Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆԴԵ՞Պ

Ապրիլ 02,2003 00:00

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆԴԵ՞Պ ԵԽ ԽՎ լիագումար նիստում ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ լորդ Ռասել Ջոնսթոնի զեկուցման շուրջ քննարկմանը մասնակցել են 11 խորհրդարանականներ: Ներկայացված զեկուցումից հետո, ուր շարադրված էին ե՛ւ նախընտրական շրջանի, ե՛ւ ընտրությունների ընթացքում արձանագրված, ե՛ւ ետընտրական կազմակերպված օրինախախտումները՝ Վեհաժողովի ընդհանրական տրամադրությունը երեւի թե ձեւակերպվել է պրն Գուբերտի /Իտալիա/ գնահատականում. «Դժվար է եզրակացնել, արդյո՞ք անցկացված ընտրությունների անազնիվ բնույթը աղավաղել է դրանց արդյունքը, թե՞ ոչ»: Միայն հայաստանցի Աշոտ Գալոյանն է, որ արդյունքի խեղաթյուրման կասկած չունի: Վերջինս Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել է. «Ընտրությունների արդյունքը չի վիճարկվում, ամեն դեպքում տեղ գտած օրինախախտումների ծավալը եւ ուժգնությունը չէին կարող աղավաղել արդյունքը»: Պրն Գալոյանը նույնքան «տպավորիչ» մի քանի մտքեր էլ է արտահայտել, մասնավորապես. «ԵԱՀԿ դիտորդների վարկածը խեղաթյուրումների եւ օրինախախտումների մասին մեզ համար անընդունելի է»: Մյուս կողմից էլ պահը բաց չի թողել Իլհամ Ալիեւը՝ հայտարարելով, թե «ընտրությունների հիմնարար չափանիշների լուրջ ոտնահարումները Հայաստանում, վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի տոտալ արհամարհման տրամաբանական հետեւանքն են», որտեղից էլ անցում է կատարվել ԼՂՀ-ի, գրավյալ տարածքների, 1 միլիոն փախստականների եւ լացուկոծի մնացյալ թեմաներին: Ադրբեջանցիներին մի քանի անգամ տարբեր խորհրդարանականներ, այդ թվում Ռասել Ջոնսթոնը, խորհուրդ են տվել Հայաստանին հանգիստ թողնել եւ սեփական խնդիրներով զբաղվել: Մի պարոն Ֆրանսիայից՝ ոմն Ռոշեբլոնը միանգամայն անհասկանալի կերպով կարողացել է կապ տեսնել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների խեղաթյուրման եւ Իրաքում ԱՄՄ գործողությունների հանդեպ Հայաստանի ոչ նպաստավոր հանրային կարծիքի միջեւ: Մյուսներն ըստ էության հավանություն են հայտնել ԵԽ դիտորդական առաքելության ղեկավարի զեկույցին եւ գնահատականներին: Ինքը՝ պրն Ջոնսթոնը ներկայացնելով զեկույցը քննարկման, հետեւյալ ընդգծումներն է կատարել. 1.1998-ի համեմատությամբ ՀՀ ընտրական գործընթացը չի արձանագրել առաջընթաց: 2. 2003-ի ընտրությունների քվեարկության փուլում լավատեսության հույս դեռ հնարավոր էր, սակայն քվեների հաշվարկման ընթացքում խեղաթյուրումները դարձել են աղաղակող: 3. «Վստահությունը հայտարարված արդյունքի հանդեպ զգալիորեն նվազեցրել է /Confidence in the declared result was further impaired/ ընտրական հանձնաժողովներում առկա անհամամասնությունը՝ պաշտոնատար թեկնածուին սատարողների եւ մյուս թեկնածուների կողմնակիցների միջեւ»: «Ես չեմ ասում թե նախագահին սատարողները գործում էին անազնիվ, բայց ես փաստում եմ, որ առկա է խորացած անվստահություն իշխանության եւ ընդդիմության միջեւ»: ԵԽ-ն պետք է հետեւողականություն ցուցաբերի մինչեւ մայիսի 25-ի խորհրդարանական ընտրություններ ընտրական հանձնաժողովների կազմերը բարելավելու: Ինչպես տեսնում ենք, ԵԽ-ում հրաշալի են գիտակցել Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման հիմնական մեխանիզմը. «Կարեւոր չէ՝ ինչպես են քվեարկում, կարեւորը՝ ովքեր են հաշվում»: Եվս երեք խնդիրների առնչությամբ է սըր Ջոնսթոնը ձեւակերպել ԵԽ մոտեցումները. 1.ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականների հակասությունը ԵԱՀԿ, ԵԽ եւ դիտորդների գնահատականներին: Ճիշտ է, ընտրությունների գնահատումը ճշգրիտ գիտություն չէ, բայց ԱՊՀ երկրներից շատերը ԵԱՀԿ եւ ԵԽ անդամներ են, եւ այդ երկրները ներկայացնող դիտորդները պետք է բարեհաճեն մոտենալ գործող չափանիշներին: 2. Քանի որ Հայաստանի իշխանությունները վարչական իրավախախտումների օրենսգրքին դիմելով՝ կարողացան ընտրության առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ, ինչպես նաեւ երկրորդ փուլից հետո մարդկանց ձերբակալություններ իրականացնել եւ հիմնավորել, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն պետք է օրենսգրքի խնդրահարույց հոդվածները վերանայելու վերջնաժամկետ սահմանի ՀՀ իշխանությունների համար: Եվ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կճանաչվեն ազատ եւ արդար միայն այն դեպքում, եթե նման գնահատական հնչի Հայաստանում՝ թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության կողմից: Իսկ մինչեւ խորհրդարանական ընտրություններ ե՛ւ Եվրախորհրդի, ե՛ւ Վենետիկի հանձնաժողովի ուշադրությունը բեւեռված է լինելու թերեւս ՀՀ ՍԴ-ին, քանի որ, ինչպես զեկույցում է ձեւակերպված. «ՍԴ վերջնական որոշումը կարող է չափազանց լուրջ հետեւանքներ ունենալ ընտրական այս ողջ գործընթացի արդյունքի վրա»: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել