Երկրագունդը միայն Հայաստանը չէ Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների կողմից հայտարարված նախնական գնահատականների կապակցությամբ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի կարծիքը, իր իսկ հավաստմամբ, համընկնում է արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքի հետ: Ռ. Միրզախանյանի, այսինքն` Վ. Օսկանյանի գնահատմամբ, «պարադոքսալ» տարբերություն կա ԱՊՀ երկրների եւ ԵԱՀԿ դիտորդների գնահատականների միջեւ: «Իրականում ԱՊՀ երկրները եւ Եվրոպան ունեն ժողովրդավարության զարգացման թե8217 տարբեր մոտեցումներ, թե տարբեր հասկացություններ, մակարդակներ ու չափանիշներ: ԱՊՀ երկրները ժողովրդավարության զարգացման մի ժամանակաշրջան են ապրել եւ գալիս են մեկ պետական համակարգից` ավտորիտար, տոտալիտար… Նրանք մի ընդհանուր քաղաքական ավանդույթների կրող են հանդիսանում: Իսկ եվրոպական երկրները` միանգամայն այլ պատմություն ու զարգացում են ապրել»,- Վ. Օսկանյանի գնահատականները վերաշարադրեց Ռ. Միրզախանյանը: Եվ դա ավելի պատկերավոր դարձնելու ու նաեւ բացատրելու համար, թե որքան ժամանակ է պահանջվում տոտալիտար, ավտորիտար ժամանակաշրջան ապրած երկրներին՝ հասնելու եվրոպական չափանիշներով ապրած երկրներին, Ռ. Միրզախանյանը բերեց հետեւյալ օրինակը: «Անգլիացիներին հարց են տալիս` ինչպե՞ս է լինում, որ ձեզ մոտ գազոնն այսքան հարթ ու հավասար է ստացվում: Ասում են` այդտեղ առանձնապես բան չկա. ամեն առավոտ խուզում ենք, հետեւում ենք, եւ դա անում ենք 300 տարի,- անգլիացիների խոսքը մեջբերեց ՀՌԱԿ ատենապետը՝ ավելացնելով,- այստեղ իսկապես ժղովրդավարության զարգացումը պահանջում է ժամանակ: Հույս ունեմ, ոչ 300 տարի»: Ըստ Ռ. Միրզախանյանի, հայերը պետք է համեմատվեն նրանց հետ, ում հետ «մոտ» են եւ ունեն քաղաքական նույն ընթացքը, այլապես, նրա համոզմամբ, մնացած համեմատությունները տեղին չեն: «Սա իմ կարծիքը չէ, կրկնում եմ, Վարդան Օսկանյանի կարծիքն է»,- վերստին հայտարարեց Ռ. Միրզախանյանը: Իսկ երբ փորձեցինք պարզել անձամբ Ռ. Միրզախանյանի կարծիքը, նա պատասխանեց. «Ասում եմ, որ իմ կարծիքը համընկնում է»: Նրա կարծիքով, նման խնդիրներին պետք է վերաբերվել ըստ էության, եւ չպետք է մոռանանք, որ մենք ի վերջո ԱՊՀ երկիր ենք: Իսկ ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ, Հայաստանն իր «ձեւի մեջ պրոգրեսիվ» է: Ռ. Միրզախանյանի հավաստմամբ, պետք է նաեւ շատ լուրջ մոտենալ արեւմտյան ժողովրդավարության խնդիրներին, որտեղ առկա են երկակի ստանդարտներ: «Դիտորդների մեջ շատ էին ԱՄՆ դիտորդներ: Այդ գերհզոր պետությունն ուղղակի արհամարհեց կարեւորագույն միջազգային ամբիոնը` ՄԱԿ-ը, եւ սկսեց իրականացնել պատերազմ, որը ժողովրդավարություն չի վայելում ոչ միայն արաբական աշխարհում, այլ հենց Միացյալ Նահանգներում: Եվ երբ այս երկրի ներկայացուցիչներն այսօր խոսում են Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված խախտումների մասին, որոնք, ի դեպ, կային, եւ դրան զուգահեռ իրականացնում են ռազմական ուժի անօրեն կիրառում, թույլ տվեք հստակ պնդել, որ առաջինը խիստ արժեքազրկվում է»,- ասաց նա: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ