ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆԹԱՐԿՎԵՑԻՔ ԴՐՈՒԺԻՆՆԻԿԻՆ Հանրահավաքների մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կալանավորվում են գոյություն չունեցող երկրի՝ ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եւ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահը դեռ հրապարակավ հայտարարում է, թե այս գործերում չկան իրավախախտումներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը, որի 1801 եւ 182 հոդվածների հիման վրա այժմ վարչական պատասխանատվության են ենթարկվում հանրահավաքների եւ երթերի մասնակիցները՝ ընդունվել է 1985-ին: 1993-ից սկսյալ այս օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոշ հոդվածներ ավելացրել են, որոշները (օրինակ՝ «Իրեր ձեռք բերելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին հետամտելը» կամ «Տնային եղանակով պատրաստված թունդ ոգելից խմիչքներ ձեռք բերելը» հոդվածները)՝ վերացրել, բայց իր գաղափարախոսությամբ սա մնում է խորհրդային օրենք: Անգամ բազմակի կարկատված օրենսգրքի տեքստում են մինչ այժմ մնացել մեր այս պնդման ապացույցները: Այսպես. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ դրա խնդիրն է՝ «պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը», «ամրապնդել սոցիալիստական օրինականությունը», «քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը… եւ խորհրդային օրենքները ճշտիվ եւ անշեղորեն պահպանելու… սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու» ոգով: Այս եւ հետագա մեջբերումներն օրենսգրքի 2003-ի հրատարակությունից են: 2-րդ հոդվածով սահմանվում է, որ վարչական իրավախախտումների մասին ԽՍՀՄ օրենսդրությունը կազմված է «ԽՍՀՄ եւ միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներից», 3-րդ հոդվածով՝ որ այս օրենսդրության բնագավառում ԽՍՀՄ իրավասությանը ենթակա է, մասնավորապես՝ «ԽՍՀՄ տերիտորիան կարանտինային եւ այլ վարակիչ հիվանդություններ» բերելն ու տարածելը: Ըստ 9-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտում է համարվում, մասնավորապես՝ «սոցիալիստական սեփականության» դեմ ոտնձգությունը: Համաձայն 22 հոդվածի՝ վարչական տույժը կիրառվում է՝ «նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով»: Մեջբերումները կարող էինք անվերջ շարունակել: Սակայն այսքանն էլ է բավական՝ ապացուցելու համար, թե դժվար է որոշել՝ զավե՞շտ, անհեթեթությո՞ւն, թե՞ խայտառակություն կարելի է անվանել այն իրողությունը, որ իր անկախության տասնամյակը վաղուց բոլորած Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շարունակում են պատասխանատվության ենթարկել այս օրենսգրքով: Ընդ որում՝ միայն այժմ չեն «նորաձեւ» դարձել օրենսգրքի վերոհիշյալ՝ 1801 եւ 182 հոդվածները, որոնցով տուգանվում կամ տարբեր ժամկետներով կալանավորվում են ցույցերի մասնակիցները: Ըստ արդարադատության նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների՝ 2002-ին 1801 հոդվածով, այն է. «Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտումը», արձանագրվել է 62 իրավախախտում եւ 66 անձանց վերաբերյալ վճիռ է կայացվել. 56-ը տուգանվել են, 10-ը՝ կալանվել: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ չկա ՀՀ օրենքներով սահմանված նման կարգ: 182 հոդվածով՝ «Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը», 2002-ին արձանագրվել է 1087 իրավախախտում, 1103 անձանց վերաբերյալ որոշումներ են կայացվել, որոնցից 643-ին տուգանել են, 455-ին կալանավորել: Նախագահի նախորդ ընտրության ժամանակ՝ 1998-ին, այս նույն հոդվածով արձանագրվել է 1940 իրավախախտում, ընդսմին՝ 841-ին կալանավորել էին: Սակայն առեղծված է մնում՝ որտեղի՞ց են ինչպես այժմ, այնպես էլ 2002-ին կամ 1998-ին գտնում «ժողովրդական դրուժիննիկների», որոնց պահանջներին չարամտորեն չեն ենթարկվում ՀՀ քաղաքացիները: Ուշագրավ է նաեւ այն, որ անգամ խորհրդային այս օրենսգրքում բազմիցս՝ հոդված 23-ում, 31-ում, 1801-ում եւ այլն, նշվում է, թե վարչական կալանքը պիտի սահմանվի եւ կիրառվի «միայն բացառիկ դեպքերում»: Իսկ Հայաստանի Հանրապետությունում, որի Սահմանադրությամբ հռչակված է քաղաքացիների խաղաղ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքը՝ պարզվում է, դրանց մասնակցելը հենց «բացառիկ դեպք» է, ուստիեւ՝ ամեն հանրահավաքից կամ երթից հետո քաղաքացիներին զանգվածաբար կալանավորում են: Ի դեպ, ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 299 հոդվածի՝ վարչական կալանքի մասին որոշումն ի կատար է ածվում «ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով», իսկ ըստ 324 հոդվածի՝ վարչական կալանքի կրումն իրականացվում է «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով սահմանված կանոններով»: Նշենք նաեւ որոշ իրավախախտումներ, որոնք համառորեն չտեսնելու են տալիս նախագահին կից իրավապաշտպանները: Ըստ 245 հոդվածի, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի հանգամանքները պիտի համակողմանիորեն քննվեն եւ օբյեկտիվորեն պարզվեն: Մինչդեռ, ըստ վարչական պատասխանատվության ենթարկվածների՝ իրենց դատավարությունները տեւում են հազիվ մի քանի րոպե, որն ակնհայտորեն բավարար չէ համակողմանի քննության համար: Ըստ 249 հոդվածի՝ այս գործերը պիտի քննվեն դռնբաց: Մինչդեռ անգամ արդարադատության նախարարը հաստատեց, որ դատավարությանը մասնակցել ցանկացողների մուտքն այժմ սահմանափակվում է: 267 հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի «գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից»: Սակայն հանրավաքների եւ երթերի մասնակցելու համար պատասխանատվության ենթարկվածների այդ իրավունքը զանգվածաբար ոտնահարվում է, իսկ նախագահին կից իրավապաշտպանները դեռ պնդում են, թե այս օրենսգիրքը չի նախատեսում հատուկ կարգ, որ փաստաբանն անպայման մասնակցի: Եվս մի կարեւոր հանգամանք. վարչական պատասխանատվության ենթարկելու մի շարք որոշումներում դատավորները (ասենք. Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանից՝ Մ. Սիմոնյանը կամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանից՝ Պարգեւ Օհանյանը) նշել են, թե այն բողոքարկման ենթակա չէ: Մինչդեռ օրենսգրքի 289 հոդվածում նշվում է. «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է բողոքարկվել դատախազի կողմից»: Ի դեպ, այս օրենսգրքում «Ծայրահեղ անհրաժեշտություն» վերնագրված մի հոդված կա, ըստ որի՝ վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը զանցանքը գործել է «ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որ սպառնացել է պետական կամ հասարակական կարգին… քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով եւ, եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարեւորություն ունի»: Անգամ այս օրենսգրքի նորմերով առաջնորդվելու պարագայում՝ ակնհայտ է, որ 2003-ի նախագահի ընտրությունից հետո ստեղծված հակաժողովրդավարական ու հակասահմանադրական պայմաններում հանրահավաքների եւ ցույցերի մասնակիցները գործում են «ծայրահեղ անհրաժեշտության» վիճակում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ