Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷ

Մարտ 29,2003 00:00

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷ Վար բերեք Սահմանադրությունը լվացքի պարանից Համազգային մեծամտություն Առաջարկում եմ հանրաքվեով, օրենքի տառը պահպանելով, որոշենք, որ մեր երկրի անունը Ֆրանսիա է. այդ դեպքում մենք ինքնաբերաբար կկոչվենք ֆրանսիացիներ, ու քանի որ Ֆրանսիայում չկան ներքին սուր պրոբլեմներ, մենք էլ, մի գիշերում, առանց ավելորդ գլխացավանքի, կազատվենք դրանցից։ Ակնկալում եմ ընթերցողի արձագանքը՝ նա ցուցամատը կտանի քունքին։ Այդ դեպքում ինչո՞ւ ազգովի նույն ժեստը չարեցինք, երբ ժամանակին ոչ միայն հայտարարվեց, թե մենք այսուհետ հանրապետություն ենք, այլեւ մեր կյանք ներմուծվեցին ֆրանսիական օրենքներն ու սահմանադրությունը։ Մեր պատմության այդ ո՞ր փուլում էինք հասունացել ու հասակ առել հանրապետության համար. եկեղեցական տեռորի ութհարյուրամյա մղձավանջի մե՞ջ, մոնղոլների հոտերը արածացնելի՞ս, թուրքական լծի տա՞կ, թե՞ ստալինյան սապոգի ներքո։ Սակայն 1991-ին մեր մեծամտությունն առաջին դեպքը չէր։ Նախադեպը եղել էր 1918-ին, երբ եղեռնից մազապուրծ, հազար տարվա ստրկության շղթաների հարքը դեռ վերջույթներին, Հայաստանից հուշ մնացած հողատարածքի վրա դիպվածով մնացած (գնում էինք Հյուսիսային Կովկաս, լեռնականները թնդանոթներով փակեցին ճամփան ու ետ դարձրին) մարդկային բազմությունը, որ չգիտեր՝ ի՞նչ է օրենքը, ընդհանուրի շահը, արժանապատվությունը, քվեաթերթիկը, որ հասունացած չէր անգամ պետության նախատիպերի համար, իրեն հռչակեց, ոչ ավել, ոչ պակաս՝ հանրապետություն։ Հռչակեց, տեղյակ չլինելով, որ այդ քայլից առաջ անհրաժեշտ ու պարտադիր է, որ մտավորականները ստեղծած լինեն արժեքային համապատասխան համակարգ, հասարակության մեջ լինի այդ համակարգը կրող որոշակի շերտ ու հանրապետությունը լինի հասարակական պահանջ։ Մեր ունեցած արժեքային համակարգը հետեւյալն էր՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի», «Որտեղ հաց՝ այնտեղ կաց», «Մի տեղ թե բոլորը կույր են, կույր ձեւացիր», ու հետեւանքն էլ պիտի լիներ հետեւյալը. «Այն խոսքը, թե՝ ով առավոտ քնից շուտ վեր կենա, նա է իշխանության տերն ու տնօրենը, այս պարագայում կարելի է հանգիստ խղճով թույլատրել, որ այդ վարկաբեկիչ խոսքը վերագրվի Հայաստանի Հանրապետական կառավարությանը» («Աշխատանք» թերթ, 1919 թ., փետրվար)։ Կամ՝ «Մեր պաշտոնեության 90 տոկոսը զեղծարար է։ Զեղծում ու կեղծում են ամենքը, ալան-թալան են անում բոլորը, ովքեր ծույլ չեն, որովհետեւ որքան շատ են զեղծում ու հափշտակում՝ այնքան բարձրանում է նրանց աստիճանն ու պատիվը» («Հայաստանի աշխատավոր», 1919 թ.)։ Առաջին հանրապետություն. ընտրություններ եւ ընտրակեղծիքներ Արդի քաղաքական միտքն ընտրությունների իրական արդյունքների «ուղղման» նախասկիզբ է համարում 1995 թվականը, իսկ մեկնարկ՝ 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ արդյունքների «ուղղումը» շատ ավելի ցայտուն էր։ Մինչդեռ, չգիտես ինչու, մեզանում փորձ չի արվում քննել, թե ժողովրդավարության որպիսի մակարդակ էր տիրում 20-րդ դարասկզբի, հանրապետություն հռչակված, Հայաստանում։ Ետ տանենք պատմության ավելի քան ութսուն տարի անձեռնմխելի մնացած վարագույրը եւ տեսնենք, թե ժողովրդավարական ի՞նչ ավանդույթներ են մեզ կտակել մեր պապերը։ 1919 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցան Ալեքսանդրապոլի Քաղաքային Դումայի ընտրություններ։ Մայիսի 6-ին Երեւանի օկրուգային դատարան ներկայացված դիմումում Հայաստանի Ժողովրդական կուսակցության Ալեքսանդրապոլի Կոմիտեն գրում էր. «Չնայած, որ Ընտրական օրենքում եւ Նակազում խիստ որոշակի ասված է՝ ծրարները եւ անձնական վկայականն ընտրողն ինքը պետք է ստանա ընտրական տեղամասում այն ժամանակ, երբ կգան դրանք ստանալու, այնուամենայնիվ, Դաշնակցություն կուսակցության անդամները եւ այն կողմնակիցները, որոնք ընտրական հանձնաժողովների կազմում էին, կատարել են անթույլատրելի օրենքի խախտում եւ, տեղամասերն իրենց մեջ բաժանելով, շատերին հանձնեցին ծրարները եւ անձնական վկայականները, դրա հետ մեկտեղ վարելով նախընտրական ագիտացիա, որը պաշտոնյա անձանց համար բոլորովին անթույլատրելի է։ Ընտրողների տները շրջելով՝ հիշյալ պարոնները բռնի կերպով վերցնում էին նրանց ստացված այն կուսակցական քվեաթերթիկները, ում օգտին ընտրողները ցանկանում էին քվեարկել, եւ նրանց էին հանձնում իրենց քվեաթերթիկները, ջանալով խաբել միամիտ քաղաքացիներին, ներշնչելով այն միտքը, որ այլ կուսակցությունները ցուցակում ներկայացված են ձեւի համար, որ չեն անցնի»։ Վերը նշվածը հիմնականում ընտրողներին մոլորեցնելու ոլորտից է։ Իսկ թե ո՞ր չափով էին հանրապետության իշխանությունները նախանձախնդիր մարդու անմիջական իրավունքների պահպանման իրենց պարտականությունների կատարման գործում՝ վկայում է հիշյալ դիմումի մեկ այլ հատված. «Քաղաքով մեկ բոլոր ծայրերն են ուղարկվել զենքով ու մտրակներով ձիավորներ, որոնք բռնությամբ ստիպում էին ընտրողներին, հիմնականում ծերերին ու հիվանդ կանանց, որպեսզի նրանք քվեարկեն հօգուտ հ. 2 ցուցակի։ Դաշնակցություն կուսակցության անդամները՝ մեծից փոքր, այդ թվում նաեւ Հայաստանի Խորհրդարանի անդամները, որոնք հատուկ ժամանել էին ընտրությունների կապակցությամբ, Նակազին հակառակ, ընտրական տեղամասերում ու դռների մոտ տանում էին ուժեղ ագիտացիա, խլելով ընտրողների ձեռքերից քվեաթերթիկները եւ խցկելով Դաշնակցություն կուսակցության քվեաթերթիկները։ Հակառակ դեպքում՝ սպառնում էին հաշվեհարդարով։ Առանց ամոթի, նույնանման գործողություններ նրանք կատարում էին նաեւ մտավորականության թվին պատկանող անձանց նկատմամբ»։ Նախընտրական քարոզարշավի կանոնները խախտելու ասպարեզում եւս մեր նախնիները եղել են հնարամիտ եւ անբռնազբոս. «Նկատի ունենալով, որ ընտրողների աբսենտիզմը (ընտրողների խուսափելը ընտրություններին մասնակցելուց) հասել է վիթխարի չափերի (83 տոկոս), ինչպես նաեւ այն, որ ցուցակներում նշված շատ ընտրողներ քաղաքից բացակայել են, Դաշնակցություն կուսակցության անդամները նշված անձանց անձնական վկայականները բաժանել են այն փախստականներին, որոնք ժամանակավորապես գտնվում են Ալեքսանդրապոլ քաղաքի տարածքում։ Որոշակի վարձատրության եւ Դաշնակցություն կուսակցության կողմից վարձու բռնացողների հարկադրմամբ, վերջիններս խմբերով գալիս էին քվեարկելու հ. 2 ցուցակի օգտին։ Որոշ ընտրական տեղամասերից հափշտակվել էին ընտրական ծրարներ, եւ դրանց մեջ դնելով հ. 2 քվեաթերթիկները, պրոլետարական տոնի՝ մայիսի 1-ի օրը, զուռնայի հնչյունների տակ, բաժանել էին հավաքված հսկայական ամբոխին։ Քաղաքային Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առկա է դաշնակների կողմից կատարված անձանց դեմ բռնությունների, կեղծիքների մասին վավերացված արձանագրությունների մի զանգված»։ Իրենց քաղաքացիական իրավունքները ոտնահարելու կապակցրությամբ Երեւանի Օկրուգային դատարան էին դիմել նաեւ Ալեքսանդրապոլ քաղաքի ընտրողները, եւ նրանց դիմումից ակնհայտ է դառնում, թե ինչպես էր ընթանում անմիջական ընտրությունների գործընթացը. «ընտրական հանձնաժողովի նախագահները հսկողություն չէին իրականացնում, որպեսզի ընտրողների վրա չլինեն ճնշումներ եւ չտարվի նախընտրական ագիտացիա։ Հ. 1 ընտրական տեղամասում ընտրող Լեւոն Գյոդակյանը, իր շուրջը հավաքելով Ալեքսանդրապոլի գյուղացիներին, բռնի կերպով նրանց ձեռքն էին խցկում Դաշնակցական կուսակցության ընտրական հ. 2 թերթիկները, անցնելով նույնիսկ սպառնալիքների։ Հ. 7 տեղամասում ագիտատորներն ընտրական թերթիկները փոխում էին հ. 2-ով։ Հ. 8 տեղամասում բազմաթիվ ընտրողներ, չիմանալով օրենքը, միաժամանակ մի քանի թերթիկ էին գցում քվեատուփի մեջ։ Ընտրողների ցուցակում մտցված էին անչափահասներ»։ Առավել քան անհավանական կլիներ, եթե այս ամենի հետ իշխանությունները գործի չդնեին նաեւ ընտրակաշառքի գործուն համակարգը (Ալեքսանդրապոլ քաղաքի ընտրողների դիմումից). «Դաշնակցության անդամ Ավագ Հարությունյանը հաց էր բաժանում քաղաքացիներին, ընտրողներին՝ ասելով, որ նրանք, ովքեր հ. 2 թերթիկի օգտին ձայն չեն տա, այլեւս հաց չեն ստանա։ Դաշնակցական ագիտատորները հավաստիացնում էին, որ թուրքերի կողմից պատճառած վնասի հատուցումը կստանան միայն նրանք, ովքեր իրենց ձայնը կտան հ. 2 ցուցակի օգտին։ Քաղաքացի Մոսո Աբոեւի սպասուհին բարձրաձայն իր վրդովմունքն էր հայտնում, ասելով, թե ճղճղանի միջոցով խոստացել էին, որ նրանց, ովքեր կքվեարկեն հ. 2-ի օգտին, կտան մեկ ֆունտ հաց, բայց այսօր նորից կես ֆունտ տվեցին»։ Հպանցիկ Ներկայացնելով պատմական սույն փաստերը, ամենեւին հակված չեմ զեղծարարության եւ ժողովրդավարությունից շեղումների մեջ մեղադրել այն ժամանակվա իշխող կուսակցությանը, քանի որ ժողովրդավարությունը մոդա չէ եւ հայտարարելով չէ, որ գալիս է։ Բայցեւայնպես, ակնկալում եմ այս փաստերին այժմ արդեն տեղյակ դարձած քաղաքական որոշ ուժերի խրախճանքը։ Ակնկալում եմ, քանի որ մեր քաղաքական ուժերը, որպես կանոն, սեփական պատմությունից կայֆ են բռնում՝ դաս առնելու փոխարեն։ Խորհրդային փուլ Խորհրդային ռեժիմն ինքնին հակահանրապետական էր, թեպետ իրեն հռչակել էր որպես հանրապետություն։ Ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունեին, թեեւ ԿԸՀ-ներն ազդարարում էին 99,99 տոկոս մասնակցության եւ նույնքան Էլ համաձայնության մասին։ Հակահանրապետական լինելը ողջ աղետը չէր. իր անվտանգ գոյությամբ մտահոգված՝ ռեժիմը ձեւավորեց մարդու մի տեսակ, որը գիտությանը հայտնի է հոմո սովետիկուս անվամբ։ Դա իրավիճակին հարմարվելուն վարժեցված, անըմբոստ, զգուշավոր, սեփական պատյանի մեջ պարփակված, իշխանական համակարգի առջեւ ստրկացված, երկկենցաղ (յուրայիններին մեջ՝ այլ, հասարակության մեջ՝ իրեն բոլորովին այլ կերպ դրսեւորող) մարդն էր, որի գիտակցության մեջ դաջված էր «ինձանից ոչինչ կախված չէ, ես ոչինչ փոխել չեմ կարող»՝ հասարակական կյանքի կարգավորման գործում իրեն ոչ մի դեր չվերապահող թեզը։ Մարդու այդ տեսակը վատ «շինանյութ» էր քաղաքացիական հասարակարգի, առավել ես՝ հանրապետության կառուցման համար։ Ուզուրպատո՞ր Կարծում եմ, ընթերցողը համոզվեց, որ 1991-ին մենք հասունացած չէինք հանրապետության համար։ Այդ դեպքում պետության ո՞ր տիպի համար էինք հասունացած։ Ակնհայտ է, որ այդ տիպը մեր իսկ պատմության մեջ պիտի որոնենք։ 1918 թվականի գարնանը հանգամանքների բերումով անտիրակալ մնացած Հայաստանում ձեւավորվել էր կոլեկտիվ կառավարման մի մարմին։ Բայց քանի որ հանրությունը ինքնակառավարման փորձ չուներ եւ անընդունակ էր իշխանական արդյունավետ համակարգ ձեւավորել, բոլոր ծրագրերը ճռնչոցով տապալվում էին։ Խնդրանքով դիմեցին Արամ Մանուկյանին՝ դառնալ միանձնյա ղեկավար՝ դիկտատոր։ Այդ անհատականությունն իր անձով լրացրեց իշխանական համակարգի դատարկ հատվածները եւ երկրի վիճակը արագ կարգավորվեց։ Հանրապետության հռչակումից շատ չանցած պարզ դարձավ, որ իշխանության ճյուղերը կայացած չեն եւ հետզհետե Արամ Մանուկյանին տրվում էին նորանոր լիազորություններ։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ եթե նա չմահանար հիվանդությունից, իրավիճակը նրան կրկին դարձնելու էր դիկտատոր։ Խորհրդային ռեժիմի ձեւավորած իշխանական համակարգը, ռեժիմի անվտանգությամբ պայմանավորված, միտումնավոր թերաճ էր, դրա ճյուղերը կախյալ էին կամ գոյության ունեին միայն թղթի վրա։ Իրականում չկար ինքնուրույնությամբ օժտված ընտրովի օրենսդիր մարմին, իսկ թե արդարադատության մարմինները որքան անմեղ մարդու կյանք խլեցին, մինչեւ հիմա դժվարանում են հաշվել։ Իշխանական համակարգի բացը, այս դեպքում եւս, լրացնում էին առաջին դեմքերը։ Այնպես որ, անկախանալով, մենք տեղյակ չէինք՝ ի՞նչ է տարանջատված ճյուղերով իշխանական համակարգը, եւ մեզ հետ նոր հասարակարգ բերեցինք մեր տեսած ու իմացած մոդելը։ Բայց քանի որ արդեն դուրս էինք գտնվում ռուսական արժեքային համակարգից եւ ռուսական վերահսկողությունից՝ ինքնաբերաբար աղավաղեցինք այն՝ մեր հնարավորությունների չափով։ Որպես հանրություն, մենք հասունացած չենք ձեւավորելու իշխանական տարրական մի համակարգ, որն ինքնուրույնաբար կարգավորի երկրի ընթացիկ գործերը։ Բայց ունենք պետություն եւ այն կառավարել է հարկավոր, ու մեր առաջին դեմքերը, պաշտոնավարության առաջին իսկ օրից սկսած, հարկադրված են լինում լրացնել իշխանական համակարգի թերացումները. նրանք ե՛ւ դատավոր են, ե՛ւ հրամանատար, ե՛ւ անվտանգության պատասխանատու, ե՛ւ մատակարար։ Ու դա արվում է հանրության լուռ համաձայնությամբ, ինչ-որ տեղ՝ նաեւ չարտահայտված գոհունակությամբ, քանզի հանրությունն այնքան էլ չի վստահում իշխանական համակարգին եւ երկրի անվտանգության ապահովման հույսը կապում է բացառապես առաջին դեմքերի հետ։ Եվ առաջին դեմքերը, ունենալով այդ լուռ համաձայնությունը, հետզհետե իրենց անձով լրացնում են իշխանական համակարգի բաց տարածքները, ու քանի որ այդ համակարգն ինքնին սորուն է, ի վերջո նրանք դառնում են ողջ իշխանությունը, անգամ՝ պետությունը։ Նրանք իշխանությունը չեն բռնազավթում, իշխանությունը, այլընտրանքի բացակայության պատճառով, աստիճանաբար տրվում է նրանց՝ պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում։ Ու քանի որ նրանք հենց իրե՛նք ողջ իշխանությունն են, պետությունն են, ապա նրանց իշխանությունից կարող են հեռացնել միմիայն իրենք, եւ Սահմանադրությունն այստեղ սոսկ թղթի մի կտոր է։ Քանի որ գրված է Ֆրանսիայի համար։ ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ Հ.Գ. Իսկ ո՞րն է ելքը, կհարցնի, անշուշտ, ընթերցողը։ Ելքի մասին խորհելուն հասնելուց առաջ դեռ շատ ու շատ հարցեր է հարկավոր պարզաբանել, մասնավորապես՝ ո՞վ ենք մենք, իրականում, որպես հանրություն եւ հնարավո՞ր է արդյոք այդ հանրությունից նորմալ իշխանական համակարգ «ձուլել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել