Սիրավիպակ՝ հայհոյախոսությամբ «Սեւ աչքեր, ճերմակ սփռոց». այսպիսի վերնագիր ունի Վահրամ Սահակյանի նոր պոեմ-սիրավիպակը (համենայնդեպս, գրքի վրա այսպես է գրված)։ Իսկ թե ինչ անվանում կարելի է տալ գրքին այն ընթերցելուց հետո՝ դժվարանում եմ ասել։ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր»,- գրում է Չարենցը։ Վ. Սահակյանը մի փոքր սխալ է հասկացել այդ խորհուրդը ու ժամանակն է դարձրել իր շունչը՝ շնչահեղձ անելով թե՛ իրեն, թե՛ իր ընթերցողին։ Հեղինակը ոչ թե ապրում է մերօրյա արատավոր երեւույթների մեջ, ոչ թե փորձում է իր ընթերցողին հանել այս «ճահճից», ոչ թե քննադատում է կամ ծաղրում, այլ մեկուսացել է, հուսահատվել ու մի գլուխ հայհոյում է ժամանակին էլ, ժամանակը «փչացնողներին» էլ։ Վերջիններիս թվին, ժամանակակից Համլետի կարծիքով, ով ասես չի պատկանում։ Ջիպի, BMW-ի վարորդներ, որոնց ճակատին ուզում է կրակել, բոլոր նախկին ու այժմեական կառավարության «տղերքը», քաղաքագլուխները, որոնք ամեն տեսակ գովազդային վահանակներով լցրել են քաղաքը, բայց որ «գնաս քաղաքագլխարան ու խնդրես մի քանի օրով որեւէ ներկայացման աֆիշը փակցնեն, կասեն հնարավորություն չունենք»։ Հեղինակին զայրացնում են մեր օրերի մի շարք հայտնի արվեստի գործիչներ՝ «միասեռական աշխատանքի քառակի հերոս(ուհի) բեմադրիչն ու դեռ ֆիլմը չնկարահանած արդեն «Օսկարի» մասին երազող կինոբեմադրիչը։ «Իմ երկիրը կերել են, իմ երկիրը չկա,- գրում է Վ. Սահակյանն ու միանգամից էլ ելքը գտնում։- Թողնենք ռադ ըլնենք էս քոսոտ երկրից»։ Գրքի առանձին հատվածներ կարելի է համարել լավ հրապարակախոսություն, բայց թե սիրավիպակ ասելով ինչ է հասկանում հեղինակը, անհասկանալի է։ Այնքան է չարացած նախագահի վրա, որ երեւի ուզում է ասել նրան, թե ինքը միակ տղամարդը չէ այս երկրում եւ իր «տղամարդկությունը» ապացուցում գրքում մանրամասն նկարագրություններով։ Փոխարենը հանրապետության երկրորդ կամ էլ առաջին տղամարդը կարող է հանգիստ սիրած կնոջ վրա սփռոց շուռ տալ ու անվանել նրան «շուն», միայն այն պատճառով, որ վերջինս իրենից ներողություն չի խնդրում։ Պետք չէ գրականությունը աննպատակ ողողել sex-ով։ Այս «աննպատակը» գրական արժեք կարող է դառնալ, երբ միաձուլվի պատկերավոր խոսքին, արվեստին։ Հեղինակն այստեղ իր պատկերավոր խոսքն է մի կերպ կցում sex-տեսարաններին։ Գրքում հաջողված արտահայտություններից կարելի է առանձնացնել մեկը՝ «Արեւին հեծած ամազոնուհին»։ Հեղինակը գրում է, որ ազդվել է բազում գրողներից, բայց Վիսոցկուց, Սելինից եւ Երոֆեեւից ազդվել է առանձնապես։ Գրքում կան այնպիսի տողեր, որոնք ցույց են տալիս, որ նա ազդվել է նաեւ Գլխավոր Ոզնուց, օրինակ. «Եթե կոչվում է Երվանդ, շուրջը կանի քարուքանդ, եթե անունն է Արամ, անպայման կանի հարամ»։ Ինչ արած, ժառանգականությունն իր դերը կատարել է։ Մնում է հուսալ, որ Վ. Սահակյանի այս գիրքը իր ազդեցությունը չի ունենա որեւէ սկսնակ ստեղծագործողի վրա։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ