Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Մարտ 28,2003 00:00

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ Մենք հաճախ ենք լսում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ դիրքից, տանիքից, զբաղեցրած կամ զբաղեցվելիք պաշտոնից։ Լսում ենք ու փորձում հավատալ, որ այդպես է։ Սակայն իրականությունն այլ է եւ մենք ստիպված ենք արձանագրել, որ օրենքի առաջ հավասար լինելը վերապահված է միայն ՀՀ շարքային քաղաքացիներին, սոցիալապես անապահով եւ իրավական առումով անպաշտպան զանգվածին։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ խափանման միջոցը փոխվում է խաղաղ երթի եւ ցույցի մասնակցի նկատմամբ, իսկ, ասենք, ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվում։ Չի փոխվում նաեւ այն բանից հետո, երբ հաստատվում է, որ նրա գործողությունների պատճառով սպանվել է մի անմեղ զինվոր։ 2002թ. հունիսի վերջին ՊՆ զորամասերից մեկի 2-րդ ՄՀԳ-ի շտաբի պետ, ՄՀԳ-ի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Հակոբյանը շարքից ուշանալու համար ծեծի է ենթարկում զինծառայող Աշոտ Խաչատրյանին։ Ծեծի արդյունքում շարքայինը ստանում է մարմնական վնասվածքներ։ Եվ որպեսզի իր «սխրանքը» թաքցնի, շարքային Խաչատրյանին նա մոտ մեկ ամիս պահում է զորամասի իրերի պահման սենյակում։ Հուլիսի 22-ին Աշոտ Խաչատրյանը բարձր ջերմությամբ տեղափոխվում է զինվորական հոսպիտալ, ապա՝ արյունաբանության կենտրոն, ուր ախտորոշվում է հիվանդությունը՝ «արյան ապլաստիկ անեմիա»։ Օգոստոսի 28-ին զինծառայողը մահանում է։ Զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցում հրամանատար Հ. Հակոբյանի նկատմամբ, գործի վարույթը հանձնելով քննիչ Աշոտ Եղոյանին։ Նախաքննության փուլում հանկարծ սկսվում են վիճարկվել հիվանդության եւ մահվան պատճառները։ Ա. Խաչատրյանի մայրը, 2-րդ կարգի հաշմանդամ Մարիետա Ավետյանը պահանջում է վերաորակել հրամանատարի «սխրանքը» (Քրօրի 268Ա կետից 268-ի Բ կետով)։ Տուժողի իրավահաջորդը պնդում է, որ իր որդին արյան ապլաստիկ անեմիա հիվանդությունը ձեռք է բերել ծեծի պատճառով, ինչն էլ ավարտվել է մահվան ելքով։ Մերժելով տուժողի իրավահաջորդի միջնորդությունը, ՀԿԳ քննիչ Ա. Եղոյանը իր որոշման մեջ (11.03.03թ.) արձանագրում է Խաչատրյանին բուժող բժիշկների՝ Մարինե Մելիք-Անդրեասյանի եւ Երեւանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Նատա Մելիքյանի եզրակացությունը, որ մարմնական վնասվածքը եւ սթրեսը արյան ապլաստիկ անեմիա հիվանդություն առաջացնող պատճառ չէին կարող հանդիսանալ։ Ավելին, Հակոբյանի գործողությունների եւ առաջացած հիվանդության եւ շարքային Խաչատրյանի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապ չկա։ Այսինքն՝ ի՞նչ է ակնարկվում։ Որ զինվորը զորակոչվել է անառո՞ղջ։ Ստիպված ենք մեջբերել Մաշտոցի տարածքի 2000թ. աշնանային զորակոչային հանձնաժողովի արձանագրությունների մատյանից թիվ 3 արձանագրությունը (14 հոկտեմբերի 2000թ.). «Խաչատրյան Աշոտ Սամվելի- 1982թ. ծնված, գանգատներ չունի։ Առողջ է։ Ընտանեկան դրությունը բավարար է։ Պիտանի է շարային ծառայության։ Զորակոչել ժամկետային ծառայության մոտոհրաձգային զորքերում»։ Ստորագրել են զորակոչային հանձնաժողովի նախագահ, զինկոմ, գնդապետ Ա. Հովակիմյանը, ՆԳ բաժնի տեղակալը, Վետարանների խորհրդի ներկայացուցիչը, «Զինվորի մայր» կանանց կոմիտեի ներկայացուցիչը, բժիշկը եւ հանձնաժողովի քարտուղարը։ Մեր ձեռքի տակ է նաեւ մասնագետների կարծիքը ախտորոշման մասին. «Բժշկության մեջ ընդունված է, որ ցանկացած անակնկալ հիվանդություն կարող է զարգանալ կամ առաջանալ ուժեղ սթրեսի արդյունքում»։ Եթե երիտասարդը ի սկզբանե ունեցել է արյան հիվանդություն, ինչո՞ւ չեն նկատել բժշկական հետազոտություն անցկացող բժիշկները եւ ո՞վ պետք է պատասխան տա հիվանդ երիտասարդներին զորակոչելու համար. սա արդեն գործի նյութերին ծանոթ մեկ այլ մասնագետի հարցադրումն է։ Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, արյան չարորակ հիվանդությունների ախտորոշմամբ միայն այս տարի 13 զինվոր ՀՀ տարբեր զորամասերից տեղափոխվել է հոսպիտալներ։ Այս գործի հետ կապված տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազին են դիմել տուժողի իրավահաջորդները՝ համամիտ չլինելով, որ հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողության տակ «պահելը»։ Աշոտի ծնողները պահանջում են նաեւ, որ ոչ միայն խափանման միջոցը փոխվի, այլ ահազանգում են, որ Հակոբյանի հարազատները փորձում են իրենց «կաշառել, որպեսզի չբողոքենք։ Բայց մի՞թե կարելի է ծախել երեխայի կյանքը»։ Ի դեպ, Աշոտը միակ երեխան էր եւ որեւէ արտոնություն, որեւէ պաշտպանվածություն պետության կողմից այս ընտանիքը չունեցավ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա։ «Մահվան ողջ ծախսերը կատարեցինք մենք՝ ծնողները եւ հարազատները։ Վանաձորում զորամասի հրամանատարը խոստացավ (Հակոբ Հարությունյան), որ մահվան քառասունքը լրանալուց հետո ողջ ծախսերը կվերցնեն իրենց վրա»,- ասում են Աշոտի ծնողները։ Երեկ մենք տեղեկացանք, որ գործի դատաքննությունը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում։ Տուժողի իրավահաջորդները դիմելու են գլխավոր դատախազին՝ Երեւանի ցանկացած առաջին ատյանի դատարանում գործը լսելու միջնորդությամբ։ Ամբողջ հարցն այն է, որ նրանք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, զինվորի մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ ի վիճակի չէ տեղաշարժվել ու, ամենագլխավորը, նրանք չեն ուզում գտնվել մի տարածքում, ուր սպանել են իրենց որդուն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել