Լրահոս
Օրվա լրահոսը

«Զբոսանքը» դեպի Բաղդադ՝ տապալվեց

Մարտ 29,2003 00:00

«Զբոսանքը» դեպի Բաղդադ՝ տապալվեց Այսօր արդեն պարզ է, որ ամերիկյան զինվորականների արագ «հաղթանակի ծրագիրը» ձախողվեց։ Պատերազմի սկզբից մեկ շաբաթից ավելի է անցել, իսկ անգլո-ամերիկյան զորքերը դեռ Բասրայի մատույցներում են եւ կրում են զգալի կորուստներ։ Ո՞րն է անհաջողությունների հիմնական պատճառը։ Առաջին մեղավորները հետախուզական ծառայություններն են։ Պարզվում է, որ ծրագրավորված էր պատերազմը սկսել երկու օր ուշ։ Սակայն Բուշի մոտ եկան Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը եւ այդ ոլորտի այլ պաշտոնյաներ, որոնք համոզեցին ԱՄՆ-ի նախագահին անհապաղ սկսել պատերազմական գործողությունները, քանզի իրենց ստույգ հայտնի է Սադամ Հուսեյնի գտնվելու տեղը եւ որ բացառիկ հնարավորություն է ընձեռվել հենց սկզբից լուծել «հիմնական խնդիրը»։ Ինչպես հայտնի է, դա չհաջողվեց, իսկ զինվորականները ստիպված էին սկսել բոլոր ծրագրավորված գործողությունները՝ նախապատրաստական աշխատանքները չավարտած։ Երկրորդ հանգամանքը. հետախույզները տեղեկություններ էին հրամցնում, որ իրաքյան բանակի մարտական ոգին ցածր է եւ որ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո Իրաքի զինվորները զանգվածաբար գերի են հանձնվելու, իսկ որոշ զինամիավորումներ՝ իրենց հրամանատարներով կանցնեն կոալիցիոն զորքերի կողմը։ Ավելորդ է ասել, որ այդ տեղեկությունները սխալ դուրս եկան՝ իրաքցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերում, իսկ ժողովուրդը շարունակում է սատարել Հուսեյնին եւ ամերիկացիներին ագրեսոր է համարում։ Ամերիկացիները հաշվի չառան այն պարզ իրողությունը, որ եթե Քուվեյթի գրավման ժամանակ Իրաքը անարդար պատերազմ էր վարում, ինչը գիտակցում էր ողջ աշխարհը, ապա այսօր միջազգային հանրության համակրանքը ակնհայտորեն Իրաքի կողմն է։ Այդ հոգեբանական գործոնը (որը կարեւոր է ցանկացած պատերազմի ժամանակ) իրաքյան զինվորներին լրացուցիչ ուժ է տալիս՝ պաշտպանելու սեփական երկիրը բոլոր առումներով ավելի հզոր թշնամուց։ Ոչ ոք չի կասկածում, որ վաղ թե ուշ պատերազմը կավարտվի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաղթանակով, սակայն կորուստներն այնքան զգալի կլինեն, որ լուրջ անկայունություն կառաջացնեն ԱՄՆ-ում եւ Անգլիայում։ Չմոռանանք, որ դեռ առջեւում են փողոցային մարտերը իրաքյան քաղաքներում եւ հատկապես Բաղդադում, որի պաշտպանությունը բավականին լուրջ է կազմակերպված։ Չնայած նրան, որ ամերիկյան որոշ զինամիավորումներ արդեն մոտեցել են Իրաքի մայրաքաղաքին, գրոհը հետաձգվում է, քանզի թիկունքում են մնացել իրաքյան բանակի զգալի մասը եւ չվերահսկվող տարածքներ։ Ամերիկյան տեխնիկայի տեղաշարժերը օդից պաշտպանում են ցածր բարձրության վրա թռչող ռազմական ուղղաթիռները, որոնք իրենց հերթին հարմար նշանակետ են Իրաքի հակաօդային ուժերի համար։ Միաժամանակ ողջ աշխարհում չի նվազում հակապատերազմական շարժումը։ Հատկապես սուր է իրավիճակը արաբական երկրներում, որոնց Սադամ Հուսեյնը դիմել է օգնության խնդրանքով։ Արաբական երկրների պնդմամբ, օրերս պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կայանար, որում պլանավորվում էր փորձել կանգնեցնել պատերազմը։ Սակայն կա մտավախություն, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան վետո կդնեն նման որոշման վրա եւ հենց այդ փաստը կներկայացնեն որպես պատերազմական գործողությունների լեգիտիմացում ՄԱԿ-ի կողմից։ Հատկանշական է, որ Ավստրալիայի վարչապետ Հովարդը հրաժարվեց մասնակցել Վաշինգթոնում կայանալիք նախագահ Բուշի եւ Թոնի Բլերի հետ հանդիպմանը՝ տեղի տալով հասարակական կարծիքի ճնշմանը։ Ակնհայտ է, որ իրավիճակը Իրաքի շուրջ ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական առումներով լրջորեն բարդացել է եւ ելքը թվում է ոչ այնքան միանշանակ, ինչպես մինչ պատերազմը։ Անկասկած, ԱՄՆ-ն առնվազն լուրջ քաղաքական կորուստներ է ունենալու։ Մինչդեռ Բուշը դիմել է խորհրդարան, խնդրելով լրացուցիչ 75 միլիարդ դոլար՝ պատերազմը շարունակելու համար։ Իսկ Բասրայի խաղաղ բնակչությունը տառապում է անդադար ռմբակոծություններից, խմելու ջրի եւ էլեկտրականության բացակայությունից, միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Իրաքի ընդերքում գտնվող համաշխարհային նավթային պաշարների 10%-ը՝ իր, որպես աշխարհի ամենահզոր տերության, կարգավիճակը ամրապնդելու համար։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել