Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԵԼԲԱՋԱՐ. 10 ՏԱՐԻ ԱՆՑ

Մարտ 29,2003 00:00

ՔԵԼԲԱՋԱՐ. 10 ՏԱՐԻ ԱՆՑ Սերժ Սարգսյան. «Մենք Քելբաջարը չենք զավթել» – Քելբաջարից հետո համաշխարհային հասարակությունը կրկին հայերին մեղադրեց ագրեսիայի մեջ: Ինչո՞վ էր պայմանավորված Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի մուտքը Քելբաջարի շրջան: – Դա ռազմական անհրաժեշտություն էր, եւ եթե մենք ուզում ենք ապրել Լեռնային Ղարաբաղում՝ մենք պիտի դա անեինք: Մեր լեզվով ասած՝ դա Քելբաջարի շրջան չէ, այլ թշնամու զինված խմբավորում է, որը գտնվում է Քելբաջարի շրջանի տարածքում: Այդ խմբավորումը մահացու վտանգ էր ներկայացնում մեր զորքերի համար Մարտակերտում: Ամռանը եւ աշնանը ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում էր ձեռնարկել երկու կողմից՝ Աղդաբանից ու Չարեքտանից, անընդհատ ռմբակոծելով Մարտակերտի շրջանը եւ Լաչինի մարդասիրական միջանցքը, որպեսզի կասեցնի մեր զորքերի առաջխաղացումը Մարտակերտի ուղղությամբ: Մենք սպասում էինք այդ հարձակմանը եւ պատրաստ էինք դրան: Ադրբեջանական ստորաբաժանումները ընկան աքցանի մեջ: – Հնարավորություն տվե՞լ եք ադրբեջանական զինվորներին ինքնակամ հեռանալ շրջանից: – Ասեմ, որ Մարտակերտի շրջանում կրած պարտություններից հետո ադրբեջանական բանակը լրիվ բարոյալքված էր, եւ մենք 100 տոկոսով վստահ էինք, որ այդ շրջանի տարածքում թշնամու ռազմական բոլոր զինակետերը ոչնչացվելու են: Ես ասում եմ, որ 100 տոկոսով վստահ էինք դրանում: Ինձ մոտ եկել էին Կարմիր խաչի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ մենք նրանց ցույց ենք տվել մեր դիրքերը ու այն ճանապարհը, որով ադրբեջանական զորքը՝ դիմադրություն չցուցաբերելու դեպքում, կարող էր հեռանալ տարածքից: Ռացիայով մենք նրանց նախազգուշացրել ենք այդ մասին: Զինյալները, որոնք լսեցին մեզ՝ հեռացան առանց կորուստների, մնացածները ոչնչացվել են: – Իսկ խաղաղ բնակչությո՞ւնը: – Խաղաղ բնակչության 95 տոկոսը նախապես էվակուացվել էր, մնացածներին մենք հնարավորություն տվեցինք հեռանալ եւ ցույց տվեցինք ճանապարհը, որով դա կարող էին անել: Մենք ժամանակ տվեցինք նրանց, զգուշացնելով, որ այն ապահովելուց հետո ճանապարհը փակվելու է: Ադրբեջանական խաղաղ բնակչությանը մեր զինվորներն էլ են օգնել հեռանալ ռազմական գործողությունների շրջանից: Այնպես որ, ագրեսիայի մասին խոսք չի կարող լինել: Մենք Քելբաջարը չենք զավթել, այլ վերացրել ենք մեր բանակի եւ խաղաղ բնակչության համար մահացու վտանգը, որը իրենից ներկայացնում էր այդ տարածքում թշնամու ռազմական խմբավորումը: Եվ այսուհետեւ մեր թշնամու հետ կվարվենք նույնկերպ: «Հայք», 12 ապրիլի 1993թ. Սամվել Բաբայան. «Մենք ոչ մի թիզ հող չենք զիջի» 172 Այսօր Հայաստանում լուրեր են պտտվում, թե ԼՂՀ զորքերը թողնելու են Քելբաջարը։ – Լսել եմ այդ մասին։ Մենք ոչ մի թիզ հող այլեւս չենք զիջի։ Քելբաջարը այսօր ողջ Ղարաբաղի, 100 տոկոսով՝ Մարտակերտի շրջանի դարպասն է։ Դուրս բերել մեր զորքը այնտեղից՝ նշանակում է դատարկել Ղարաբաղը։ Ես գիտեմ մեր ուժերը, եւ մենք դա անել ոչ ոքի չենք թույլ տա։ Ոչ մի հայ չպետք է կասկածի դրանում։ Վստահեցնում եմ, որ ես կանեմ ամեն ինչ, որ Քելբաջարը, որպես ռազմական բազա, մեզ համար այլեւս մահացու վտանգ չհանդիսանա։ – Ամիսներ շարունակ մենք լսում էինք, որ ԼՂՀ բանակը պիտի մտնի Քելբաջար: – 1992թ. աշնանը ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցվեց: Ձմեռվանից սկսեցինք նախապատրաստվել Քելբաջարի ու Լաչինի օպերացիային: Ադրբեջանցիները իրենց ողջ ուժերը կենտրոնացրել էին Մարտակերտի շրջանում: Մենք մեր ուժերը կենտրոնացրինք Լաչինի ուղղությամբ: Թեեւ այդ ժամանակ բանակցություններ սկսվեցին Ադրբեջանի հետ, մենք սպասում էինք խոշոր հարձակման Մարտակերտից: Եվ ճիշտ դուրս եկանք՝ բանակցությունները ձախողվեցին: Թուրքերը Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների հյուսիսում կուտակել էին 5 հազարից ավելի զինվոր, ահռելի քանակությամբ տեխնիկա: Նրանք օգտագործեցին 4 ինքնաթիռ, որից երկուսը ոչնչացվեցին: Օդաչուներից մեկը, ազգությամբ ռուս, զոհվեց, մյուսը մեզ մոտ է: Հունվարի վերջից սկսվեցին թեժ մարտերը: Թշնամին կորցրեց մեծ քանակությամբ կենդանի ուժ, տեխնիկա, բայց ոչ մի քայլ առաջ չկարողացավ շարժվել: Մեր առջեւ դրված էր հետեւյալ խնդիրը՝ գրավել Մարտակերտի բարձունքները: Երբ կարեւորագույն բարձունքները վերցրինք, մարտի վերջերին սկսվեց Լաչինի ու Քելբաջարի օպերացիան, որը փայլուն ավարտեցինք՝ համեմատաբար քիչ զոհերով: – Ասում եք՝ քիչ զոհերով… – Մենք, ղարաբաղցիներս, զոհված չունենք: Հայրենիքի համար ընկած զինվորը հավերժ շարքում է, բարձունքների վրա: Այնպես որ, նրանց զոհված մի համարեք: Այս հաղթանակի համար 2 հազարից ավելի զինվոր իրենց կյանքը տվեցին: Մարդը մի անգամ է ծնվում, մի անգամ էլ մեռնում: Եվ մեր սերունդը, վերջապես, գերադասեց կանգնած մեռնել, քան ապրել ծնկաչոք: Այսօր մենք ունենք կանոնավոր, մարտունակ բանակ, ու այլեւս ոչ ոք մեզ ծնկի չի բերի: Կանոնավոր բանակի ստեղծումը ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը: – Այսօր Դուք Լեռնային Ղարաբաղի բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնն եք վարում եւ, հետեւաբար, ԼՂՀ անվտանգության համար պատասխանատվության մեծ մասը ընկնում է Ձեզ վրա: Չեմ կարծում, որ Ադրբեջանը հաշտվի Քելբաջարի, Լաչինի կորստի հետ, եւ ըստ երեւույթին, շատ շուտ կհավաքի իր ուժերը… – Ես գիտեմ մեր ուժերը եւ ուզում եմ ասել մեր ժողովրդին, որ վախենալու կարիք չկա ոչ՛ Ադրբեջանից, ոչ՛ Թուրքիայից, ոչ՛ Ռուսաստանից: Ամռանը սպասվում է ադրբեջանցիների եւս մեկ հարձակում: Պատրաստ ենք դրան: Եթե մենք կարողացանք ռազմական հաջողության հասնել, երբ ստիպված էինք օղակաձեւ պաշտպանություն պահել, ապա Քելբաջարում եւ Լաչինում վտանգը վերացնելուց հետո այժմ ավելի հեշտությամբ կջախջախենք թշնամուն: Դարեր շարունակ մենք որպես խաղաղասեր ազգ ենք երեւացել աշխարհին եւ անվերջ խաբվել՝ կորցնելով մեր հողերը: Այսօր այլեւս խաբվելու իրավունք չունենք: Մենք ուզում ենք խաղաղ ապրել մեր բոլոր հարեւանների հետ, բայց նրանք էլ, ողջ աշխարհն էլ պիտի լավ իմանան, որ ուժի դիրքերից ոչ մեկին այլեւս թույլ չենք տա Ղարաբաղի հետ խոսել: Թող Հայաստանի ու Ղարաբաղի հայությունը հասկանա, որ մենք պիտի մի բռունցք լինենք, պիտի քաղաքականության մեջ լինենք եւ՛ զգույշ, եւ՛ կտրուկ, եւ՛ համարձակ: Այդ դեպքում միայն մենք դուրս կգանք դարերով մեր վզին փաթաթված լծից: Մենք չենք ուզում ոչ ոքի սպանել, բայց եթե Ադրբեջանը դա չհասկանա եւ շարունակի մեզ սպառնալ՝ իր բոլոր մնացած կրակակետերը եւս կոչնչացվեն: Մենք արյամբ մաքրված մեր հողից ոչ մի թիզ չենք զիջի: «Հայք», 22 մայիսի 1993թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31