Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐՈՍՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Մարտ 29,2003 00:00

ՏԱՐՈՍՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ Երեկ Աբովյանի քաղաքային ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալեց Հյուսիսային Իռլանդիայի իր հասակակիցներին եւ հաղթեց 2։0 հաշվով։ Խաղը նախատեսված էր սկսել ժամը 15-ին։ Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն մեկնարկեց մոտ մեկ ժամ ուշ։ Ամբողջ օրը գորշ ամպեր էին կուտակված երկնքում ու սպասվում էր, որ անձրեւ կամ ձյուն է գալու։ Եղանակն «ընտրեց» երկրորդը։ Կեսօրից հետո սկսեց թեթեւ ձյուն տեղալ, որն աստիճանաբար ուժեղացավ ու խաղից մոտ մեկ ժամ առաջ ստադիոնի գազոնը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Տեղի մարզական կազմակերպությունները, ստադիոնի աշխատակազմը՝ ցուրտ եղանակի պայմաններում բավականաչափ քրտնեցին, մինչեւ ֆուտբոլիստների ու մրցավարների համար ստեղծեցին աշխատանքային անհրաժեշտ պայմաններ։ Բարեբախտաբար, եղանակն էլ «որոշեց» մի փոքր տեղի տալ ու խաղը սկսվեց։ Վերջին օրերին շոշափելի աշխատանք է տարվել մեր ֆուտբոլիստների ոգին բարձրացնելու համար։ Դրան լծվել են թե՛ ֆուտբոլի ֆեդերացիան, թե՛ մարզիչները, թե՛ լրատվամիջոցները։ Դա գումարվեց մեր երիտասարդականի անդամների մարզական վարպետությանը ու տվեց իր արդյունքը։ Մեր տղաները խաղն սկսեցին միջինից բարձր տեմպով ու շուտով իրենց տիրապետությունը հաստատեցին խաղադաշտում։ Մոտ տասը րոպե անց պայքարը գերազանցապես ընթանում էր մրցակցի կիսադաշտում, սակայն առանձնապես վտանգավոր պահ չստեղծվեց։ Հյուրերը, հիմնականում զբաղված լինելով թիկունքն անառիկ պահելով, այդուհանդերձ, առիթը բաց չէին թողնում սուր հակագրոհներ կազմակերպելու։ Հենց այդպիսի հակագրոհներից մեկի ժամանակ էլ գնդակը հրաշքով չհայտնվեց հայաստանցիների դարպասում։ 20-րդ րոպեին ձախ եզրով ներխուժելով մեր կիսադաշտ, հյուսիսիռլանդացիները բրիտանական ոճով գնդակը բարձրից կախեցին տուգանային հրապարակ։ Դարպասապահ Ապուլա-Էդինա-Բետե Էդելն անհաջող ընդառաջ եկավ գնդակին, եւ հյուրերի բարձրահասակ հարձակվողներից մեկն օդային պայքարում հաղթող դուրս գալով՝ գլխով հարվածեց դեպի դարպասն ու գնդակը դիպավ ուղղահայաց ու հորիզոնական դարպասաձողերի հատման անկյունին։ Այդ վտանգավոր պահն, ասես, առիթ դարձավ, որպեսզի մեր ֆուտբոլիստները դաշտում ավելի կազմակերպված գործեն։ 26-րդ րոպեին մեր թիմի այդ օրվա ամենահուսալի խաղացողներից մեկը՝ Կառլ Լոմբեն, աջ թեւում կազմակերպելով գրոհը՝ մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին եւ գնդակը փոխանցեց մի փոքր ետ, դեպի կենտրոնական հատված՝ Արսեն Մելոյանին, որն էլ մոտ 16-18 մետրից դիպուկ ու նշանառու հարվածով գնդակն ուղարկեց դարպասի ձախ անկյունը։ Էլիոտ Մորիսի մի փոքր ուշացած ցատկը նրա թիմին չփրկեց գոլից՝ 1։0։ Այս հաշվով էլ թիմերը գնացին հանգստի։ Առաջին խաղակեսում մեր երիտասարդականը վստահ էր գործում։ Միայն թե մի քանի անգամ մեր դարպասապահը, հատկապես գնդակին ընդառաջ դուրս գալիս, չնայած ցուրտ եղանակին, տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականներին հուզվելու առիթներ տվեց։ Խաղադաշտի մյուս հատվածներում հայ ֆուտբոլիստների գործողություններն ավելի կազմակերպված էին։ Նկատվում էր, որ նրանք աշխատում են կատարել մարզիչների հանձնարարությունները։ Միակ բանը, որ ամենից շատ էր աչքի զարնում, այն էր, որ հաճախ, մեր տեսանկյունով, չէին կարողանում գտնել գրոհների զարգացման ավելի արդյունավետ ուղի։ Մասնավորապես, որպես կանոն, նրանք չէին տեսնում դաշտի կենտրոնական հատվածի աջ մասում միանգամայն հսկողությունից դուրս մնացած Կառլ Լոմբեին, որն, իրոք, գործում էր շատ արդյունավետ ու վստահ։ Ավելացնենք, որ այդ, ինչպես նաեւ երկրորդ գոլի ժամանակ կոմբինացիան սկսվում էր սեւամորթ ու ոչ բարձրահասակ, բայց եւ ջլապինդ այդ ֆուտբոլիստից։ Երկրորդ խաղակեսը հյուրերն սկսեցին անհամեմատ ավելի ակտիվ։ Սկզբում նրանք, ասես, ամբողջ դաշտով մեկ մամլիչ պաշտպանության անցան։ Ու դա որոշակիորեն փոխեց խաղի պատկերը։ Հյուսիսիռլանդացիներն ավելի շատ էին տիրում գնդակին ու ավելի հաճախակի խաղը տեղափոխում մեր կիսադաշտ։ Բայց մեր տղաները՝ շնորհիվ կարգապահ խաղի, կարողանում էին չեզոքացնել նրանց գրոհները։ Այն, որ հյուրերը հաշիվը հավասարեցնելու ձգտումով ավելի մեծ ուժեր էին նետում առաջ, այդպիսով խոցելի տեղեր ստեղծելով իրենց թիկունքում, մրցակցին դրանից օգտվելու հնարավորություն էր ընձեռում։ Ու մերոնք փորձեցին օգտվել դրանից։ 57-րդ րոպեին տիրելով գնդակին ու ակնթարթորեն նետվելով առաջ, Վահե Դավթյանը եւ Գալուստ Պետրոսյանը դուրս եկան միակ պաշտպանի եւ դարպասապահի առջեւ, սակայն վերջինս «ժլատություն» արեց, ու դարպասը գրավելու հնարավորությունը ձեռքից բաց թողնվեց։ Սակայն 10 րոպե անց նորից գրոհն սկսեց Լոմբեն, գնդակը տուգանայինի աջ մասում հայտնվեց Վահե Դավթյանի մոտ, եւ նա այս անգամ ձեռքից բաց չթողեց հաշիվը կրկնապատկելու լավ առիթը՝ 2։0։ Ոգեւորված հերթական հաջողությունից՝ մեր տղաները դրանից հետո միմյանց ետեւից հաշիվը եռապատկելու, քառապատկելու նոր առիթներ ստեղծեցին, բայց հարյուր տոկոսանոց պահերը չկարողացան իրացնել։ Խաղավերջում հանդիպման տեմպը որոշ չափով ընկավ ու հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց։ Հայաստանի երիտասարդական հավաքականը կարեւոր հաղթանակ տոնեց։ Հուսանք, որ այն կոգեւորի նաեւ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, ու նրանք էլ այսօր Երեւանում, վերջապես կուրախացնեն իրենց բազմահազար երկրպագուներին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել