Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱ ՄԵ՛Ր ԳՈՐԾՆ Է

Մարտ 28,2003 00:00

ԴԱ ՄԵ՛Ր ԳՈՐԾՆ Է Իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներն այսօր մրցակցության մեջ են մտել, թե Սփյուռքի որ շրջանակներն են աջակցում եւ որոնք տանել չեն կարող իրենց սիրելի կամ, համապատասխանաբար, չափազանց չսիրելի Քոչարյանին: Թե մեկը, թե մյուսը, անկեղծ ասած, իմ սրտով չէ: Բնականաբար, Արա Աբրահամյանը կամ Լեւոն Չախմախչյանը կարող են շնորհավորել իրենց կարծիքով՝ ընտրված /իմ համոզմամբ՝ չընտրված/ նախագահին որպես օտարերկրացիներ: Նույն Արա Աբրահամյանը, արտասահմանցի գործարար լինելով, պետք է լիակատար հնարավորություն ունենա այստեղ իրականացնել իր բիզնես-ծրագրերը: Բայց նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարություններ անել, իբր «մենք՝ Ռուսաստանի հայերս պաշտպանում ենք» գործող նախագահի թեկնածությունը, դա արդեն թե՛ օրենքի, եւ թե՛ բարոյական նորմերի խախտում է: Պաշտպանեք Պուտինին կամ Զյուգանովին: Մեզ հետ ի՞նչ գործ ունեք: Հիմա էլ Լոս Անջելեսում մեր հայրենակիցները հակաքոչարյանական հանրաhավաքներ են անցկացնում: Այդ ակցիաների մասնակիցները կա՛մ ԱՄՆ քաղաքացիներ են, կա՛մ green card ունեցող եւ չունեցող մեր համաքաղաքացիները: Երկու տարի առաջ Գլենդելում համոզվեցի, որ հատկապես նոր տարագիրների շրջանակներում իսկապես գերիշխող են «ընդդիմադիր» տրամադրությունները: «Ընդդիմադիր» բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ նախկին հայաստանցիներից շատերի համար Հայաստանի իշխանությանը հակադրվելը որեւէ կապ չունի քաղաքական հայացքների հետ: Դա ավելի շուտ հոգեբանական բարդույթ է. ավելի հեշտ է ապրել՝ նախկին հայրենիքիդ մասին բացասական բաներ ասելով կամ լսելով՝ այդպիսով ինչ-որ չափով արդարացվում է իրենց արտագաղթը: Ենթադրում եմ, որ ոչ ոք չի կասկածում ինձ՝ Քոչարյանի նկատմամբ որեւէ համակրանք ունենալու մեջ: Բայց համակրել կամ չհամակրել կարող ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մարդիկ, որոնք այստեղ ապրում են, ոչ թե «տուրիստ են գալիս», կամ էլ ապրում են դրսում, բայց ցանկանում են հաղթել հայրենի հողում: Իհարկե, հին ու նոր սփյուռքահայերի համար դա տհաճ է լսել /«չէ՞ որ մենք հայ ենք, Հայաստանի համար սրտներս ցավում է»/, բայց, կարծում եմ, հարցն այստեղ պետք է շատ կտրուկ դրվի: Ուզո՞ւմ եք մասնակցել մեր ներքին հասարակական կյանքին, ապրեք Հայաստանում, դարձեք ՀՀ քաղաքացի, եւ այդ դեպքում փառաբանեք կամ պախարակեք՝ ում ուզում եք: Դա արդեն ձե՛ր գործը կլինի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել