Հեռուստաարվեստի մասին եւ շուրջ «Հայկական հեռուստահաղորդումների նախագծերի հեղինակները պետք է առաջին հերթին հաշվի առնեն մեր ազգային մտածելակերպն ու ավանդույթները»,- կարծում է ռեժիսոր Զավեն Հարությունյանը։ Հայ հանդիսատեսը կհիշի նրա բեմադրած «Փարիզյան էսքիզները», Էլվինա Մակարյանի մասնակցությամբ «Պատնեշ» համերգ-ներկայացումը, Սիմոն Տերյանի «Վերջին սկիզբ» բենեֆիսը, Թումանյանի հեքիաթների մոտիվներով «Գանձերի առեղծվածը» եւ այլն։ Նա կազմակերպիչներից մեկն էր «Բոհեմ» ժամանակակից երգի մրցույթի, որտեղ առաջին անգամ լուրջ հայտ ներկայացրին այսօրվա ճանաչված էստրադային երգիչներից շատերը։ Վերը թվարկվածները ունեցել են եւ հեռուստատարբերակներ։ Նա հեղինակն է ու բեմադրողը զուտ հեռուստատեսային հաղորդումների՝ 1994-ին «Էրիվան-Երեւան» Նոր տարվա հանդեսի, 95-96-ին՝ «Ակնթարթ» հաղորդաշարի։ Այսօր եթերում է նրա «Դիպվածը», որի նախագծի համահեղինակն է Հայկական հեռուստատեսության ոլորտի «հնաբնակներից» մեկը՝ Էդուարդ Եսայանցը։ Հետաքրքիր է հեռուստաարվեստի վերաբերյալ Զ. Հարությունյանի դիտարկումը. «Արվեստում՝ ընդհանրապես, հեռուստաարվեստում՝ մասնավորապես, առկա է մոտեցման 3 ձեւ. կապկում, ընդօրինակում եւ ազդեցություն»։ Ռեժիսորի համար ընդունելի է 3-րդը. «Սրա-նրա ազդեցությունը կրելով են սկսում, հետո շարունակում ու դառնում։ Թեպետ արվեստագետն իրավունք չունի կրկնելու իր նախորդներին, որովհետեւ չի կրկնվում ինքը՝ ժամանակը»։ Զ. Հարությունյանը հավաստիացրեց, որ մոսկովյան լավագույն հաղորդումներից շատերը՝ «Մեծ լվացք», «Սեր առաջին հայացքից», «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» եւ այլն, փարիզյան TV-ների հաղորդումների ընդօրինակումներն են, ավելի ճիշտ՝ ընդօրինակված լավագույն նմուշներ։ Նա ենթադրում է, որ դրանք գնված են. «Ավելի լավ է ու բարոյական գնելը, քան կապկելը»։ Անդրադառնալով հայրենական հեռուստաարտադրանքին, ռեժիսորը շեշտեց միայն. «Այն տպավորությունն է, որ Հայաստանում ապրում են միայն երիտասարդներ։ Եվ հեռուստահաղորդումների 101 տոկոսը նրանց համար է»։ Սրանից դժվար չէ ենթադրել, որ «Դիպված» շարքը միջին եւ ավագ սերնդի լսարանի համար է։ Իսկ «Դիպվածի» մասին Զ. Հարությունյանը ընդամենը հետեւյալն ասաց. «Յուրաքանչյուրիս կյանքը հագեցած է դիպվածներով։ Աստված տալիս է հնարավորություն եւ դու պետք է ճիշտ օգտագործես այն։ Կարճ ասած՝ դիպվածը Աստծո ու բանականության խաչմերուկն է»։ Նա գտնում է, որ ոչ մի պրոֆեսիոնալիզմ չի կարող լցնել այն պարապը, որտեղ պետք է լինեն մարդու ցավը, տառապանքը, հույսը, սերը։ Պրոֆեսիան ավելին չէ, քան միջոց այդ ամենը հաղորդելու։ Եվ ամենակարեւորը. «Հայ արվեստի մշակներս պետք է երբեք դուրս չգանք մեր ազգային մտածելակերպից, ավանդույթներից, նաեւ հիշելով «կրկնությունը գիտության մայրն է» ասացվածքը, նկատի ունենանք, որ արվեստին խորթ մայր էլ չի գալիս»։ Հանդիպման վերջում ռեժիսորը կատակեց, մտաբերելով ֆրանսիական մի հեռուստաընկերության «Սեր երեքով» շարքը, ասելով. «Ռուսաստանում սա կվերնագրվեր «ՁՐպՑօռ սՌՔվՌռ», իսկ մեզ մոտ կդառնար «02»-ի նյութ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ