Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվության մատչելիությունը բոլորինն է

Ապրիլ 01,2003 00:00

Տեղեկատվության մատչելիությունը բոլորինն է 2003թ. մարտի 28-30-ը Հայաստանի 11 լրատվամիջոց ներկայացնող տասնութ լրագրողներ քննարկեցին Հայաստանում տեղեկատվության ազատության հիմնախնդիրները դատաիրավական, տնտեսական, բնապահպանական, առողջապահության եւ այլ ոլորտներում: Մասնակիցները, այդ թվում մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչները, արձանագրեցին, որ լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը խախտում են գրեթե բոլոր պետական մարմինները: * Տեղեկություն ստանալու իրավունքի ոտնահարումներով հատկապես «աչքի է ընկնում» ՀՀ գլխավոր դատախազությունը. 1. Դատախազության մամլո ծառայությունից հնարավոր չէ ստանալ կամ ճշտել անհրաժեշտ տեղեկությունները։ 2. Տեղեկություն տրամադրելիս մամլո ծառայությունը խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջեւ։ 3. Անհնար է համագործակցել մամլո ծառայության հետ, ինչի հետեւանքով, լրատվամիջոցի կամքից անկախ, երբեմն հրապարակվում են չճշտված տեղեկություններ։ Գտնում ենք, որ սա ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանի կամայական գործունեության հետեւանք է։ Ուստի ՀՀ գլխավոր դատախազին առաջարկում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված պաշտոնյայի աշխատաոճը փոխելու կամ նրան կոմպետենտ անձով փոխարինելու համար, ինչը բխում է ոչ միայն լրագրողների, այլեւ դատախազության շահերից։ * Քննարկումների արդյունքում լրագրողները որոշեցին դիմել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին. «02» հեռուստատեսային հաղորդումը գրեթե բոլոր թողարկումներում խախտում է մարդու անմեղության կանխավարկածի իրավունքը` մինչեւ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը ձեւավորելով հասարակական կանխակալ կարծիք: Հատուկ ընդգծում ենք կասկածյալներին եւ մեղադրյալներին, մասնավորապես անչափահասներին եթերով ցուցադրելու, ինչպես նաեւ նրանց մասին մեղադրական, բարոյախրատական ոճով նյութեր հեռարձակելու անթույլատրելիությունը։ Հիշեցնում ենք, որ համաձայն «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի` «02» հաղորդումը նույնպես համարվում է տեղեկատվության միջոց, ուստի այն պետք է գործի տեղեկատվական դաշտը կարգավորող օրենսդրության շրջանակներում: Առաջարկում ենք հիմնովին վերակառուցել այդ հաղորդումը` համապատասխանեցնելով վերը նշված պահանջներին: * Հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը պաշտպանելու նպատակով որոշեցինք դիմել հետեւյալ միջոցներին. 1. Ստեղծել լրագրողի տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարած պաշտոնյաներին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու նախադեպեր։ 2. Տարբեր ԶԼՄ-ներով հրապարակայնացնել տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների (ներառյալ լրատվական ծառայությունների պատասխանատուների) անունները՝ նրանց ընդգրկելով «Սեւ ցուցակում»։ 3. Սահմանել ամենամյա մրցանակներ օրինապահ եւ իրավախախտ պաշտոնյաների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել