ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է ԱԺ պարիսպները (Դեմիրճյան մուտք) երեկ փորձեցին «սասանել» մի շարք լրատվամիջոցներ, որոնք ըստ էության համաձայն չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունմանը։ Մինչ դիրքեր կգրավեինք ԱԺ մուտքի մոտ, խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին Մամուլի ազգային ակումբի կողմից տրվել էր «Ո՛չ՝ գրախոսությանը» կարգախոսով պաստառ, ինչը առգրավվել էր «հանցագործության վայրում»՝ «Հայկական ժամանակի» լրագրող Նաիրա Զոհրաբյանի ձեռքից։ Մինչ բողոքի ցույցի ավարտը, Նաիրա Զոհրաբյանի առողջական վիճակը բավարար էր, տուժածներ եւ ձերբակալվածներ չկային, իսկ լրագրողի օրինական քայլն էլ առիթ չէր դարձել նրա դեմ քրեական գործ հարուցելու համար։ Դարձյալ առաջ քաշվեց «Ո՛չ՝ գրախոսությանը» կարգախոսը։ Լրատվամիջոցները դեմ են այս օրենքին: Պատգամավորների՝ խորհրդարանական աշխատանքներից ծլկելու ժամանակ նրանցից ցուցարար գործընկերներս պահանջում էին կողմ չքվեարկել այս գերատեսչական օրենքին։ «Հարվածից» չխուսափեց նաեւ օրենքի հեղինակը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը։ Ի դեպ, պատգամավորներից մեկը (ապաշնորհ գործունեության արդյունքում հանրությանը ոչ ծանոթ) լսելով լրագրողների կողմից վանկարկված «Ո՛չ՝ գրախոսությանը» կարգախոսը, փողոցի մի ծայրից բղավում էր, թե իր նկատմամբ խուլիգանական արտահայտություն հնչեց։ Ստիպված էինք հիշեցնել պատգամավորին, որ «գրախոսություն» բառի մեջ իրեն նախընտրելի խայտառակ որեւէ տարր չկա, եւ պարզապես բացատրեցինք, որ մենք չենք ուզում, որ զանգվածային լինեն «լռության միջոցները»։ Պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը հանգստացրեց մեզ՝ թե «Գեւորգյան Ռուբենը փախնողը չէ», նույն հնարքից օգտվեց Արթուր Բաղդասարյանը, ասելով՝ «Իրենք կողմ չեն»: Մինչեւ ընդմիջում, մեր տեղեկություններով, ԱԺ-ում էր գտնվում 109 պատգամավոր, բայց որքանով հասկացանք (երբ պատգամավորները դուրս էին գալիս շենքից), նրանց տրամադրվածությունը հօգուտ օրենքի ընդունման չէր։ Մամուլի ազգային ակումբը ունի համարժեք քայլեր՝ օրենքն ընդունվելու դեպքում իր անհամաձայնությունը հայտնելու համար։ «Առաջնորդվելով» նախատեսվելիք օրենքի 5-րդ հոդվածով, մենք չենք բացահայտում նաեւ մեր հետագա գործողությունների աղբյուրները եւս, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում «հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունը ավելի ծանրակշիռ է»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ