Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ ՉԻ ՍԿՍՎԵԼ

Մարտ 29,2003 00:00

ԵՐԵԿ ՉԻ ՍԿՍՎԵԼ Վաղը չի վերջանա Հնարավոր է, որ Արմեն Զավենի Սարգսյանը չի պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը, եւ դատախազությունը, իր սովորության համաձայն, նրա գլխին գործ է սարքում: Բացառված չէ, սակայն, որ նա առնչություն ունի այդ հանցագործության հետ: Սակայն այդ երկու պնդումների միջեւ չի կարելի հավասարության նշան դնել՝ այն իմաստով, որ երկրորդի հետեւում կանգնած է պետության պատժիչ մեքենան եւ քարոզչությունը, որոնք իրենց դատավճիռն արդեն կայացրել են: Մեզ դատարան ընդհանրապես պետք չէ, երբ կա դատախազությանն առընթեր Հանրային հեռուստատեսությունը: Օրինակ, փայլուն միտք էր՝ մոնտաժել Ապերի եւ Սանահոր ասածները՝ Տ.Նաղդալյանի սպանության համար փող փոխանցելու մասին եւ Արմեն Սարգսյանի ցուցմունքները՝ ինչ-որ հազարներ տալու վերաբերյալ /առանց նշելու, թե ինչի համար է տվել/: Դա, ինչ խոսք, հանճարեղ ռեժիսորական մտահղացում էր՝ մոտավորապես Ֆելինիի մակարդակի: Տեսականորեն դատախազության անսխալականությունը պետք է որ կասկածի տակ դնեն իրավապաշտպանները, փաստաբանները: Սակայն նրանց քանակը վերջին շրջանում զգալիորեն պակասել է: Ասենք, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ մարդկանց կարելի է դատել փաստաբանի բացակայությամբ: Իսկ փաստաբան Ռուբեն Ռշտունին, որն ուրիշ առիթներով բազմիցս խոսել եւ գրել է քննության ապօրինի մեթոդների մասին, այս անգամ, հավանաբար, գտնում է, որ դատախազությունը մոտ է իդեալին: Այնինչ հայտնի է, որ իրավապահ մարմինները մշտապես գայթակղություն ունեն կատարելու քաղաքական ղեկավարության պատվերը: Դա երեկ չի սկսվել եւ վաղը չի վերջանա: Մենք առայսօր վստահ չենք, թե «Դրո» եւ «Վահան Հովհաննիսյան + 30» գործերում որ մասն է ճշմարտություն, որը՝ հաշվեհարդար ընդդիմադիր կուսակցության հետ: /«Առավոտը» դրա մասին բազմիցս գրել էր 95-97 թվականներին/: Ընդհանրապես, կարծում եմ, որ իրավապաշտպանը, լրագրողը, փաստաբանը, ավելի լայն իմաստով՝ մտավորականը պարտավոր են միշտ կասկածով վերաբերվել պատժիչ մարմինների գործողություններին։ Դա գլխավոր միջոցն է՝ զսպելու այդ մարմինների կամայականություններն ու անպատժելիությունը: Ծափահարել ոստիկանությանը, դատախազությանը կամ դատարանին՝ նշանակում է էլ ավելի փչացնել, այլասերել դրանց: Եվ, որն ավելի վատ է՝ գցել սեփական վարկը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել