Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏԸ ԶՐՈՒՑԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ»

Մարտ 29,2003 00:00

«ՊԵՏԸ ԶՐՈՒՑԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ» Այս խոսքերով են մարդկանց գիշերով տնից հանում «Արդարություն» դաշինքի շտաբում բացված է անվճար իրավաբանական ծառայություն, որտեղ կարող են դիմել եւ իրավաբանական օգնություն ստանալ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տուժել են ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո իրականացվող բռնությունների, իրավունքների ոտնահարման եւ այլնի հետեւանքով։ Աշխատանքները ղեկավարում է փաստաբան, «Փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որին խնդրեցինք ներկայացնել, թե ինչ խնդիրների են առնչվում։ Պրն Տեր-Եսայանն ասաց, որ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին դիմել փաստաբաններին՝ պարզելու, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները։ Անհանգստությունները կապված էին նաեւ այն բանի հետ, որ շատերի հարազատները հիվանդ էին (20-ից ավելի դեպք)։ Փաստաբանները փորձում էին հնարավորինս արագ օգնել մարդկանց, բայց առանց դատավորի որոշման ոչինչ հնարավոր չէր անել, իսկ դատավորները (չնչին բացառությամբ) հիմնականում հրաժարվում էին տալ դատարանի վճիռը։ Սա իրոք աբսուրդ իրավիճակ է, քանի որ դատարանի վճիռն ըստ օրենքի՝ պետք է տրվի անմիջապես, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա անմիջապես սկսել բողոքարկման գործընթացը։ Սակայն մինչ բողոքարկումը հարազատները հայտնվում են դժվարին կացության մեջ։ Պրն Տեր-Եսայանի ներկայացրած մի քանի փաստեր. «Հիմնական պրոբլեմը սա էր՝ ասենք Հրազդանի բնակչին տնից գիշերով տանում էին, հարազատը գնում էր Հրազդանի ՆԳ, ասում էին՝ Երեւան են տեղափոխել, հետո հարազատը գալիս էր Երեւան, թելը մի տեղ կտրվում էր։ Կամ՝ Արմավիրից բերում էին, ու հարազատն իր մերձավորին կորցնում էր, ու երբ մարդիկ դիմում էին փաստաբանի օգնությանը, չէին կարողանում բացատրել, թե իրենց հարազատը որտեղ է։ Եղել են դեպքեր, երբ մարդուն փնտրել ենք ամբողջ օրը. մի ՆԳ մեկուսարանից՝ մյուսը, օրը լրացել է, եւ մարդն ազատ է արձակվել»։ Մի քանի դեպքերի կապակցությամբ էլ փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին, օրինակ՝ Արամ Թամազյանին ուղղված հետեւյալ դիմումը վերաբերում է քաղաքացիներ Աշոտ Սեւակի Մեսրոպյանի եւ Հովհաննես Եզնակի Պետրոսյանի ճակատագրին։ Վերջիններիս մարտի 11-ին, ժամը 20։30-ի սահմաններում Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքից հետո ականատեսների վկայությամբ, անհայտ անձինք 2106 մակնիշի 412 ՏՏ 01 պետհամարանիշի ավտոմեքենայով առեւանգել են ու տարել անհայտ ուղղությամբ, որից հետո նույն անձինք Մատենադարանի հարեւանությամբ գտնվող շենքի բակից տեղափոխել են նաեւ Ա. Մեսրոպյանին պատկանող ԳԱԶ-24 մակնիշի 12 ՈւԼ 947 պետհամարանիշի ավտոմեքենան, որի գտնվելու վայրը եւս անհայտ է։ Հարցումները մի շարք ՆԳ մարմիններում, ՆԳ վարչության ժամանակավոր պահման մեկուսարաններում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարաններում արդյունք չէին տվել։ Խնդրվում է գլխավոր դատախազի միջամտությունը վերոհիշյալ անձանց նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած քաղաքացիների ինքնությունը եւ անհետացած քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու համար։ «Փաստաբանների միջազգային միության» նախագահ Տ. Տեր-Եսայանի այս նամակը դեռեւս պատասխան չի ստացել, այն ուղարկվել է մարտի 12-ին։ Սակայն կորած քաղաքացիները գտնվել են՝ ավելի ճիշտ տեղեկություն են ուղարկել, թե որ մեկուսարանում են գտնվում։ Մեկ այլ դեպքում հնարավոր է եղել ձեռք բերել դատարանի վճիռը եւ վերաքննիչ բողոք ներկայացնել։ Խոսքն էպիլեպսիայով հիվանդ քաղաքացու մասին է, որին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) ենթարկել է վարչական կալանքի՝ 10 օր ժամանակով։ Մխիթար Մխիթարյանի փաստաբան Սոս Գրիգորյանն իր վերաքննիչ բողոքում խնդրում է փոխել որոշումը եւ նրան ազատել վարչական կալանքից՝ բավարարվելով կրածով։ Մինչ վերաքննիչը հարցը կլսի (կամ չի լսի) մարտի 21-ից կալանված քաղաքացու 10-օրյա ժամկետը, հավանաբար, կլրանա։ Երեկվա դրությամբ դիմումը որեւէ պատասխանի չէր արժանացել։ Փաստաբանական աշխատանքի համար բոլորովին պայմաններ չկան։ Ըստ էության, ուժային կառույցներն անցել են բացարձակ անօրինականությունների։ Իրավիճակը հետեւյալն է՝ կորածներին գտնելու հույսով հարազատները դիմում են փաստաբանին, փաստաբանը՝ ԺՊՄ-ներին, որոնք պատասխանում են, թե տվյալ անձն իրենց մոտ չէ, հետո պարզվում է՝ այնտեղ է կամ էլ իրոք ԺՊՄ-ում չէ, եւ տվյալ անձին մի քանի օր պահել են հենց ՆԳ բաժնում, ստացվում է կարուսել, շատ ժամանակ հանդիպում տեղի չի ունենում՝ փաստաբանը դիմում է համապատասխան ատյաններին, ասենք՝ ՆԳ բաժին, պատասխանում են, թե բաժինը փակ է։ «Վերջին թարմ դեպքը՝ հարազատները փաստաբան են վարձում՝ իմանալով, թե որտեղ է լինելու դատը, մինչեւ դատի սկսվելը կալանավորվածներից մի քանիսը հրաժարվել են փաստաբանի ծառայություններից, ակնհայտորեն հետո նրանց հետ աշխատանք է տարվել, որ հրաժարվեն փաստաբանի ծառայություններից»։ Եղել են դեպքեր, երբ կալանվածի եղբորը կամ ծնողին դուրս են հրավիրել դատարանի դահլիճից եւ արգելել են մասնակցել դատավարությանը։ Տիգրան Տեր-Եսայանի բացատրությունը հետեւյալն է. «կամ հետաքննության մարմնի հիմնավորումներն են շատ թույլ, որ չեն ուզում փաստաբանը մասնակցի (սակայն ուշ թե շուտ այդ նյութերը նայվելու են), կամ եթե խնդիրը պետք է պահի տակ լուծել, ուրեմն դա իրեն արդարացնում է»։ Ակնհայտորեն դատարանները զբաղված են հրահանգ կատարելով եւ դա անում են իրենց վարկի եւ հեղինակության հաշվին. «Ինչ-որ չափով դրական կարծիք կար ձեւավորված թեկուզ թեորիապես, դատաիրավական բարեփոխումների հետ կապված։ Սակայն այս վերջին ամիսներին ամբողջն արմատից կտրվեց։ Փաստաբանությունը, ուժային կառույցները, դատարանները եւ դատախազությունը պետության արմատներն են եւ նման ձեւով մեկը մյուսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առօրյա աշխատանքում արդեն վնասում է այս ինստիտուտներին։ Խնդիրն այն է, որ հարազատներն էլ հաճախ թերահավատությամբ են լցվում, որովհետեւ տեսնում են, որ փաստաբանների առաջ բոլոր դռները իրոք փակվում են։ Իմ գործընկերները պատմում են, որ իրենց չեն թողել մտնել ՆԳ բաժին։ Ակնհայտորեն բլոկ էր արված ու այդ բլոկն արհամարհանքի բլոկ էր։ Ինչքա՞ն ժամանակ պիտի անցնի, որ նորից վերականգնվի հավատը դատական համակարգի հանդեպ։ Ես չեմ ուզում ասել, թե բոլորն են մասնակից նման բաների, կան մարդիկ, որոնք շատ արագ ձեւով արձագանքել են, ճիշտ ժամանակին տվել են վճիռը եւ անհրաժեշտ փաստաթղթերը, բայց զգացվել է, որ կաշկանդված են»։ Կալանվածներին տրվում են տարբեր տույժեր՝ դրամականից մինչեւ կալանք 15 օր, եւ որեւէ տրամաբանություն չկա, թե ինչու մեկին տուգանում են, ասենք, 500 դրամով, մյուսին՝ 15 օրվա կալանք են վճռում, մարդկանց օրերով պահում են եւ հետո են հարցը մտցնում դատարան։ Ըստ օրենքի՝ ՆԳ բաժին կամ մեկուսարան մտցնելուց առաջ պետք է արձանագրություն կազմվի, թե որ օրը եւ որ ժամին է տվյալ անձը մտել տվյալ հաստատություն։ Փաստաբանների ջանքերը՝ ծանոթանալ արձանագրությանը, ապարդյուն են անցել։ «Չենք աշխատում»,- եղել է հիմնական պատասխանը։ Ստացվում է, որ իրավունքը կիրառվում է, սակայն մարդուն չի բացատրվում, թե ինչու են գիշերվա կեսին բերման ենթարկել: Հարազատները վկայում են, որ պատշաճ ձեւով փաստաթուղթ չի ներկայացվում, եւ հիմնականում հետեւյալ տեքստն է՝ «պետը զրուցելու բան ունի»։ Այն ամենը, ինչ այս օրերին կատարվում է հանրապետության ամբողջ տարածքում, ակնհայտորեն միտում ունի ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի մարդիկ խուսափեն հանրահավաքների եւ երթերի մասնակցելուց։ Փաստաբան Տիգրան Տեր-եսայանը լավատես է եւ կարծում է, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում. «նման մոտեցումներով կալանքի ենթարկելը թուլության նշան է։ Ի՞նչ է նշանակում՝ ՆԳ-ն փակ է, դուռը ծեծում ես՝ փակ է։ Կամ ի՞նչ է նշանակում բերետավորներով դատարանի մուտքը փակելը։ Կամ դատարանի միջանցքում ուժային կառույցն է տեր ու տիրակալը, աղմկում-գոռում է, չի թողնում, որ փաստաբանը խոսի։ Այսինքն՝ սա ուժեղի գործընթաց չէ, թույլի գործընթաց է։ Հետո մի խնդիր կա՝ միեւնույն է՝ փաստաբանները դիմադրելու են, որովհետեւ որոշ չափով փաստաբանական ինստիտուտն իր արմատները գցել է արդեն»։ Տիգրան Տեր-Եսայանը գտնում է, որ ճիշտ տակտիկա չի ընտրված եւ ցույցերն ու հանրահավաքները կանխելու նման մեխանիզմներ թելադրող խորհրդատուները շատ վատն են. «այսինքն՝ այն մարդը, որն այս ծրագրի իդեոլոգն է եղել, կարելի է ասել, որ «2» ստացավ։ Այո, կիրառման իդեոլոգը պարտվեց, այսպես չէր կարելի։ Իսկ որ սա համընդհանուր է եղել՝ առանց խոսքի։ Որովհետեւ նույն գործընթացը չի եղել մի շրջանում, այլ ամբողջ Հայաստանում։ Այսպիսի միջոցառում անցկացնելը հաղթանակ չէր, այլ պարտություն»։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել