Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՇԵՐՕԹԻԿԸ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԷ

Ապրիլ 01,2003 00:00

ԳԻՇԵՐՕԹԻԿԸ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԷ Որքան էլ լավ լինի գիշերօթիկ կամ հատուկ դպրոցների վիճակը, միեւնույն է, մեծ է հավանականությունը, որ երեխայի իրավունքներն այստեղ կոտնահարվեն: Իսկ դրա համար պետք է կարեւորել ընտանիքի դերը երեխայի կյանքում: Այսպես են կարծում մասնագետները՝ նոր հազարամյակում ձեւավորված նոր մտածելակերպի շնորհիվ: Սա՝ ի հակադրումն Խորհրդային տարիների, երբ ընտանեկան որեւէ պրոբլեմ՝ կապված ապրելակերպի հետ, բավական էր, որ պետությունը երեխային վերցներ իր հոգածության ներքո՝ համոզելով, թե ամենալավ խնամատարը հենց ինքն է: «Անել ամեն ինչ, որպեսզի ցանկացած երեխա մեծանա ընտանիքում»,- երեկ տեղի ունեցած «Երեխաները եւ գիշերօթիկային խնամքը. նոր ռազմավարություն նոր հազարամյակում» թեմայով համաժողովի (որ Ստոկհոլմում կայանալիք կոնֆերանսի նախափուլն էր) ընդգծած հիմնական միտքը սա էր: Աշխարհի բոլոր պետությունները, որ վավերացրել են երեխայի իրավունքների կոնվենցիան, պարտավորվում են անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանեկան միջավայրում: Սակայն այսօր դեռեւս չկան այն անհրաժեշտ պայմանները, որպեսզի գոնե նվազի գիշերօթիկ դպրոցներ մտնող երեխաների թիվը, ավելին՝ վերջին 20 տարիների ընթացքում գիշերօթիկ դպրոցների մի քանի հազար երեխաների թիվը հասել է 12 հազարի: Աճի տենդենց, ի դեպ, նկատվում է ողջ ԱՊՀ տարածքում: Աչքի տակ ունենալով Ռումինիայի օրինակը, Ստոկհոլմի համալսարանի ներկայացուցիչ Ռոնալդ Պենտոնի կարծիքով, այս խնդիրն օպտիմալ լուծում կստանա, եթե գործին «խառնվի» երկրի կառավարությունը: «Մեր երկարատեւ համատեղ ծրագիրը կօգնի ազատել երեխաներին գիշերօթիկներից»: Իսկ երեխաների իրավունքների անկյունաքարերից մեկն ըստ Ռ. Պենտոնի, նրա ձայնը լսելի դարձնելն է: Այսօր չկա այլընտրանքային ոչ մի ձեւ՝ թեկուզ համայնքային ծառայությունների տեսքով, որպեսզի երեխան ստիպված չլինի լքել ընտանիքը: Կամ թեկուզ ստեղծել ընտանիքին մոտ միջավայր՝ որդեգրման միջոցով: Ի դեպ, 2002 թ. Հայաստանում որդեգրվել է մոտ 50 երեխա, որոնց կեսից ավելին՝ արտասահմանցիների կողմից: Հատկապես շատ են որդեգրում հայ երեխաներին՝ կանադացիները: Հարցման արդյունքում, թե ինչու հենց Հայաստանից, այդ երկրի իրավասու մարմինները զարմանալի զեկուցագիր են ուղարկել, որտեղ իբրեւ առաջին նախապայման նշված էր, որ մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան առողջ գենոֆոնդ: ՀՀ կառավարության սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը, որ համակարգում է նաեւ որդեգրման հարցերը, նշում է, որ մեր երկիրը նախապատվությունը տալիս է տեղացի որդեգրողներին, որովհետեւ մենք այդ հարցում շատ զգայուն ենք՝ ում ընտանիք է գնում երեխան, ինչպես է դասավորվելու նրա հետագա կյանքը եւ այլն: «Երեխայի նկատմամբ տաքուկ անկյուն, մայրական գիրկ ապահովելը հայ ժողովրդի սրբազան զգացումներից մեկն է: Իսկ Եվրոպային ինտեգրվելու գործընթացն ապահովելու համար պետք է հաշվի առնել ազգային ավանդույթը: Այս կամ այն ծրագիրն իրականացնելիս պետք է հաշվի առնել, թե այդ ժողովուրդն ինչպես է ապրել»: Ի դեպ, ՀՀ Կառավարության հաստատած այս տարվա բյուջեով 200 մլն դրամ է հատկացված՝ գիշերօթիկ դպրոցների ու մանկատների շրջանավարտներին բնակարանով եւ սոցիալական այլ առաջնային պայմաններով ապահովելու համար: ԿԳՆ տեղեկատվության վերլուծության եւ զարգացման ծրագրերի բաժնի պետ Ռ. Ստեփանյանի տվյալներով, թեպետ գիշերօթիկ դպրոցներին հատկացված միջոցները 10 անգամ ավելի են, քան հանրակրթական դպրոցներինը, միեւնույն է, բավարար չեն ապահովելու երեխաների նորմալ կյանքը: Չկա այդպիսի հետազոտություն, թե ինչ միջոցներ են անհրաժեշտ լրիվ նորմալ գործունեություն ապահովելու համար, բայց էլի թերեւս 10 անգամ ավելի միջոցներ պետք են բնականոն գործունեություն ապահովելու համար: Եթե փորձենք կշեռքի նժարներին դնել դրական եւ բացասական կողմերն այս ոլորտում, ապա կգերակշռեն բացասականները: «Հանրակրթական դպրոցը մերժում է գիշերօթիկին, վերջիններս պիտակավորվում են հասարակության կողմից: Մենք ունենք 9 տիպի հատուկ դպրոց, բայց չունենք հատուկ մասնագետներ, մանկավարժական բուհերում նոր-նոր ենք մտցնում համապատասխան մասնագիտությունները: Պրոբլեմ ունենք դպրոցների անձնակազմի հետ. մանկավարժների համար ըստ արժանվույն չգնահատվող աշխատանք է, բացի մասնագիտականից, անձնային որակներ են պետք: Գիշերօթիկ դպրոցն այսօր գերխնամակալութjուն է իր վրա վերցրել, այսպես՝ որպես միակ հնարավորություն ընտանիքը երեխային ամեն դժվար պարագայում բերում է գիշերօթիկ դպրոց: Վերջիններիս անհրաժեշտությունը կա դեռեւս, սակայն պետք է գնալ դեպի «գիշերօթիկայնացման» կանխարգելում, որովհետեւ դա երեխայի համար, այսպես թե այնպես, լավագույն լուծման միջոց չէ»,- մատնանշեց գերակշռող բացասական կողմերը Ռ. Ստեփանյանը: Այսուամենայնիվ, ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի կարծիքով, այստեղ իրավիճակն այնպիսին է, որ մեզ այսօր գոնե թույլ է տալիս խոսել այս բոլոր խնդիրների շուրջ, ինչը 4-5 տարի առաջ հնարավոր չէր լինի անել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել