Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՊԱՅՔԱՐԻ ԵՐՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆ Է»

Մարտ 29,2003 00:00

«ՍԱ ՊԱՅՔԱՐԻ ԵՐՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆ Է» Հայտարարեց Վարդան Խաչատրյանը Մատենադարանի մոտ եւ ավելացրեց. «Հայոց ոգին հնարավոր չէ ընկճել» «Այս ժողովրդի տրամադրությունը բարձրանում է, երբ որ ասում են՝ հեսա-հեսա Քոչարյանը գնալու է»։ «Այո՜»,- գոռաց ժողովուրդն Արամ Զավենի Սարգսյանի այս խոսքերից հետո։ Իսկ Արամ Սարգսյանը չէր կատակում՝ «այո՛, իսկապես այդպես է, ամբողջ խնդիրը նրանում է՝ ինչպես է ինքը գնալու։ Անցած անգամ ես ձեզ ասացի՝ մեզ ձեռնտու է, որ ինքը գնա ժողովրդով՝ ձեզնով, ու դրա համար է, որ մենք միտինգներ ենք հավաքում»։ Երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի հերթական հանրահավաքը։ Արամ Սարգսյանն անդրադարձավ նախորդ օրը Հ1-ով ցուցադրված Արմեն Սարգսյանի, այսպես կոչված, «ցուցմունքներին»՝ Տիգրան Նաղդալյանի սպանության հետ կապված, եւ ասաց, որ մոնտաժված ցուցադրումն ավելորդ անգամ ապացուցեց, որ «Հոկտեմբերի 27»-ի տեսաերիզի մոնտաժումը եւ այս մոնտաժումն արվել է նույն տեղում։ Իշխանություններին պիտի ասեմ, որ «27»-ից հետո բազմաթիվ գաղտնալսումներ եւ տեսաձայնագրումներ են եղել, որոնք առ այսօր չեն տրվել նույնիսկ տուժողների փաստաբաններին, որոնցից որեւէ մեկը որեւէ անգամ Հ1-ն այսպիսի ջանասիրությամբ չի ցուցադրել։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով՝ որովհետեւ իրենց ձեռնտու չէ։ Պարոնայք իշխանավորներ, ես այն ժամանակ վարչապետ էի, չէ՞, եթե ձեր բարոյականությունն ունենայի, կարող էի օգտվել, չէ՞, դրանից։ Էս ի՞նչ եք անում, դուք անցնում եք մարդկայինի սահմանը»։ Արամ Սարգսյանը ժողովրդին հավատացրեց, որ իր եղբայրը որեւէ կապ չունի Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, իսկ իշխանություններին ասաց. «Հույս չունենաք, նման բաներով մեզ չեք կոտրի»։ Արամ Սարգսյանը վստահ է, որ իշխանություններն ընկճված են. «դրա համար հեռուստատեսությամբ ասում եք, որ քրեական գործեր կհարուցեք միտինգների կազմակերպիչների վրա, պա՜հ, չոքներս դողաց, է՛լի։ Առանց այն էլ բռնակալի անուն ունեք, մի քիչ էլ ավելացրեք։ Դրանից ձեր գնալու ժամանակն է արագանալու»։ Արամ Սարգսյանը ժողովրդին խնդրեց լցվել հավատով եւ հավատալ, որ Սահմանադրական դատարանն ուժ կգտնի օրինական եւ արդար վճիռ կայացնելու, իսկ փաստերը բավարար են նման որոշում կայացնելու համար։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որեւէ կապ չունի Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, իսկ ընդհանրապես «մեր պետության մեջ վտանգի տակ են այն մարդիկ, ովքեր որոշակի տեղեկատվություն ունեն «27»-ի ոճրագործության վերաբերյալ կամ իշխանության կողմից իրականացված որեւէ այլ հանցագործության վերաբերյալ։ Նրանք վտանգի աղբյուր են հենց նույն իշխանության համար, որովհետեւ ինֆորմացիոն աղբյուր են։ Սա է իրականությունը։ Իսկ անկախ նրանից, թե որքան կպահեն Արմեն Սարգսյանին մեկուսարանում, դա չի կարող ազդել մեր պայքարի, մեր վճռականության վրա։ Մեր պայքարն ընտրությունները կեղծած նախագահի եւ նրա վարչախմբի դեմ է»։ «Արդարություն» դաշինքը երթերի եւ հանրահավաքների միջոցով շարունակում է իր պահանջը՝ նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու եւ ժողովրդի տված իրական քվեին տեր կանգնելու համար։ Իշխանությունները շարունակում են ձերբակալություններն ու ուժի գործադրումը։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր զորակցությունը հայտնեց այն անմեղ մարդկանց, ում կալանավորել են այս ընթացքում. «Բռնություններով, ձերբակալություններով անվերջ իշխանություն պահել հնարավոր չէ։ Չկասկածեք, սիրելի հայրենակիցներ, որ մեր այս հետեւողական պայքարը արդյունք է տալու։ Եվս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ ես շարունակելու եմ պայքարը հանուն արդարության»։ Արամ Կարապետյանը, որը բարեհաջող վերադարձել է Մոսկվայից, հաղթահարելով Փարաքարի արգելքը, հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ մոսկովյան իր հանդիպումներն ապացուցում են, որ հայկական ընտրություններին հիմնական անդրադարձը կլինի Իրաքյան պատերազմի ավարտից հետո։ Պայքայրի ճանապարհը, ըստ Արամ Կարապետյանի, ի սկզբանե պարզ պետք է լիներ. «ճանապարհը լինելու էր խրթին, ձերբակալությունների ընթացք եւ այլն։ Ես հաճախ իմ ելույթներում ասել եմ՝ ոչ մեկը դրանից չի վախենում, բայց ոչ մեկն էլ չի մտածում, թե պետականության հիմքերը կարելի է իշխանությունը բռնազավթելու համար այդպես խարխլել»։ Բանն այն չէ, թե ընդդիմությունը գործողությունների շարք չգիտի կամ վախենում է ընթացքից. «մենք ավելի շատ մտածում ենք Հայաստանի պետականության հիմքերի մասին։ Այսօրվա իշխանությունները կան, վաղը չէ մյուս օրը չեն լինի, հայկական պետականությունը պիտի մնա ու շարունակվի ու ավելի հզորանա։ Հայկական պետությունը պետք է ուժեղ լինի եւ առաջին հերթին պետք է ուժեղ լինի իր ընտրված եւ ո՛չ նշանակված նախագահով»։ Ըստ Արամ Կարապետյանի՝ տարբեր գերտերություններ հայաստանյան ընտրություններից ստացան ինչ ցանկանում էին. «մե՛նք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ եւ բնակիչներ, մենք այս ամենից ի՞նչ ստացանք, բացի նրանից, որ ունենք բռնազավթված իշխանության փորձ, ունենք ընդդիմության գործիչների վրա ճնշում եւ ձերբակալություններ…»։ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանն իր ելույթում մասնավորապես շեշտեց. «մենք շատ լավ գիտենք՝ ի՞նչ ենք անելու, մենք գնում ենք մեր նպատակին՝ երկիրը կարգավորելու, սահմանադրական կարգը վերականգնելու, երկրին նրա տեղն ու դերը վերադարձնելու։ Ի՞նչ է անելու Ռ. Քոչարյանը, ես չգիտեմ, ո՞նց է կարողանալու կառավարել այն ժողովրդին, որին ինքը բաժանեց»։ Արամ Գ. Սարգսյանն ասաց, որ Ռ. Քոչարյանը չի կարող ընդդիմության աչքի մեջ փուշ փնտրել, որովհետեւ ընդդիմությունը չի՛ կողոպտել ժողովրդին, չի՛ հասցրել այն աստիճանի, որ ատելությամբ լցվի իր հանդեպ։ ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը հայտարարեց, որ իշխանության միակ լուրջ մտահոգությունն իր աթոռը պահելն է եւ որ իշխանությունը շատ բաներից է վախենում. «մեկը «27»-ի դատավարությունն է։ Չորրորդ ամիսն է, դատավարությունն ընդհատված է, դատավորը տառապում է բոլորին անհայտ հիվանդությամբ։ Ինչո՞ւ, որովհետեւ այս իշխանությունը վախենալու բան ունի»։ Պրն Զաքարյանը հիշեցրեց, որ «այն իշխանությունը, որի լեգիտիմությունը կասկածի տակ է դրված, երկար կյանք չունի։ Անկախ այն բանից՝ դուք կգաք այստեղ, չեք գա՝ Ռ. Քոչարյանը դատապարտված է, բայց մի շատ կարեւոր հանգամանք կա՝ որպեսզի Ռ. Քոչարյանն արագ գնա, դուք պիտի գաք այստեղ»։ Հանրահավաքի մասնակիցներից անընդհատ հարթակ էին գալիս նամակներ, որոնց հեղինակներից մի քանիսը փաստում էին, որ երթերին մասնակցելու համար արդեն երկու անգամ ձերբակալվել են, բայց ետ չեն կանգնելու, շարունակելու են մասնակցել ե՛ւ երթերին, ե՛ւ հանրահավաքներին։ Միտինգը վարող Վարդան Խաչատրյանը, բարեբախտաբար, անունները չհրապարակեց, ու դրանով չհեշտացրեց իրավապահների գործը։ Վերջում հավելենք, որ երեկ երթ տեղի չունեցավ, թեպետ ուժային կառույցները ջանասիրաբար պատրաստվել էին երթին, եւ հանրահավաքից դեռեւս ժամեր առաջ փշալարերով եւ ջրցան մեքենաներով զարդարել էին Բաղրամյան պողոտայի նախագահական հատվածը։ Իշխանությունների այս շփոթվածությամբ էլ ավարտենք հանրահավաքային ռեպորտաժը եւ ավելացնենք, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ, ապրիլի 4-ին, երբ, ըստ երեւույթին, ընդդիմությունը հրապարակի իր ապրիլյան թեզիսները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել