Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ՇԱՀՆ Է

Մարտ 28,2003 00:00

ԱՅՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ՇԱՀՆ Է Այդպես է ռուսաստանյան բիզնեսմեն Արա Աբրահամյանը ներկայացրել Համաշխարհային հայկական կազմակերպությունը: «Պետք ա շահավետ լինի, որ մենք հայ ենք, եւ մարդը պետք ա էդ շահը զգա», որպեսզի «մարդը կարողանա հպարտությամբ ասի՝ հայ, ու իրա հայությունը ցույց տա»,- ասաց կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը։ Ու որպեսզի «մարդը կարողանա հպարտությամբ ասի՝ հայ», պարոն Աբրահամյանը նախատեսում է ստեղծել համաշխարհային ֆինանսական հոլդինգ, «որը զբաղվելու ա տարբեր ձեւի բիզնեսներով եւ իրա ստացած եկամուտի 20%-ը տրամադրելու ա մեր համահայկական խնդիրների լուծման համար»։ Երեկ հրավիրված մամլո ասուլիսում Ռուսաստանի հայերի միության ղեկավարը ներկայացրեց Համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունն ու կատարելիք աշխատանքները։ ՀՀԿ-ի անդրանիկ նիստում դրանք դեռեւս «ենթարկվելու» են քննարկման, ընտրվելու է նաեւ կազմկոմիտե, որի ղեկավարն, ըստ ամենայնի, կլինի Արա Աբրահամյանը։ Կազմակերպության առջեւ դրված խնդիրները, նրա տարբերակմամբ, երեքն են՝ Հայաստանի պետականության պաշտպանումն ու զարգացումը, ցեղասպանության հարցը, որի լուծման համար «պիտի քննարկենք ու սարքենք մեկ ընդհանուր կարծիք», եւ տնտեսական հարցը, ինչի մասին արդեն ասացինք սկզբում։ Քիչ ուշ պարոն Աբրահամյանը հիշատակեց նաեւ Ղարաբաղի հարցը, իսկ մշակութային կապերի ամրապնդումն էլ հուշեցին կողքից։ Եվ այսպես, Արա Աբրահամյանը ստեղծում է համահայկական մի օղակ, որի մեջ պետք է տեղավորվի ողջ աշխարհի հայությունն իր խնդիրներով։ «Իսկ բարոյական ի՞նչ իրավունքով է այս կազմակերպությունը (Ռուսաստանի հայերի միություն- Ռ. Ա.) դառնում համահայկական, եթե նրա ղեկավարը պաշտպանել ու պաշտպանում է մի մարդու (Ռ. Քոչարյանին- Ռ. Ա.), որին ողջ հայության գոնե կեսը չի ճանաչում որպես երկրի նախագահ» հարցին Արա Աբրահամյանի պատասխանը եկավ՝ «հյուսիսներից»։ «Մենք ստացել ենք ամենաբարձր բարոյական գնահատականը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՄԱԿ-ի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից,- ասաց նա։- Մեր բարոյական գնահատականն այն դիպլոմն է, որը մոտ օրերս կշնորհվի մեր կազմակերպությանը Ֆրանսիայում»։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու իրենց որոշումը գտնում են շատ ճիշտ ու այժմ էլ չեն փոշմանել, բնականաբար։ Թե ինչպես անցան ընտրությունները. «դա դուք էլ գիտեք, բայց նորաստեղծ պետության համար դա նորմա ա, չէր կարելի ուրիշ ձեւ լիներ»։ Պարոն Աբրահամյանն առաջ նայող մարդ է, ինչ եղել-չի եղել՝ «արդեն անցել ա, ու հետ չենք գնալու, պիտի ընդհանուր սեղանին նստենք ու տեսնենք, թե երկիրը ոնց զարգացնենք»։ Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին իրենց բողոքն արտահայտած ամերիկահայերի ցույցին, ապա Ա. Աբրահամյանը միանշանակ «անբարոյական» է համարում «այդ մարդկանց» ու այն, որ «մի այլ երկրի քաղաքացի դուրս գա փողոց ու համաձայնություն հայտնի կամ չհայտնի»։ Ուստի եւ հետեւաբար. «Մենք թույլ չենք տա Ռուսաստանում, որ մարդիկ (նկատի ունի՝ հայերը- Ռ. Ա.) դուրս գան փողոց ու հայտարարեն իրենց այդ պետության համաձայնության լինել կամ չլինելուն» (՞)։ Իսկ ինչպե՞ս թույլ չեն տա։ «Հանդիպում ենք ժողովրդի հետ, լեկցիաներ ենք կազմակերպում, թե ինչ է նշանակում ցույց անել, մեր ժողովրդի համար դա շատ վատ հետեւանքներ կարող ա ունենա»,- այս ասելով, պարոն Աբրահամյանը զգուշացրեց բոլորիս, որ միջազգային կազմակերպություններից մեծ կախվածություն ունեցող փոքր երկիր ենք, ու եթե մեզ «ցուցարարի» կեցվածքով պահենք, կարող է եւ զրկվենք մեզ պահող «կախման կետերից»։ Մեկ այլ հարցի պատասխանելով, Արա Աբրահամյանն իր միության ամենամեծ նվաճումը համարեց այն, որ ՌԴ-ում արդեն հային տարբերում են վրացուց կամ ադրբեջանցուց։ Պարոն Աբրահամյանին խնդրեցինք մեկնաբանել վերջին ամիսներին շրջանառվող լուրերն այն մասին, որ «Պրոմեթեւս» հեռուստաալիքի կապուղին եւ հեռուստաընկերության տարածքն ու գույքը վաճառվել են Ռուսաստանի հայերի միությանը։ Հիշեցնենք, որ 1999 թվականից գործող «Պրոմեթեւսը» մինչ օրս եթերում է մոսկվացի հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանի շնորհիվ։ Իսկ նախագահական ընտրություններից անմիջապես հետո կրկին նրա ներդրումներով վերագործարկված Վանաձորի քիմիական գործարանը դարձավ «Գրանդ հոլդինգի» սեփականությունը, այժմ էլ խոսք է գնում հեռուստաալիքի վաճառքի մասին։ Սակայն պարոն Աբրահամյանը հերքեց լուրն, ասելով՝ «առաջին անգամ եմ լսում այդ մասին, այդպիսի առաջարկ ինձ չի եղել առայժմ»։ Այդ «առայժմ»-ը ճշտելու նպատակով դիմեցինք «Պրոմեթեւս» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սամվել Մայրապետյանին։ Նա նույնպես հերքեց լուրը, տեղեկացնելով, որ «դրանք ասեկոսեներ են, ոչ այդպիսի հարց կա, ոչ էլ՝ պրոցես»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել