Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ վերացվեց ժողովրդական ատենակալների ինստիտուտը

Մարտ 29,2003 00:00

Ինչո՞ւ վերացվեց ժողովրդական ատենակալների ինստիտուտը Տարեց մարդիկ հիշում են, որ դատարանի նիստերը վարում էր դատավորը, իսկ իր աջ ու ձախ կողմերում նստած էին ժողովրդական ատենակալները։ Շատերն այն կարծիքին էին, որ դատական նիստերը ատենակալների մասնակցությամբ ու հսկողությամբ արդար է։ Այն ժամանակ ատենակալները ընտրվում էին տարբեր կազմակերպությունների կոլեկտիվների կողմից։ Իսկ կոլեկտիվը ընտրում էր դատական համակարգին ծանոթ, շատ դեպքերում՝ իրավաբանական կրթություն ունեցող մարդկանց։ 70-80-ականներին Հայկոոպի վարչության կոլեկտիվի կողմից ընտրվել եմ Երեւան քաղաքի Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի (այն ժամանակ դատավորին ընտրում էր ժողովուրդը) ատենակալ։ Մոտ երկու տասնամյակ աշխատել եմ ժողովրդական դատավոր, իրավաբան, իր գործի մեջ գիտակ Հրաչիկ Գոգինյանի հետ։ Կարճ ժամանակաշրջանում մենք էլ դարձանք «դատավորներ» եւ ամբաստանյալներին տված մեր հարցերով երբեմն թեթեւացնում էինք դատավորի գործը: Վճիռ կայացնելիս ղեկավարվում էինք Քաղաքացիական կամ Քրեական օրենսգրքերի պահանջներին համապատասխան, որի հետեւանքով, ինչպես դատական նիստերին մասնակցող քաղաքացիները, այնպես էլ կողմերը միշտ գոհ էին հեռանում Գոգինյանի նախագահած դատական նիստերից։ Իշխանափոխությունից հետո վերացավ ժողովրդական ատենակալը եւ մնաց նշանակովի դատավորը։ Այժմ դատարանի նիստերը վարում է մեկ անձ, այն է՝ իշխանության կողմից նշանակված դատավորը (1-ին ատյանում մեկն է, 2-րդ ատյանում՝ երեքը, 3-րդ ատյանում՝ վեցը- խմբ.)։ Նա միանձնյա է որոշումներ կայացնում, իսկ չար լեզուները ասում են, որ հաճախ կատարում է իրեն նշանակողի պատվերը եւ հանձնարարականները։ Մեր կարծիքով, այս դատարանը ժողովրդավարական համարել չի կարելի հատկապես ժողովրդավարական երկրում։ Իմ երկարամյա աշխատանքային կենսափորձը եւ տարիքային դիտողականությունը ինձ համարձակություն են տալիս դիմել մեր հարգելի իշխանություններին՝ լսել ժողովրդի ձայնը եւ վերականգնել ժողովրդական ատենակալների ինստիտուտը, որը կարող է կանխել եւ վերացնել դատական պրոցեսում առաջացած բոլոր բացերը։ Մենք այն կարծիքին ենք, որ իշխանավորները, որոնք խոսում են ժողովրդի հետագա բարեկեցիկ կյանքի մասին, կկատարեն ժողովրդի պահանջը եւ հատուկ որոշումով դատական նիստերին այսուհետեւ մասնակից կդարձնեն իսկապես ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին։ Այն ժամանակ կվերանա ժողովրդի մեջ տարածված հայտնի «շատ կտաս՝ քիչ կտամ, քիչ կտաս՝ շատ կտամ» առականման ասույթը։ ԼԻՊԱՐԻՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Ժողովրդի մի մասի հիշողության մեջ վառ է մնացել դատավորի թրի տակով անցնող ատենակալների կերպարը։ Ատենակալներից շատերը տարրական իրավաբանական կրթություն եւ գիտակցություն չունեին, էլ չենք խոսում, որ ունակ չէին ինքնուրույն վճիռներ կայացնելու։ Չենք կարծում, թե ժողովուրդը կողմ է վերականգնելու այդ ինստիտուտը եւ անցնելու այն արահետով, որը ճակատագրի հեգնանքով մեկ անգամ արդեն անցել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել