիտիմ նախագահի առաջարկած ոչ լեգիտիմ սահմանադրական փոփոխությունները։ Ըստ Շ. Քոչարյանի՝ մեր երկրի առաջընթացն արգելակող հիմնական պատճառն անձնիշխանությունն է եւ այն, որ իշխանության իրական տերը ժողովուրդը չի. «խնդիրն այն է, որ այդ գերլիազորություններով աթոռի գինն այնքան մեծ է, որ ողջ պետական մեքենան լծվում է մի գործի՝ ամեն ինչ անել իշխանությունը վերարտադրելու համար»։ Պրն Քոչարյանը հիշեցրեց նախագահական ընտրությունները. ընտրակեղծիքների տեխնոլոգիան եւ իշխանությունների մասնակցությունը դրանց. «այն Սահմանադրությունը, որ կա, նպաստում է անձնիշխանությանը, եւ այն փոփոխությունները, որ առաջարկվում են, նույնպես նպաստում է անձնիշխանությանը»։ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ պատգամավորները երկու սահմանադրությունների տարբերությունները չեն էլ տեսել, «որովհետեւ այնպես է ներկայացված, որ դա չերեւա»։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ՝ վերջին 10 տարիների ընթացքում (ցավոք), գործելակերպ է դարձել, երբ գործող նախագահի ներկայացրած Սահմանադրության տարբերակը ձեւվում է համապատասխան նախագահի համար։ Պրն Դալլաքյանը կարծում է, որ իրենց տարբերակներն առաջադրող նախագահները ճիշտ կանեին, եթե հայտնեին, թե չեն մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին։ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ. «հստակ է մի բան, որ գործող Սահմանադրության համեմատությամբ նախագահի լիազորություններն էապես մեծացել են»։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ավելացել է 16 լիազորություն։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Նազարյանը դեռ ժամանակին էր զգուշացրել այդ մասին՝ նա նշել էր ավելացված 18 լիազորություն, որոնք իր ելույթում երեկ փորձեց չեզոքացնել Տիգրան Թորոսյանը, սակայն կարծես թե այնքան էլ չհաջողվեց այդ բանն անել։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, այդ լիազորություններն են. «Գործող Սահմանադրության 55 հոդվածի 5-րդ կետում նշված է, որ նախագահը, օրենքով նախատեսված դեպքերում, նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում։ Ներկայացված տարբերակի 55 հոդվածի 5-րդ կետում նա նշանակումներ է կատարում պետական պաշտոններում։ Այս փոփոխությունը կապված է նախագծի 85 հոդվածի այն դրույթի հետ, որ ՀՀ-ում գործադիր իշխանությունն իրականացնում են կառավարությունը եւ օրենքով սահմանված այլ մարմիններ։ Ակնհայտ է, որ այդ մարմինների ներկայացուցիչներին նշանակում է հանրապետության նախագահը»։ Որպես նոր լիազորություն է նշում նաեւ, որ այն ԱԺ-ի վավերացմանը կարող է ներկայացնել միջազգային պայմանագրերը, նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին (գործողով դատախազը նշանակվում եւ ազատվում է վարչապետի առաջարկությամբ), նշանակում է այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին, ազատում է զինված զորքերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին, սեփական նախաձեռնությամբ կարող է ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի իրավունքը գործող Սահմանադրությամբ չունի, կարող է գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան, որի իրավունքը գործողով ունի միայն պատգամավորների 1/3-ի կամ կառավարության նախաձեռնությամբ. «պարզ չէ, թե ինչո՞ւ ՀՀ նախագահը սեփական նախաձեռնությամբ եւ իր կողմից սահմանված օրակարգով եւ ժամկետում կարող է ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարել, իսկ ԱԺ նախագահը սեփական նախաձեռնությամբ այդօրինակ լիազորություններ չունի»։ Որպես նոր լիազորություն նշված է նաեւ օրենսդրական նախաձեռնության իրավունքը։ Նաեւ՝ ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելը։ Հաջորդ նոր լիազորությունը՝ առանց վարչապետի առաջարկության պաշտոնից ազատել պաշտպանության նախարարին եւ ԱԳ նախարարին, նաեւ հետեւյալը՝ կասեցնել կառավարության որոշումները, դիմել ՍԴ՝ պարզելու համար իր կողմից կասեցված կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը եւ օրենքներին։ Լիազորությունների շարքը ընդհատենք եւ ավելացնենք, որ Տիգրան Թորոսյանն ամենեւին համաձայն չէ, թե լիազորություններն ավելացված են։ Ըստ պրն Թորոսյանի, դրանք նույնիսկ կրճատվել են, օրինակ՝ պաշտպանության եւ ՆԳ նախարարներին պաշտոնից ազատելու նոր լիազորության մասով ասաց. «որեւէ մեկը չի համաձայնի նշանակվել վարչապետ, չիմանալով, թե կառավարության կազմում ինչ նախարարներ են լինելու եւ, բնական է, որ այստեղ ճիշտ հակառակն է՝ լիազորությունները կրճատվել են։ Պարզապես այդ մեկ դեպքում, հաշվի առնելով, որ մեր Սահմանադրությունը՝ ե՛ւ գործող, ե՛ւ փոփոխություններով, ՀՀ նախագահի վրա է դնում արտաքին հարաբերությունների եւ երկրի պաշտպանության հետ կապված խնդիրները, բնական է, որ գոնե այս հնարավորությունը նախագահը պետք է ստանար»։ Կառավարության որոշումների կասեցման մասով՝ միեւնույն է, նախագահը, այսպես թե այնպես, կարող է պարզապես չստորագրել կառավարության որեւէ որոշում, որը նշանակում է անվերջ կասեցված վիճակ։ Ընդհանրապես, պրն Թորոսյանը չի էլ թաքցնում, որ տեղի է ունենում հակակշիռների եւ զսպումների ներդաշնակ համակարգի սահմանում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ