Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունք էլ կա՝ ցուցմունք է՞լ

Մարտ 28,2003 00:00

Ցուցմունք էլ կա՝ ցուցմունք է՞լ Դատախազության հետ թեւ թեւի տված աշխատող լրատվամիջոցներից մեկը դեռ մարտի 19-ին տեղեկություն էր տարածել, թե «դատարանում կալանքի սանկցիայի հարցի քննարկման ժամանակ Արմեն Սարգսյանն իր դատապաշտպան Ռոբերտ Գրիգորյանի ներկայությամբ խոստովանել է, որ իմացել է, թե ովքեր են սպանել Տիգրան Նաղդալյանին»: Նույն օրը հիշյալ տեղեկությունը փորձել էինք ճշտել փաստաբան Ռ.Գրիգորյանի հետ: Վերջինս տեղեկատվության բովանդակությանը ծանոթանալուց հետո նախ՝ զարմացավ, ապա՝ հայտարարեց, թե նման բան տեղի չի ունեցել, եւ Արմեն Սարգսյանն այդօրինակ հայտարարություն չի արել: Բայց ամենաուշագրավը հետո էր լինելու: Այս հրապարակումից միայն վեց օր անց հարցաքննության ժամանակ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 30-ին, ասել է թե՝ Տ.Նաղդալյանի սպանությունից հետո, այս գործով կալանավորված «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանը բիզնեսի համար իրենից փող է խնդրել: Իսկ «Ապերի» հարցաքննության ինչ-ինչ դոզավորված չափաբաժիններ, որ ժամանակ առ ժամանակ հեռարձակվում են Հանրայինի կապույտ եթերից, այդ թվում՝ երեկ, պարզ դարձավ, որ այդ հարցաքննությունն էլ, Ա.Սարգսյանին առնչվող որոշակի մանրամասնությամբ, տեղի է ունեցել միայն մարտի 23-ին: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն ու մամուլը վաղօրոք է իմանում, թե՛ «Ապերի» ցուցմունքի մոտավոր բովանդակությունը, թե՛ Ա.Սարգսյանի: Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, աննախադեպ երեւույթ էր. այս գործով կալանվածների հարցաքննությունը, ըստ էության, հատուկ թողարկմամբ հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ: Մնում է, որ այսուհետ շարժական հեռուստակայանը հանգրվանի Գլխավոր դատախազության պատերի տակ՝ քրգործով հարցաքննվողների ցուցմունքներն ուղիղ եթերով հասարակությանը հրամցնելու համար: Դա ավելի ազնիվ կլինի՝ գոնե մարդկանց ցուցմունքները չմոնտաժելու երաշխիքի տեսանկյունից: Թե չէ երեկ մոնտաժի պրիմիտիվ հնարքով փորձ արվեց տպավորություն ստեղծել, թե որպես Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուի՝ Ա.Սարգսյանի դեմ «Ապերի» տված ցուցմունքը, մասնավորապես, իբր, Տ,Նաղդալյանի սպանության համար խոստացված գումարի շուրջ սակարկելու մասով, հաստատում է նաեւ ինքը՝ Ա.Սարգսյանը: Մինչդեռ ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած կադրերից պարզ էր միայն այն, որ Ա.Սարգսյանից ինչ-որ գործի համար 100 հազար դոլար էին ուզել, ու Ա.Սարգսյանն էլ զարմացել էր, թե էդ ի՞նչ գործ է, ի՞նչ բիզնես, որ այդքան գումար են ուզում: Երեկ հասկանալի դարձավ նաեւ, որ Ա.Սարգսյանը էլի մի քանի անգամ այդ մարդկանց փող է տվել, ընդհանուր հաշվով՝ 75 հազար դոլար: Բայց նրա՝ ո՛չ երեկ հեռարձակված մոնտաժված ցուցմունքում, ո՛չ գրավոր ցուցմունքում, ինչպես երեկ էլ պնդեց փաստաբան Ռ.Գրիգորյանը, խոսք անգամ չի եղել, թե Ա.Սարգսյանը պատվիրել է Տ.Նաղդալյանի սպանությունը եւ դրա համար վճարել է: «Ա.Սարգսյանը հիմա էլ է պնդում, որ ինքը Տ.Նաղդալյանի սպանությունը չի պատվիրել»,- երեկ հայտարարեց փաստաբան Ռ.Գրիգորյանը: Երեկ արդեն խոսակցություններ կային, թե իբր Ա.Սարգսյանն այդ ցուցմունքները տվել է դեղերի կամ հատուկ ներարկումների ազդեցության տակ: Թեեւ այսօրինակ կասկածները լուրջ համարվել չեն կարող, այդուհանդերձ, փորձեցինք դա եւս ճշտել պրն Գրիգորյանի հետ: Վերջինս կարծիք հայտնեց, թե իր պաշտպանյալն այդ իմաստով որեւէ բողոք չի ներկայացրել, տարօրինակ զգացողություններ չի ունեցել: Ցուցմունք տալիս Ա.Սարգսյանի մոտ որեւէ տարօրինակ վարքագիծ չի դրսեւորվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել