Մեր հերթական դատը «Արդշինբանկի» ներկայացուցիչը խնդրեց հետաձգել դատը Երեկ ՀՀ Տնտեսական դատարանում սկսվեց «Արդշինբանկ» ԲԲԸ-ի հայցի լսումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի։ Համաձայն հայցի, «Առավոտ» օրաթերթում հրապարակված լուրը արատավորել է բանկի գործարար համբավը, ինչի հետեւանքով էլ 37500 ԱՄՆ դոլարի վնաս է պատճառվել բանկին։ Գումարը բանկը հույս ունի ստանալ դատավարության արդյունքում, սակայն «Արդշինբանկի» լիազոր-ներկայացուցիչը դատական նիստը հետաձգելու իր միջնորդությունն արեց եւ այսպես հիմնավորեց. «Տվյալ գործին պետք է մասնակցեր բանկի ներկայացուցիչը, որը բացակայում է Հայաստանից։ Ինձ վերջին պահին են ասել, որ պիտի գամ: Մեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, եւ ես չեմ կարող մասնակցել… հնարավոր է ուրիշ փաստաբան»։ Պատասխանող կողմի առարկությունից, որ հայցվորի այլ ներկայացուցչի վերաբերյալ դատարանին լիազորագիր չի ներկայացվել, պարզվեց, որ պարոն Պողոսյանն այն «ուղղակի հետս չեմ բերել»։ Դատավորը, որն, ի դեպ, նիստը վարում էր խստագույնս պահպանելով բոլոր դատավարական կանոնները, ընդունեց հայցվորի այդ միջնորդությունը եւ նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 10-ը։ Մինչ այդ, դատավոր տիկին Լ. Սոսյանը, սակայն, արդեն մերժել էր հայցվորի մեկ այլ միջնորդություն՝ հիմնավորող հանգամանքներ չներկայացնելու պատճառով։ Բանն այն է, որ ըստ հայցվորի ներկայացուցչի, նիստը պետք է դռնփակ լիներ, որովհետեւ «կարող են բանկային գաղտնիքներ հրապարակվել»։ Ի դեպ, հայցվորի ներկայացուցչի այս միջնորդությունն ամփոփ տեսք ստացավ 99%-ով դատարանի եւ պատասխանողի ջանքերով (հարցերով)։ Հայցվորի ներկայացուցիչը միջնորդությունների հիմնավորումները թողնում էր դատավորի հայեցողությանը. «Դե, դուք հիմնավորեք, որ կետին որ համապատասխանում է»։ Պատասխանող կողմը դարձյալ առարկեց միջնորդությանը նույն պատճառով՝ «հիմնավոր հանգամանքներ չեն ներկայացվում»։ Ավելին, պատասխանողը հիմնավորեց, որ վեճի բուն առարկան բանկային գաղտնիք չէ, իսկ նման հանգամանքներ ի հայտ գալու դեպքում կարելի է տվյալ նիստը փակ հայտարարել։ Հայցվորի ներկայացուցիչը գտավ, որ հարցադրումը միջնորդության հետ կապ չունի։ Իբրեւ միջնորդության պատճառաբանություն, հայցվորի ներկայացուցիչը բացատրում էր, որ «կարող է հարց առաջանա, թե ներկայացված վնասն ինչ գործարքի հետեւանքով է առաջացել, որը հրապարակելու դեպքում կոտնահարվի» հայցվորի գործընկեր «իրավաբանական անձի շահերը»։ Պարոն Պողոսյանը չբացառեց անգամ, որ «տվյալ իրավաբանական անձը հետագայում հայց ներկայացնի»՝ բանկից փոխհատուցում պահանջելով՝ «առանց իր համաձայնության, իր շահերին վերաբերող հարցերի քննության» համար։ Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ «Առավոտն» էլ իր հերթին էր հակընդդեմ հայցով ներկայացել դատարան։ Համաձայն դրա՝ «Գտնում ենք, որ պայմանագիրը կնքվել է օրենքի եւ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխան, ինչի պատճառով ՀՀ Քաղօր-ի 305-րդ հոդվածի ուժով ենթակա է անվավեր ճանաչման հետեւյալ պատճառաբանությամբ. Պայմանագիրը կնքվել է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 47-րդ եւ 49-րդ հոդվածների, ինչպես նաեւ հիշյալ նորմերի հիման վրա ընդունված ՀՀ ԿԲ խորհրդի 2001թ. մայիսի 31-ի թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնակարգ 2-ի 12.01, 14.01, 20.02 եւ 22.02 կանոնների խախտմամբ»։ Կից ներկայացվում են 1,5 տպագիր էջ կազմող խախտումները եւ դատարանից խնդրվում է՝ «անվավեր ճանաչել «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի եւ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի միջեւ 31.05.02թ. կնքված պայմանագիրը»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ