Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՃԻՇՏ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Ապրիլ 01,2003 00:00

ԱՌԱՆՑ ՃԻՇՏ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ Սպորտվարչության նիստերի դահլիճում մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը հանդիպման էր հրավիրել հանրապետության ՄԴ-ների տնօրեններին։ Առիթը մարզադպրոցներին պետբյուջեից հատկացվող գումարների ճիշտ ու նպատակային օգտագործելն էր։ Հիշեցնելով, որ դեռ անցած տարվանից ինքը ՄԴ-ների տնօրեններին նախազգուշացրել է, որ փոխվելու են տնտեսությունները վարելու մեթոդները, նա խոսեց կառավարության արդեն իսկ ընդունած որոշման մասին, որով բյուջեից ստացված գումարներն ազատ տնօրինելու հնարավորություն է ընձեռվել։ Հիմա արդեն ավելորդ թղթատարության, բյուրոկրատական քաշքշուկների անհրաժեշտության կարիք չկա։ Բայց քանի որ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը յուրօրինակ բնագավառ է, այստեղ համապատասխան մոտեցում է պահանջվում հատկապես ֆինանսական գործունեության ոլորտում։ ՄԴ-ի տնօրենը պետք է կարողանա հատկապես մարզիչներին վճարել ըստ որակավորման, աշխատանքի արդյունքի, որպեսզի վերջիններս ավելի կապվեն իրենց մասնագիտության հետ ու ավելի լավ աշխատելու խթան ստանան։ Հասկանալի է, աշխատավարձի չափի սահմանումն անհրաժեշտ է համաձայնեցնել նախարարության հետ։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ շուտով կառավարության հաստատմանն է ներկայացվելու պետական պատվերի մասին փաստաթուղթը, որը ոլորտից պահանջում է ոչ միայն աշխատանքների ճիշտ կազմակերպում, այլեւ պատշաճ վերահսկողություն, որպեսզի բացառվեն չարաշահումները, հավելագրումները։ Պետությունը պատրաստ է ստանձնել ցանկացած մարզական միավորի ֆինանսավորումը՝ անկախ վերջինի պատկանելությունից, բայց կարեւորագույն մի պայմանով՝ նրան, որտեղ կա արդյունք մեծ սպորտի կամ մասսայականության առումով։ Ժամանակի թելադրանքով մինչեւ հիմա մի տեսակ հավասարության նշան է դրված եղել ՄԴ-ների միջեւ՝ անկախ աշխատանքի արդյունավետության աստիճանից։ Հիմա այդպես չի լինելու։ Մարզիչներին խրախուսելու նպատակով թույլատրվել է համատեղության կարգով աշխատել մի քանի տեղ։ Հիմա գործելու է պայմանագրային սկզբունքը։ Այնուհետեւ փոխնախարարն անդրադարձավ ՄԴ-ներում տիրող իրավիճակին։ Նա նշեց, որ կան ՄԴ-ներ, որտեղ տնօրենները հաստիքացուցակն ուռճացրել են, քիչ չեն փաստերը, երբ դրանք մի քանի անգամ գերազանցում են նյութատեխնիկական բազայի ընձեռած հնարավորությունը։ Հրամանագրված են անուններ, պաշտոններ, որոնց անհրաժեշտությունը պարզապես չկա։ Ասենք, ՄԴ-ի հնարավորությունները թույլ են տալիս պահելու 7 կամ 8 մարզչի, բայց «վճարվում» է 20-ը, 30-ը։ Ոչ մի կերպ չի հիմնավորվում, երբ վարչական կազմը մոտ եռակի գերազանցում է մարզչականը։ Սրանք երեւույթներ են, որոնք անհրաժեշտ է վերացնել։ Տնօրեններ կան, որ մարզիչների աշխատավարձի չափը սահմանում են կամայական ու անարդար։ 50-60 հազար դրամի կողքին կա նաեւ 6 կամ 8 հազար դրամ ստացող։ Սա սխալ քաղաքականություն է։ Որոշ դեպքերում էլ այդ աշխատավարձը պարզապես հասցեատիրոջը չի հասնում։ Գրեթե համատարած է, որ ՄԴ-ներին տրվող ամսական գումարից միայն մինչեւ 30%-ն է որպես աշխատավարձ ծախսվում։ Փոխնախարարը այս երեւույթը գնահատեց որպես մարզիչների դեմ հանցագործություն։ Ավելին, չի տարբերակվում աշխատող մարզիչը չաշխատողից։ Օրինակ, շատ տեղերում կան մասնագետներ, ովքեր գիշեր ու զօր դուրս չեն գալիս դահլիճից, իսկ ոմանք աշխատանքի են գալիս շաբաթը մեկ, սակայն երկուսն էլ վճարվում են հավասար չափով։ Ստացվում է, որ մարզիչները բաժանվում են երկու խմբ՝ արտոնյալների ու սեւագործների։ Շատ տեղերում մարզիչներն անտեղյակ են իրականացվող բարեփոխումներից, այսինքն որոշ տնօրեններ դրանք թաքցնում են կոլեկտիվից։ Եվ դա այն դեպքում, երբ հատկապես վերջին մի քանի տարիներին ՄԴ-ների ֆինանսավորումը տարեցտարի աճել է, որոշ տեղերում նույնիսկ կրկնակի։ Կան ՄԴ-ների տնօրեններ, ովքեր չեն կատարել պետական կառույցի հստակ հրահանգը՝ մարզչի աշխատանքը չպետք է ցածր լինի 18 հազար դրամից։ Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Մարզադպրոցները, անկախ այն բանից, կոչված են աշխարհի, Եվրոպայի առաջնություններում (սկսած պատանեկանից) մրցանակակիրներ աճեցնել, թե ապահովել մասսայականության խնդիրներ, արդյունք չեն տալիս։ Բայց ֆինանսավորման մեծացում պահանջում են ու ստանում։ «Այսուհետեւ այդպես չի լինելու։ Պահանջելու եւ ուզելու հերթը արդեն մերն է»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Հակառակ դեպքում այդպիսիք պարզապես չեն ֆինանսավորվի։ Այնուհետեւ կոնկրետ թվական տվյալներ բերվեցին մի քանի ՄԴ-ների ֆինանսական քաղաքականությունից։ Ճիշտ է, տնօրենների կողմից եղան նաեւ պարզաբանումներ, որ ստացվող գումարների մի մասը վերադառնում է պետությանը բազմապիսի հարկերի տեսքով, որ տնտեսությունը պահելը՝ ջրի, էլեկտրաէներգիայի վարձ եւ այլն, պակաս գումարներ չի կազմում։ Դրանք իրենց մեջ, անշուշտ, ճշմարտություն պարունակում են։ Սակայն անվիճելի է նաեւ, որ ֆինանսները ճիշտ, խելամիտ ու սրտացավորեն տնօրինելու դեպքում, եթե չլինեն շռայլումներ ու հավելագրումներ, բավականին գումարներ կտնտեսվեն, որոնցով հնարավոր կլինի ոչ միայն մարդկանց նորմալ աշխատավարձ տալ, այլեւ հոգալ հենց այդ հոգսերի մի զգալի մասը, բարձրացնել մարզիչների աշխատանքի արդյունավետությունը։ Մանավանդ, ինչպես սկզբում ասվեց, պետությունը պատրաստ է լավ վճարել լավ աշխատողին։ Վերջում ՄԴ-ների տնօրեններին տեղյակ պահվեց, որ սկսած երկուշաբթի օրվանից սպորտվարչությունը ֆինանսիստների հետ միասին լինելու է բոլոր ՄԴ-ներում եւ տեղերում անցկացնելու է ստուգումներ՝ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել