Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՇՏԱԲ ԵՎ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 01,2003 00:00

ՄԱՍՇՏԱԲ ԵՎ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ Երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ստրասբուրգում գումարված գարնանային նստաշրջանում, խախտելով ընտրությունների մասին լոկ զեկույցներ լսելու ավանդույթը, ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ կայացել են քննարկումներ: Ավանդույթը խախտելուն հարկադրել էր, թերեւս, ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար սըր Ռասել Ջոնսթոնի զեկույցը, որտեղ գրեթե առաջին տողից մինչեւ վերջինը արձանագրված են ՀՀ նախագահական ընտրություններում իրականացված օրինախախտումները, բառացիորեն հավելելով՝ հօգուտ պաշտոնավարող նախագահի /in favour of the incumbent/: Դրանց մասշտաբն ու ծանրությունը /the scope and gravity of irregulations/ ընդգծված է նաեւ զեկույցի եզրափակիչ հատվածում, իսկ փաստաթուղթն ամբողջության մեջ փետրվարի 19-ի եւ մարտի 5-ի ընտրությունների անազատ, անարդար եւ անօրինական լինելու մասին կասկած չի թողնում: Զեկույցի 1-ին հատվածի /թվակիր՝ 18.03.2003/ 31-րդ կետը մասնավորապես արձանագրում է, որ «Առավել խնդրահարույց էր քվեների հաշվառումը եւ աղյուսակավորումը: Արձանագրվել են ինչպես քվեատուփերի լցոնման փաստեր, այնպես էլ քվեարկության արդյունքների եւ արձանագրությունների կեղծումներ»: Հիշատակվում են «բազմաթիվ ընտրական տեղամասերում ընտրողների անհավանական բարձր թիվը, ընդհուպ 100-ը գերազանցող», «մեծաթիվ տեղամասերում քվեարկության մասնակիցների թիվը գերազանցող քվեների հաշվարկումը», «վերջնական արդյունքներ, որ տարբերվում են հաշվարկից անմիջապես հետո կազմված արձանագրությունների տվյալներից», էլ ավելի աղաղակող կեղծումներ, երբ հօգուտ մի թեկնածուի արձանագրված ձայները վերջում վերագրվել են մեկ այլ թեկնածուի եւ այլն: Հանրային ռեսուրսները հօգուտ պաշտոնավարող նախագահի չարաշահելու, «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» միտումնավոր փակման, «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավարության հիասթափեցնող ընթացքի մասին հատվածներն անգլերենին «տիրապետող» ՀՀ նախագահը եւ իր թիմակիցները կարող են անձամբ ընթերցել, հրապարակման ծավալը թույլ չի տալիս դրանք թարգմանաբար մեջբերել: Զեկույցի 2-րդ հատվածի /թվակիր՝ 31.03.2003/ տխուր եզրակացությունն է, թե «երկրորդ փուլն առաջինից լավը չէր»: 19-րդ կետում մասնավորապես ասված է. «Առանձնապես մտահոգիչ էր քվեատուփերի լցոնման լայնատարած բնույթը: Արձանագրվել են քվեարկության վայրից դուրս կնքված եւ ստորագրված քվեաթերթիկների շրջանառության մեծաթիվ դեպքեր՝ ինչպես քվեարկության օրը, այնպես էլ քվեարկության օրվանից առաջ»: Ավելին՝ 16-րդ կետում ուշադրություն է հրավիրված հետեւյալ հանգամանքին. «Մինչ ընտրական հանձնաժողովների կազմը պետք է պահպանվեր, ինչպես առաջին փուլում, մեծ համամասնությամբ ՏԸՀ անդամներ փոխվեցին: Արդյունքում՝ հանձնաժողովների կազմը ստացվեց էլ ավելի կողմնակալ՝ հօգուտ պաշտոնավարող նախագահի, քան առաջին փուլում էր»: 22-րդ կետը տեղեկացնում է. «Տագնապահարույց է հանգամանքը, որ համաձայն դիտորդների եւ ընդդիմության վստահված անձանց հաղորդումների, իրենք զրկված են եղել քվեների հաշվարկման գործընթացին ամբողջովին հետեւելու հնարավորությունից»: Միով բանիվ՝ ՀՀ նախագահական ընտրությունների մասին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում հնչած զեկույցից, կատարված օրինախախտումների եւ ընտրակեղծիքների վաղօրոք եւ ծավալային նախապատրաստության տպավորություն է ստեղծվում: Մանավանդ երբ հավելվում են ընդդիմության հանդեպ գործադրված ճնշումների մասին հիշատակումները, պետական միջոցներով իրականացված հակաքարոզչությունից մինչեւ ընդդիմության ջատագովների աշխատանքից վտարումներ եւ ձերբակալություններ, որոնց մասին նույնպես շարադրված է զեկույցում: ԵԽ-ն ըստ էության փաստում է, որ Հայաստանը ժողովրդավարությունից սահում է դեպի բռնություններ: Հայաստանյան իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն միջազգային դիտորդական առաքելությունների քննադատության եւ խորհրդատվության առնչությամբ: «Իրադրությունը շտկելու ուղղությամբ քայլերը ծայրահեղորեն անհրաժեշտ են Հայաստանին՝ ժողովրդավարության մանդատը պահպանելու համար»: Սա Ռասել Ջոնսթոնի զեկույցի «Եզրակացություններ» բաժնի ամենամեղմ հատվածն էր: Թե զեկույցի քննարկումները Վեհաժողովում, որի շուրջ արտահայտվելու համար գրանցվել էին 15-ից ավելի պատգամավորներ, ինչ ընթացք են ունեցել, կներկայացվի վաղվա համարում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել