Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐԸ

Ապրիլ 01,2003 00:00

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐԸ «Պետք չէ ժողովրդին բաժանել արտոնյալների եւ հայրենիքի սահմանապահների» Սահմանադրական փոփոխությունների փաթեթի նոր տարբերակը շրջանառության մեջ է դրվել խորհրդարանում։ Նախատեսվում է այդ փոփոխությունները քվեարկել մայիսի 25-ի հանրաքվեում։ Այլ հարցերի հետ միասին նախատեսվում է փոխել մեր պետության վերաբերմունքը երկքաղաքացիության խնդրին։ Եթե գործող սահմանադրությամբ պարզապես արգելված է երկքաղաքացիությունը, ապա նախագահի կողմից առաջարկվող փոփոխություններով հանված է այդ արգելքը։ Սահմանադրական բարեփոխումների գծով ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանի ներկայացմամբ՝ երկքաղաքացիության հարցը թողնված է բաց. «Սահմանադրությունը ոչ ճանաչման դրույթ ունի, ոչ էլ արգելման։ Թողել ենք օրենքին, որովհետեւ երկքաղաքացիությունն այն խնդիրն է, որին պետք է ճկուն ռեակցիա տալ, իսկ դա ավելի հնարավոր է օրենքով, քան սահմանադրական դրույթով, որ հետո որոշ ժամանակ անց ասենք, որ տվյալ դրույթը քաղաքական կոնյունկտուրային չի համապատասխանում, որովհետեւ երկքաղաքացիությունը, այնուամենայնիվ, նաեւ քաղաքական կոնյունկտուրայի հետ կապ ունի»։ Գործող նախագահի կարծիքը երկքաղաքացիության մասին դրական է, Արմեն Հարությունյանի ներկայացմամբ. «Նա դրական է վերաբերվում երկքաղաքացիությանը եւ դա էր պատճառը, որ մենք հանեցինք արգելող դրույթը»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանի կարծիքով՝ «Եթե երկքաղաքացիությունը լուծելու է երկու կարեւոր խնդիր՝ կողմ եմ, եթե չի լուծելու, հետեւաբար չեմ կարող կողմ լինել։ Իսկ այդ կարեւոր խնդիրները հետեւյալն են՝ իրենց ստացած եկամուտներից հարկերը որտե՞ղ են մուծելու այդ քաղաքացիք եւ ծառայելո՞ւ են արդյոք հայրենիքին, թե՞ ոչ։ Եթե կտրվի այս երկու հարցերի լուծումը՝ ապա անշուշտ կողմ կլինենք, եթե ոչ՝ պետք չէ մեր ժողովրդին բաժանել երկու սորտի՝ արտոնյալների եւ հայրենիքի սահմանապահների։ Փաստորեն, այսօրվա վիճակով Հայաստանում ապրելը, եթե դու ներգրավված չես այս կամ այն կլանի մեջ, այս կամ այն ուժը չես ներկայացնում, քեզ համար շատ դժվար է դառնում»։ Պատգամավորներին հարցնում էինք նաեւ՝ իրենք տեղեկություն ունե՞ն՝ օրենսդիր մարմինն այս պահին զբաղվո՞ւմ է արդյոք երկքաղաքացիության մասին օրենքի նախագծի մշակմամբ։ Մեր զրուցակիցներից ոչ ոք նման տեղեկություն չուներ, այդ թվում՝ նաեւ Աղասի Արշակյանը։ ՀՅԴ անդամ Կիմ Բալայանը միակն էր, որ հիշեցրեց, թե 91-ին, երբ ընդունվում էր Անկախության հռչակագիրը, որում, ի դեպ, նաեւ դրույթ կա երկքաղաքացիության մասին, մշակվեց նաեւ համապատասխան օրենքի նախագիծ, որը, ըստ Կիմ Բալայանի, հնարավոր կլինի նորից քննել։ Հասկանալի պատճառներով Դաշնակցության ներկայացուցիչները կողմ են երկքաղաքացիությանը եւ առանց նախապայմանների։ «Միանգամայն դրական է կարծիքս, քանի որ գտնում եմ, որ որեւէ պետություն չի կարող իր այն քաղաքացիներին, որոնք իրենց կամքից անկախ հայտնվել են այլ պետությունների տարածքում, զրկել քաղաքացիության իրավունքից,- ասաց Կիմ Բալայանը եւ հավելեց,- երկքաղաքացիության նորմը ոչ թե ես եմ ստեղծել, այլ այն ամրագրված է Անկախության հռչակագրում, եւ այն Սահմանադրությունը, որը դրվեց հանրաքվեի՝ հակաօրինական էր, որովհետեւ հակասում էր հռչակագրին»։ ՀՅԴ անդամ Ռուբեն Հովսեփյանն ասաց, որ մեր պետության հարաբերությունները Սփյուռքի հայրենակիցների հետ այնպիսին են, որ «ի վերջո երկքաղաքացիության խնդիրը դառնում է մեր հայրենակիցների խնդիրը, ոչ թե մեր պետության։ Մենք մեր պետության վրայից պետք է այդ հոգսը հանենք, այդ արգելը հանելով»։ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, երկքաղաքացիության թեման խոսակցության բավականին լայն շրջանակ է ենթադրում, եւ չի կարելի մեկ բառով ասել՝ կողմ ես, թե դեմ. «Իսկապես, այնտեղ լուրջ բաներ կան։ Նախ՝ երկքաղաքացիությունը ինքը՝ ստանդարտ լուծում չի եւ այդ պատճառով պետք է ճշտել՝ ո՞ր դեպքերում եւ ո՞ւմ համար է կիրառելի։ Խնդիրը մեկն է՝ Սահմանադրությունից հանել արգելքը, քննարկել, քննարկումների արդյունքում եթե կլինեն դեպքեր, հնարավորություններ, կարելի է աշխատել դրա հետ կապված օրենքի վրա»։ Հասկանալի է, որ պատասխանի այս մասով պրն Թորոսյանը հանդես էր գալիս որպես ԱԺ փոխնախագահ, իսկ որպես ՀՀԿ անդամ նրա կարծիքն իմանալն այնքան էլ հեշտ չէր։ Պրն Թորոսյանը պարզապես ասաց, որ եթե ինքը նման սկզբունքային հարցերում այլ կարծիքի լիներ, քան կուսակցությունը, ուրեմն ինքը կուսակցության մեջ չէր լինի։ Պրն Թորոսյանին փոխանցեցինք նաեւ Կիմ Բալայանի հիշեցումը, թե 91-ից ի վեր կա երկքաղաքացիության մասին օրենքի նախագիծ, որի վրա աշխատելուց հետո կարելի է նաեւ շրջանառության մեջ դնել։ Տիգրան Թորոսյանն ասաց, որ 91-ից հետո շատ ջրեր են հոսել, եւ շատ նախագծեր, որոնք անգամ ընդունվել են, այսօր ակնհայտորեն վերանայումների կարիք ունեն. «Բնականաբար 91-ին այլ տրամադրություններ էին, փորձն անհամեմատ ավելի քիչ էր, խնդիրն ինքը ունի շատ լուրջ քննակման անհրաժեշտություն եւ լուծումներն էլ, կարծում եմ, չեն լինի միանշանակ»։ ՀՀԿ մեկ այլ անդամ՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը միանշանակ հայտարարեց, թե ինքը դեմ է երկքաղաքացիությանը. «Կարծում եմ, որ դա օրենքով պիտի ֆիքսվի եւ կարծում եմ, որ դա շատ բարդ է լինելու, որովհետեւ կամ պետք է խորհրդանշական երկքաղաքացիություն լինի, կամ՝ երկու պետությունների համաձայնությամբ։ Այդ դեպքում, բնականաբար, այդքան մեծ տարածում չի լինի, բայց միեւնույն ժամանակ էլ սփռված հայերի համար որոշակիորեն նպաստավոր պայմաններ է ստեղծվում, որպեսզի անմիջական կապի մեջ լինեն իրենց հայրենիքի հետ»։ Անձամբ Գալուստ Սահակյանի կարծիքը. «Անձամբ իմ կարծիքը. ես նախորդ սահմանադրության այդ դրույթն ավելի ճիշտ եմ ընդունել եւ հիմա էլ կարծում եմ՝ դրա մեջ ճշմարտություն կա։ Համենայնդեպս, երկրի, հայրենիքի նկատմամբ նաեւ վերաբերմունք ձեւավորելու խնդրում, կարծում եմ, որոշակի քայլեր այդ ուղղությամբ պետք է կատարվեն»։ Պատգամավոր Սերգեյ Իսրայելյանը կողմ է երկքաղաքացիությանը. «Երկքաղաքացիության մասին օրենք պետք է ունենանք, ես չեմ հիշում որեւէ տեղ, ուր հանդիպել եմ հայերին, չտան այդ հարցը՝ ե՞րբ եք ընդունելու երկքաղաքացիությունը։ Ի՞նչն է սրա վտանգը, ես դեռ չեմ կարող ընկալել, ի՞նչն է խոչընդոտում, ես դեռ չգիտեմ։ Գիտեմ, որ եթե հայ է, ուրեմն պետք է ունենա Հայաստանի քաղաքացիություն»։ Պատգամավոր Մանուկ Գասպարյանը կողմ է, բայց մեկ վերապահմամբ. «Ընտրությունների հարցը ինչպե՞ս է կարգավորվելու, եթե երկքաղաքացիություն ստացող մեր հայրենակիցները իրավունք պետք է ստանան ընտրության, ապա գոնե իրենց եկամտի 1%-ի չափով պետք է մեր երկրի բյուջեին փոխանցումներ կատարեն»։ Առաջիկայում Սահմանադրական փոփոխությունների փաթեթը կքննարկվի խորհրդարանում, իսկ կոնկրետ այս հարցի կապակցությամբ կներկայացնենք նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել