Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակրթվելը չի խանգարի

Ապրիլ 01,2003 00:00

Ինքնակրթվելը չի խանգարի «Հանրահավաքների եւ երթերի կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ գործող օրենսդրության պահանջները պարզաբանելու նպատակով խնդրում եմ սույն թվականի մարտի 31-ին, ժամը 10-ին ներկայանալ Երեւան քաղաքի դատախազություն»: Իրականում սա այն հրավերը չէ, որի մասին առաջին հայացքից ու միամտորեն կարող է կարծել մեր ընթերցողը. ասենք, Երեւան քաղաքի դատախազության աշխատողներին կրթելու կամ ժողովրդավարական երկրում դատախազ աշխատելու համար ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության, միջազգային փաստաթղթերում առկա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների շուրջ վերաորակավորման դասընթացներ անցկացնելու հրավեր չէ: ՀՀ դատախազության մասին օրենքին չհամապատասխանող, ընդհանրապես ոչ պատշաճ կարգով ձեւակերպված այս փաստաթուղթը, որից հնարավոր չէ նույնիսկ ենթադրել, թե ով՝ ում կամ ինչ պետք է պարզաբանի, հայտնի չէ նաեւ, թե արդյոք դա ծանուցագի՞ր է, կամ ուղղված է վկայի՞, կասկածյալի՞, թե՞…: Իսկ նույնաբովանդակ հրավերներ ուղարկվել են ՀԺԿ, «Հանրապետություն» կուսակցության անդամների, նաեւ պատգամավորների: Նրանցից միայն երեքն են հարկ համարել ներկայանալ դատախազություն: Մեկը եղել է «Հանրապետություն» կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության ղեկավար Արմեն Մկրտչյանը, որն, ի դեպ, դեռ 2002-ին ընդդիմադիր 13 կազմակերպությունների նախաձեռնած հանրահավաք-երթերին մասնակցելու համար արդեն մեկ անգամ վարչական տույժ՝ 500 դրամ, «վաստակել» էր, եւ որի վերաբերյալ նրա հայցն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Եվրոդատարանի վարույթում է: Ա.Մկրտչյանից տեղեկացանք, որ մայրաքաղաքի դատախազությունում նրան դեմ են տվել ՀՀ նախագահի 1997թ. մի հրամանագիր, որով նախագահը Երեւանի քաղաքապետին է վերապահել «օրենքով սահմանված կարգով» արտոնել կամ չարտոնել հանրահավաքների, երթերի անցկացումը: Ա.Մկրտչյանն էլ՝ իբրեւ մասնագիտությամբ իրավաբան, նաեւ երբեւէ Երեւանի քաղաքապետի քարտուղար, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ա.Զախարյանին պարզաբանել է, որ հրամանագիրը՝ հրամանագիր, կարգը՝ կարգ, բայց հանրահավաք-երթեր անցկացնելու մասին ոչ օրենք կա, ոչ կարգ, ուստի՝ անիմաստ է դրանք արտոնել-չարտոնելու մասին խոսելը, առավել եւս, որ անկախ նույնիսկ դրանց առկայությունից՝ ՀՀ Սահմանադրությունն ուղղակիորեն է գործում եւ երաշխավորում ՀՀ քաղաքացիների կողմից խաղաղ երթեր, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու անքակտելի իրավունքը, ընդ որում՝ առանց չինովնիկի կողմից դա արտոնել-չարտոնելու պայմանի: Դատախազություն ներկայացածներին՝ Ա.Մկրտչյանին, ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Արամայիս Բարսեղյանին, նաեւ Մուրադ Կիրակոսյանին դատախազությունում առաջարկել են ստորագրել մի փաստաթուղթ, որն իրավական տեսանկյունից երբեւէ իր նմանը չի ունեցել. այն է՝ նախազգուշացում, որ ՀՀ քաղաքացին ծանոթացել է ՀՀ նախագահի 97թ. հրամանագրին, որ չարտոնված հանրահավաք-երթին մասնացելու համար վարչական պատիժներ են նախատեսված եւ այլն: Մեր տեղեկություններով, դատախազություն ներկայացածներից ոչ ոք սույն «նախազգուշացման» տակ չի ստորագրել: Ասենք, Մ.Կիրակոսյանն ասել է, որ կոնկրետ մարտի 21-ի հանրահավաքին ինքը, ցավոք, չի մասնակցել, որովհետեւ վատառողջ է եղել, բայց դրանից առաջ բոլոր հանրահավաք-երթերին մասնակցել է, հետո էլ է մասնակցելու եւ լավ է անելու, որովհետեւ դա իր սահմանադրական իրավունքն է: Նույն կերպ վարվել են նաեւ Ա.Բարսեղյանն ու Ա.Մկրտչյանը: ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանն էլ հայտարարեց, որ դատախազություն չի գնացել ու մտադիր էլ չէ գնալ: Վերջինս արդեն որպես օրենսդիր է պարզաբանում, որ հանրահավաքների ու երթերի կազմակերպման ու անցկացման մասին օրենք գոյություն չունի: Նա միաժամանակ իր պարտքը համարեց որպես օրենսդիր խորհրդարանական լսումներ կազմակերպել այդ թեմայով եւ ամփոփ ու սպառիչ պարզաբանումներ տալ ոչ միայն Երեւանի դատախազության, իրավապահ մարմինների աշխատողներին, այլեւ շահագրգիռ այլ պաշտոնյաների: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930