Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդներն ու հաշմանդամները չեն ընտրել

Մարտ 29,2003 00:00

Հիվանդներն ու հաշմանդամները չեն ընտրել ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը միայն իր հաշվառման վայրում տեղակայված ընտրական տեղամասերում: Քվեարկության որեւէ այլ եղանակ նախատեսված չէ: Ստացվում է, մարդիկ, որոնք ընտրական տեղամաս հասնելու դժվարություններ ունեն, զրկվում են ընտրելու հնարավորությունից: Իրավաբան Հրայր Թովմասյանի խոսքերով (նա ՀՀ Ընտրական օրենսգրքի հեղինակներից է), սա դեռեւս հռոմեական իրավունքից հայտնի է որպես «մերկ իրավունք»՝ երբ ունես իրավունք, սակայն չես կարող այն օգտագործել: Հ. Թովմասյանը նշում է, որ այսօր մեզ մոտ չի ապահովվում ընտրական իրավունքի համընդհանրությունը: Սա հատկապես վերաբերում է հիվանդանոցներում, առողջարաններում գտնվող անձանց, հաշմանդամների, ինչպես նաեւ այդ օրը իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնող բժիշկների, ոստիկանների, հրշեջների քվեարկությանը: Ընտրություններին մասնակցելու խնդիրը բարդ է հատկապես այդ պահին հիվանդանոցներում գտնվող եւ բուժում ստացող անձանց համար: Եթե անգամ որոշ հիվանդների թույլատրվում է դուրս գալ հիվանդանոցից եւ մասնակցել ընտրություններին, ապա կան հիվանդներ, որոնց արգելված է դուրս գալ: Խոսքը սուր վարակիչ հիվանդություններից բուժվող մարդկանց մասին է: Օրինակ՝ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում գրանցված է եղել 150 հիվանդ: Իսկ Երեւանի ուռուցքաբանության գիտական կենտրոնում՝ 280: Փաստորեն, 430-ից ավելի քաղաքացի զրկվել է իր ընտրական իրավունքից: Եվ սա միայն Երեւանի 2 հիվանդանոցների տվյալներով: Մինչեւ 1999թ. «Ընտրական օրենսգրքի» մշակումը գործում էր երկու կարգ: Նախ՝ տեղամասեր էին ձեւավորվում նաեւ հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում: Սա մարդկանց հնարավորություն էր տալիս առանց նշված հաստատությունները լքելու՝ քվեարկել: Մյուս կարգը շրջիկ արկղերն էին: Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բժիշկ Լաուրա Գրիգորյանի խոսքերով՝ իրենց մոտ այս երկու ձեւերից եւ ոչ մեկը երբեք չի կիրառվել: Ուռուցքաբանության գիտական կենտրոնում, սակայն, շրջիկ արկղերի մասին հիշում են: Իրավաբան Հ. Թովմասյանի տվյալներով՝ 1996-1998թթ. ընտրությունները ցույց տվեցին, որ այս երկու կարգերը բավականին մեծ չարաշահումների տեղիք են տվել: Պրն Թովմասյանն այդ ժամանակ առաջարկել է այլ միջոցներ, որոնք կապահովեին այս քաղաքացիների ընտրական իրավունքը: Դրանցից առաջինը նախօրոք քվեարկությունն էր, որը նախատեսված էր հատկապես ընտրության օրը իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնող մարդկանց համար: Երկրորդ ձեւը լիազորագրով քվեարկությունն էր, երբ մարդը հնարավորություն չունի մասնակցելու ընտրություններին եւ լիազորում է իր վստահված անձին իր փոխարեն քվեարկելու: Երրորդ ձեւը փոստով քվեարկությունն էր: Այս ձեւերը, սակայն, չընդգրկվեցին Ընտրական օրենսգրքում՝ համարվելով ընտրակեղծիքների նոր աղբյուր: Պրն Թովմասյանը պնդում է, որ հիվանդանոցներում եւ նման այլ հիմնարկություններում տեղակայված ընտրատեղամասերի եւ շարժական արկղերի օգտագործման ժամանակ ցանկության դեպքում հնարավոր է խուսափել խախտումներից: Ի տարբերություն մեզ՝ Արեւմուտքում ամեն ինչ արվում է ընտրություններին մասնակցելը հնարավորինս դյուրին դարձնելու համար: Մեծ Բրիտանիայում, օրինակ, ընտրողների ցուցակներ չկան: Ընտրողը ներկայացնում է անձնագիրը, նրա տվյալները գրանցում են, եւ քաղաքացին արդեն կարող է քվեարկել: Հոլանդիայում ընտրական տեղամասերից շատերում քվեաթերթիկներ ընդհանրապես չկան, ընտրողների ցուցակներ էլ, որպես այդպիսին, չկան: Դրված են մի քանի համակարգիչ եւ հատուկ սարքեր: Անձնագիրն անցկացնում են այդ սարքերի միջով, եւ դրա բոլոր տվյալները մուտքագրվում են համակարգիչ: Այնուհետեւ քաղաքացին հենց համակարգչի վրա կարող է քվեարկել: Հաջորդ քվեարկությունը այդ համակարգչի վրա կարելի է անել միայն 30 վայրկյան հետո: Այդ ընթացքում արդեն քվեարկած անձը պետք է հեռանա համակարգչի մոտից: Ընտրություններից հետո ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է մեկ համակարգչում, եւ կատարվում է հաշվարկը: ՀԱՍՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել