Բժիշկներն՝ ընդդեմ տաբակիչների «Ո՞րն է կարեւոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ մի քանի աշխատատեղը»,- երեկ կազմակերպված «տեղեկատվական- ուսումնական» սեմինարի ժամանակ այս հարցադրումն արեց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Հրայր Ասլանյանը։ Իսկ սեմինարը կազմակերպվել էր լրագրողներին ուսուցանելու եւ նրանց միջոցով հասարակությանը մատչելի դարձնելու հոգեներգործուն նյութերի չարաշահման արդյունքում մեր առջեւ ծառացած խնդիրները։ Ի դեպ, առողջապահության նախարարությունն արդեն մշակել է «Հոգեներգործուն նյութերի չարաշահման նվազեցմանն ուղղված ազգային ծրագրի» մի նախագիծ։ Այն ֆինանսավորվում է ԱՀԿ-ի կողմից, իրականացման ժամկետները 2003-08 թվականներն են։ Ծրագիրն, ըստ էության, համալիր ռազմավարություն է, որն ընդգրկում է հասարակության տարբեր խմբերում իրագործվող միջոցառումներ։ Դրանց թվում զեկուցողներն ընդգծեցին օրենսդրության բարելավումը, իրավական դաշտի հստակեցումը, տնտեսական լծակները եւ իրազեկությունը։ Հրայր Ասլանյանի կարծիքով, մեր հասարակությունը պատրաստ է այս խնդրի դեմ պայքարելու. «Խոսքը քաղաքական կամքի մասին է»։ Իսկ նման միտում մեր երկրում այսօր չկա, քանզի «ալկոհոլային խմիչքները բավականին մատչելի են»՝ թե տարածվածությամբ, թե վաճառքի գնով։ «Պետությունը պետք է լինի հասարակության առողջության գարանտը»,- եզրափակեց ԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը։ ՀՀ ԱՆ հականարկոլոգիական կլինիկայի փոխտնօրեն Սեդա Ջամալյանը իր ելույթում վիճակագրական տվյալներ ներկայացրեց։ 2002-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության համակարգում հաշվառված է 192 ալկոհոլային պսիխոզով եւ 3674 խրոնիկական ալկոհոլիզմով հիվանդ։ Նրանցից 16-ը կանայք են, կանխարգելիչ հաշվառման մեջ է 279 ոգելից խմիչք չարաշահող։ 2000-ին եւ 2001-ին դիսպանսեր հսկողության տակ գտնվող նարկոլոգիական հիվանդների թիվը համապատասխանաբար եղել է՝ 3652 եւ 3666։ Նախարարության համակարգում հաշվառված են 188 թմրամոլ եւ 14 թունամոլ, իսկ կանխարգելիչ հաշվառման մեջ է 698 թմրամիջոց չարաշահող։ Երեւան քաղաքում հաշվառված է 42 թմրամոլ եւ 5 թունամոլ՝ 46 տղամարդ եւ 1 կին։ Նրանցից 28-ը թմրամիջոցներն օգտագործում է ներերակային եղանակով։ Ամենաբարձր թիվը գրանցված է 20-39 տարիքային խմբում՝ 29 մարդ։ Կանխարգելիչ հաշվառման մեջ է 408 թմրամիջոց չարաշահող։ Նրանցից 269-ը եւս 20-39 տարիքային խմբին է պատկանում։ Սակայն տարբեր միջազգային կառույցների կողմից իրականացված վերլուծություններից պարզ է դառնում, որ ՀՀ-ում ալկոհոլամոլների, թմրամոլների, թունամոլների եւ դրանք չարաշահողների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը։ ԱՄՆ պետդեպարտամենտի 2001թ. զեկույցում, օրինակ, «Թմրամոլների թիվը Հայաստանում կազմում է 7-20 հազար մարդ»։ Ոգելից խմիչքների չարաշահման հետեւանքով աճել է նաեւ ճանապարհատրանսպոտային պատահարների թիվը։ Այսպես. 2001-ին գրանցված 1021 պատահարներից 30-ն է եղել սթափ վիճակում վարորդների մեղքով։ Այդ պատահարներից մահացել է 238 մարդ, որից 12-ը՝ վերոհիշյալ 30 պատահարների արդյունքում։ Ի դեպ, ՄԻԱՎ-ի տարածվածությունը ներերակային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում 9-19%-ի սահմաններում է։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ