Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը հացադուլ կհայտարարե՞ն

Մարտ 29,2003 00:00

Հայերը հացադուլ կհայտարարե՞ն «Հայաստանում այսօր եկեղեցու եւ պետության միջեւ հստակ համագործակցություն չկա, մինչդեռ առկա են խնդիրներ, որոնք միայն այդ համագործակցության արդյունքում կստանան իրենց հնարավոր լուծումը»,- համոզված է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արշավիր Գաբուճյանը։ Վերջինս գտնում է, որ ՀԱԸ-ն մեր երկրում գործող Առաքելական, Ավետարանական եւ Կաթոլիկ եկեղեցիների համախմբող օղակ է, որի նպատակը Աստծո խոսքի քարոզչությունն է, Աստվածաշնչի հրատարակումն ու տարածումը։ Ըստ Գաբուճյանի, իրենք այսօր նպատակաուղղված են հանրապետության հանրակրթական դպրոցներում կրոնի առարկայի ուսուցմանը, ինչի կապակցությամբ էլ հանդիպումներ են ունեցել Վայոց ձորի, Կոտայքի մարզերի, Գյումրու եւ Օշականի դպրոցների տնօրենների հետ։ Նախատեսվում է դպրոցականների համար առաջիկայում հրատարակել կրոնական գրականություն, իսկ առարկան դասավանդողների հետ 6-8-շաբաթյա վերապատրաստում անցկացնել Էջմիածնում։ Այսօր այս ոլորտում մի շարք խնդիրներ կան, որոնք, ըստ Ա. Գաբուճյանի, «կլուծվեն, եթե եկեղեցին ինքը հետամուտ լինի, կայուն համագործակցություն ստեղծվի եկեղեցու եւ պետության միջեւ, այլապես Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը չունի հնարավորություն ինչ-որ տեղ եկեղեցի հիմնելու կամ մեկ այլ տեղ էլ այն վերանորոգելու»։ Օրինակ, Կոտայքի մարզի Արամուս գյուղի Սուրբ Ծիրանավոր եկեղեցին, որ կառուցվել է 5-6-րդ դարերում, Ներսես Բ Բագրեւանդցի կաթողիկոսի կողմից, այժմ անմխիթար վիճակում է։ Ճիշտ է, տարիներ առաջ այն վերանորոգվել էր, սակայն այսօր դարձյալ մոռացված է։ Մինչդեռ, պիտի մեծ ուշադրության արժանանար, որովհետեւ այն սոսկ եկեղեցի չէ, այլ նաեւ պատմամշակութային արժեք։ Ա. Գաբուճյանը նաեւ տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում էլ եկեղեցու բացակայության պատճառով բնակիչների գերակշռող մեծամասնությունը աղանդավոր է։ Գյուղացիները ստիպված հավաքվում են Լճաշենում բոլորովին վերջերս կառուցված մի որջում եւ իբր «աղոթք» հնչեցնում առ Աստված։ Ի դեպ, նրանք գեղովի քույր ու եղբայր են։ Պատկերը մոտավորապես այսպիսին է հանրապետության այլ գյուղերում ու քաղաքներում եւս, որտեղ կամ եկեղեցի չկա, կամ եղածը քանդված է։ ՀԱԸ հոգաբարձուների խորհրդի քարտուղարը կարծում է, որ այս խնդրով պետք է զբաղվեն ոչ միայն եկեղեցին ու պետությունը, այլեւ հասարակական կազմակերպությունները, «որոնց թիվը նույնքան է, որքան անձրեւի կաթիլներինը»։ Հետաքրքիր վիճակ է տիրում մայրաքաղաքի եկեղեցիներում։ Ականատեսները վկայում են, որ մոմեր վառած հավատացյալների հեռանալուց անմիջապես հետո հայտնվում է հավաքարարուհին, ու հալված մոմերի մնացորդների հետ միասին հավաքում է նաեւ կիսավառները։ Ա. Գաբուճյանը հավաստիացրեց, որ «այս մասին հավաքարարուհիներին բազմիցս զգուշացվել է, սակայն՝ ապարդյուն»։ Նա չի արդարացնում նաեւ եկեղեցի այցելող այն մարդկանց, ովքեր «կարծես դիտավորյալ հենց եկեղեցում են բջջայինով խոսելու ցանկություն ունենում»։ Չգիտեմ՝ ռուսները հայերից հավատացյալ են, թե ոչ, բայց 2002-ի հոկտեմբերին Ռուսաստանի հյուսիսում տեղի ունեցած դեպքի մասին արժե հիշել։ Ռուսաստանի քաղաքներից մեկում եկեղեցու կտուրը կաթում էր, բնակիչները դիմել էին իշխանություններին՝ այն վերանորոգելու պահանջով եւ սպառնացել էին, թե հացադուլ կհայտարարեն։ Ու որպեսզի կանխեն հայտարարվելիք հացադուլը, իշխանություններն անհապաղ ձեռնամուխ էին եղել եկեղեցու տանիքի վերանորոգմանը։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել