ԱՂՔԱՏՆԵՐԻ ՈՒ ՏԳԵՂՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ «Լիլիպուտը գնում է պոռնկատուն եւ պահանջում ամենաբարձրահասակ կնոջը։ Դռան անցքից նայելով տեսնում են, որ նա քայլում է պառկած կնոջ «երկայնքով» ու վանկարկում. «ԹրԴ ՎՏԴ»։ Հայտնի անեկդոտով սկսեց զրույցը նկարիչ Բորիս Մատինյանը, որպեսզի հիմնավորի, թե ինչ «դեր» ունեն իր կյանքում ոչ լիարժեք արտաքին տվյալներ ունեցող մարդիկ։ Նա կարծում է, որ ոչ գեղեցիկներին ու աղքատներին արդեն ճակատագիրը «նեղացրել» է, դրա համար էլ նախընտրում է իր նկարները նվիրել հենց նրանց՝ Աստծուց մի շնորհ պակաս ստացածներին։ Բորիս Մատինյանը նկարներ է նվիրել նաեւ մանկատներին, դպրոցներին, դեսպանատներին։ Անչափ գնահատում է երեխաների տեսակետ-«քննադատությունները» իր նկարների վերաբերյալ։ Բ. Մատինյանը սկսել է ստեղծագործել՝ ազդված արքայադուստր Դիանայի ողբերգական մահից։ Բոլոր գույներով էլ նկարում է, աշխատում է հիմնականում մեկ գույնի բոլոր երանգներով ու բաղադրություններով։ Իր նկարներին վերնագրեր չի դնում, քանի որ չի ցանկանում սեփական կարծիքը փաթաթել դրանք դիտողի վզին. «Ում ինչ անհրաժեշտ է, կքաղի իմ աշխատանքներից եւ կվերնագրի դրանք այնպես, ինչպես կընկալի»։ Նկարիչը կարծում է, որ հանուն հարստության մրցավազքը մոտեցնում է աշխարհի կործանումը. «Մարդն ամենասարսափելի, ամենաագահ հրեշն է։ Հարստանալու ճանապարհին նա ավերում է ամեն ինչ եւ դա անում է կենդանական բնազդով»։ Ըստ նկարչի, հարստացումը բերում է հոգեկան աղավաղման եւ խեղաթյուրման։ Իսկ աղավաղված ներաշխարհով մարդկանց անվանում է «բոմժդեր» (դ-ն՝ ռուսերեն «դուշա» բառից)։ «Աղքատագովքով» տարված Բ. Մատինյանը համոզված է, որ միայն նեղության ժամանակ է մարդը սկսում վերլուծել իր կատարած քայլերը, երբ հոգեվիճակը զուլալ է ու ավելի ազնիվ։ Իսկ հարստանալու ձգտումը «կեղեւ է ստեղծում քո եւ քո միջեւ, ինչի պատճառով մարդը չի կարողանում ինքնախոստովանվել»։ Բ. Մատինյանն իրեն ճշմարիտ հավատացյալ չի համարում, սակայն հաճախ է եկեղեցի գնում դրական էներգիա ստանալու. «Աստված մեզ համար հաճախ փորձություններ է ստեղծում, որպեսզի կարողանանք ինքնամաքրվել»։ Նրա կարծիքով, հայկական գողտրիկ եկեղեցիներից ի վերուստ եկող ուժ է ճառագում, նույն դրական էներգիան «կարելի է ստանալ նաեւ հին տապանաքարերից»։ Ցավում է, որ Երեւանում գնահատում են միայն այն աշխատանքները, որոնք կտավի վրա են արված. «Մնացածը արժեքավոր չեն համարում, ասում են՝ փող չարժեն»։ Ինքը նկարում է ոչ միայն կտավի, այլեւ հին տախտակների, ապակու, մետաղի եւ այլ մակերեսների վրա։ Համարում է, որ հիմա «չի նկարում, այլ ընդամենը խաղ է անում», քանի որ դեռ գոհ չէ ինքն իրենից։ Ցավում է, որ այսօր շատ նկարիչներ սոցիալական ծանր պայմաններից դրդված նկարում են «դուր գալու» համար, ինչը փող է բերում, նույնիսկ նույն նկարից կարողանում են մի քանիսը «ստանալ», նայած, թե դրանցից ո՞ր մեկը «կլիենտի» դաշնամուրի կամ «ստենկայի» հետ կսազի։ Բ. Մատինյանը դեմ է վերնիսաժում ամեն մեկին նկար վաճառելուն։ Կարծում է, որ բացի շնորհալի արվեստագետներից, այնտեղ բազմաթիվ «կապիրովկա անողներ» էլ կան։ Թեեւ հաճախ «մակարոնի ու սուպի» խնդիր ունի, բայց վերնիսաժ գնալու հարցում անդրդվելի է։ Ի դեպ, երբ մեզ հրավիրում էր արվեստանոց, կատակեց. «Դուք ինձ մակարոն կբերեք, ես էլ ձեզ դատարկ ձեռքով չեմ ճանապարհի»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ