Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՐԱՆՔՈՒՄ

Մարտ 29,2003 00:00

ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՐԱՆՔՈՒՄ Ստեփան Դեմիրճյանը կլիներ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը (անկախ երկրորդի նկատմամբ առկա վերապահման), եթե Վազգեն Մանուկյանից եւ Կարեն Դեմիրճյանից հետո չլիներ երրորդը, որ ընտրվելուց հետո նախագահ չի դառնում։ Յոթ տարվա ընթացքում նախագահական երեք ընտրություններում երեք այսպիսի դեպքի արձանագրումը արդեն ոչ թե մտահոգություն, այլ ախտորոշում է, խորհելու հիմնավոր պատճառ, եթե ոչ ազգի, պետության ներկայի եւ ապագայի, ապա ձեւավորված իշխանական համակարգի մենթալիտետի մասին։ Այստեղ, ինչպես Պոլոնիուսն էր ասում Համլետի առիթով, «թեեւ խենթություն է, բայց մեթոդ կա մեջը»։ Անշուշտ, զարմանալի չի լինի, որ «մենթալիտետի» մասին հայտարարող գերնախարարը լավագույն դեպքում հասկանա այդ բառի միայն առաջին բաղադրիչը՝ «մենթ»-ը եւ դրանով էլ առաջնորդվի, կամ Քոչարյանը դեն նետի «ժողովրդավարություն» բառի առաջին մասը՝ արդարացնելով «բարի ժամանակների» կառավարման տրամաբանությունն ու մեթոդները։ Դեռեւս հոգեվերլուծաբան Յունգն էր պնդում «բնության եւ այլացեղ բնակչության՝ անձի վրա թողած հսկայական ազդեցության» մասին, ընդսմին նշելով հատկապես ամերիկացիներին, համաձայն որի, «նրանց մարմինը արձագանքում է Ամերիկային, իսկ հոգին՝ Աֆրիկային»։ Հոգու եւ մարմնի, մանավանդ աշխարհագրության նեղ մասնագետ չեմ, բաց մերը իսկապես արտասովոր է, եւ «կոլեկտիվ անգիտակցության» ու «արքետիպի» Կոլումբոսը կապշեր, եթե պարզվեր, որ հակառակ իր ուսմունքի, «կոլեկտիվ գիտակցությունը» նույն արդյունքն է տալիս նաեւ իր ունեցած կլինիկայից դուրս, ասենք, ազդելով ԽՍՀՄ ժառանգորդների հիշողության վրա այնպես, որպեսզի կամենան մի բան եւ անեն միանգամայն այլ բան։ Այսինքն՝ ուզենան ժողովրդավարություն եւ ստանան նմանակում, իսկ եթե Եվրոպան իր «կոլեկտիվ անգիտակցականությամբ» դրան հասել է 300 տարում, ի՞նչ կարիք կա «կոլեկտիվ գիտակցությամբ» շտապել։ Կարելի է հագնել անգլիական մաքուր մահուդից կոստյում, ազգային անմեղսունակության խոր կսկիծով կապել ֆրանսիական փողկապ, ընտրել իտալական ներբանով, մաքուր թուրքական կաշվից կարած կոշիկ, բայց մտածողությունը կարող են պահել չուխայի, չարուխի եւ քրդի քոլոզի մակարդակի։ Նշանակում է, որ վիճակն ավելի ծանր է, քան կարելի է ենթադրել։ Հոգեբանական նման մի դեպք նկարագրում է Էդուարդ Աթայանը «Առողջների հիվանդությունը» աշխատության մեջ, այն համարելով «կեղծ լիբիդո՝ առանց իրացման հնարավորության», որ կենցաղային լեզվով կարելի է թարգմանել «կեղծ հղիություն 300 տարի անց սպասելիքով»։ Լավ, ասենք, մեր բախտը չբերեց վերջին երկու հարյուրամյակներում, երբ հայտնվելով իրարից չըլլալու չափ տարբերվող ռուսական եւ թուրքական պետական համակարգերում, այդպես էլ չկարողացանք հայտնաբերել ցանկացած ժողովրդի համար անհրաժեշտ մեր պետականության գաղափարը եւ դրան ներհատուկ ձեւը։ Ընդունենք, որ մեր բանահյուսական երեւակայությունը հազիվ զորեց հորինելու «բարի ցարի» եւ «չար սուլթանի» առասպելը եւ ըստ այդմ կողմնորոշվել։ Հոժարենք, որ այն ժամանակահատվածում, 20-րդ դարում, երբ բոլոր ազգերը լծված էին ազգային ինքնագիտակցության գործին, մենք կոմունիզմ էինք կառուցում կամ ձեւով ազգային, բովանդակությամբ չինացի էինք խաղում, բայց համաձայնե՞նք, որ «բարի ցարի» ու «չար սուլթանի» միջինը Քոչարյանի պես մի բան էր լինելու, որ չի համապատասխանում անգամ Խորենացու «մեր հիվանդ նոխազի» եւ ուրիշի «առողջ առյուծի» չափանիշներին։ Մենթալիտետի մասին խոսակցությունները կարելի էր ավելի խորքային վերլուծության ենթարկել, սակայն, ավա՜ղ, մենք ետ վարժվեցինք վերջին տասնամյակում լավ ընթերցողի համար գրելուց։ Եվ հազար անգամ ճիշտ էր Մաթեւոսյան Հրանտը, որ կարծում էր, թե ավերածություններից հետո եւս մի քանի «Կոմիտաս եւ Չարենց են պետք», որպեսզի ուղղվի Սոս Սարգսյանի սապատը, որ գոնե թոռը չխաղա Նահապետ։ Երկընտրանք Հայտնի պատճառներով Հայաստանում իշխանափոխություն չկատարվեց։ Եվ ստեղծված վիճակում կայունություն է, թե լարվածություն, ըստ ամենայնի, Քոչարյանի համար միեւնույն է, որովհետեւ ինչ կարիք կա ունենալ մի բան, որ ուզած ժամանակ կարելի է հորինել։ Մյուս կողմից, իրաքյան պատերազմը հարմար առիթ է, որպեսզի մեզնով առայժմ չզբաղվեն։ Կամ զբաղվեն նրանք, ովքեր մինչեւ այդ զբաղվել են։ Հետո այլ առիթներ կլինեն, ինչպես ԱԺ ընտրություններ եւ նախագահական ընտրություններ Ադրբեջանում, որտեղ, Քոչարյանի համոզմամբ, Հայաստանի համեմատությամբ ավելի լավ ընտրություններ չեն լինելու (ահա թե ինչ է նշանակում մենթալիտետի իմացությունը), ինչը հիանալի հնարավորություն է սառեցնելու ղարաբաղյան հակամարտությունը եւ լուծելու խնդիրը եւս մի քանի տարով, մինչեւ կամ էշը կսատկի, կամ պահանջատերը։ Եվ բացառված չէ, որ դեմոկրատիան՝ ի դեմս Բուշի, այնքան վարկաբեկվի, որ սեփական Սադամը համարվի նախընտրելի։ Մնում է չխանգարենք, որ Ազգային ժողովի ընտրությունները Քոչարյանի սրտով լինեն եւ մենք կունենանք երկիր՝ ազատ, անկախ եւ միացյալ. ո՞ւմ հետ եւ ո՞ւմ համար։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31