Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային զգայունակություն

Մարտ 28,2003 00:00

Գենդերային զգայունակություն Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլում ինչ-որ ակտիվություն ցուցաբերեց՝ իրականացնելով դիտորդական առաքելություններ՝ հանրապետության գրեթե ողջ տարածքով մեկ: Կազմակերպությունն առաջին փուլից հետո մասնավորապես ներկայացրեց մի շարք խախտումների ու ընտրակեղծիքների դեպքեր, որոնց ականատես էին եղել կազմակերպության ներկայացուցիչները: Թեպետ նրանց դիտարկումների մեջ որոշակի զգուշավորություն կար, ինչը, կազմակերպության նախագահ Ջեմմա Հասրաթյանի մեկնաբանմամբ, հետագայում իրենց զերծ կպահեր խոչընդոտներից, քանի որ երկրորդ փուլում էլ էին նրանք նախատեսել իրենց գործը շարունակել: Երեկ ՄԱԿի հայաստանյան գրասենյակում սույն կազմակերպությունը հանդիպում էր կազմակերպել, սակայն ոչ ամենեւին ընտրությունների երկրորդ փուլի մասին իրենց դիտարկումները ներկայացնելու համար: Եվ մինչ հայ կանայք մասսայական ցույցեր են անում՝ նույն ընտրությունների արդյունքները կասկածի տակ առած եւ մոռացած իրենց առօրյա հոգսերը, համալսարանական կրթությամբ կանայք հապաղում են ամփոփել երկրորդ փուլի իրենց դիտարկումների արդյունքները: Կազմակերպության նախագահ Ջ. Հասրաթյանն ուշացումը պատճառաբանեց նրանով, որ շրջաններից դեռ ամփոփիչ արդյունքները չեն եկել, իսկ երբ գան, գուցե ինչ-որ ձեւով կազմակերպությունն, այնուամենայնիվ, անդրադառնա այդ հարցին: Կարելի էր մտածել, թե համալսարանական կրթությամբ կանայք այլեւս անիմաստ են համարում անօգուտ բարձրաձայնել, եթե տիկին Հասրաթյանը չասեր, որ «փոխարենը Կանանց ասոցիացիան շատ լավ կոնֆերանս ունեցավ Ծաղկաձորում»: Վերջինս, ինչպես եւ երեկվա հանդիպումը, ասոցիացիայի Գենդերային հետազոտությունների կենտրոնի իրականացրած «Գենդերային իրազեկություն եւ գենդերային զգայունակություն. զուգակշռված ժողովրդավարության նախադրյալներ» ծրագրին էր առնչվում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում բարձրագույն դպրոցական համակարգում գենդերային կրթության ինստիտուցիոնալացմանը: Այդ նպատակով կազմակերպվել են 12-օրյա վերապատրաստման կուրսեր՝ 30 դասախոսների համար: Ծրագրի արդյունքում հրատարակվել է 8 ձեռնարկ եւ ժողովածու, որոնք տրամադրվել են բուհերի եւ հանրակրթական դպրոցների գրադարաններին: Թե ինչ նպատակ է, ի վերջո, հետապնդում այս ծրագիրը, մեջբերենք մեզ տրամադրած փաստաթղթից՝ բառացի. «Վերջին տարիների գլոբալ փոփոխությունները հանգեցրին գենդերային անհամաչափության խորացմանը մեր երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Առաջացած անհամաչափությունը հետզհետե ավելի է խորանում, ինչը բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ էգալիտար գենդերային մշակույթի ձեւավորումը ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության համակարգերում ժողովրդավարական փոփոխություններին համազոր չի ընթանում: Կրթական համակարգը շարունակում է վերարտադրել գենդերային կարծրատիպերը: ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրում, որին միացել է նաեւ Հայաստանը, նախապատվությունների շարքում նշված է սեռերի իրավահավասարությանը եւ կանանց իրավունքների ընդլայնմանն աջակցելը: Բուհերում գենդերային դասընթացների դասավանդման վերլուծությունը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ գենդերային դասընթացներն աջակցում են գենդերային իրավահավասարության հիմնախնդիրների եւ հասարակության մեջ կանանց դերի դրական ընկալմանը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել